«Հայաստանի իշխանությունները պետք է վերջապես արթնանան նոկդաունից և սկսեն գործով զբաղվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի էր ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների ու ջանքերի համակարգմանը։ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։
Այն, որ արցախյան պատերազմում Հայաստանի դեմ մարտերում կռվում էին սիրիացի վարձկաններ՝ ապացուցվեց թե՛ հայկական կողմի և թե միջազգային կառույցների ու մամուլի հրապարակումների հիման վրա։ Հայկական կողմը հաղորդել է նաև երկու սիրիացի վարձկանի գերեվարման մասին։ Եվ երեք վարձկանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Իրավապաշտպանի խոսքերով՝ հավաքագրված փաստերի հիման վրա հիմա Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի և՛ պատերազմի ժամանակ վարձկանների ներգրավվման, և՛ գերիների խոշտանգումների, և՛ պատերազմական այլ հանցագործությունների հիմքով ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց ներկայացնելու համար։ «Տեսեք, միայն նիդեռլանդական ինքնաթիռի ռմբակոծման և քաղաքացիական զոհերի հիմքով Հաագայի դատարանում Նիդեռլանդների կողմից պրոցես սկսվեց: Նմանապես, ՀՀ դատախազությունը բոլոր հիմքերն ունի այդ քրեական գործը հարուցելու ներպետական ատյաններում, ինչպես նաև միջազգային մարմիններում դատական գործեր հարուցելու համար: Դա պետք է հրատապ կարգով արվի: Իմ կարծիքով՝ առաջնահերթ ռազմագերիների հարցն է, բայց որևէ այլ բաղադրիչ, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառման, քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման գործերով: Այսինքն` բազմաթիվ հիմքերով կարելի է զուգահեռ գործեր հարուցել: Այս գործընթացի համար պետք է բոլոր ջանքերը գործադրվեն: Պետության նախաձեռնողականությունը շատ կարևոր է այս հարցում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ պատերազմի ելքը որևէ ձևով կապված չէ իրավական գործընթացների հետ: Հակառակը՝ իրավական գործընթացները պատերազմի հետագա ծանր հետևանքները կանխող նպատակ ունեն: Հետևաբար, նաև հետագայում ծանր հետևանքներ կլինեն, եթե հիմա Հայաստանը չնախաձեռնի իրավական գործընթացներ միջազգային դատարանում։ «Մենք չպետք է շարունակաբար մնանք մեկ կետից կախված վիճակում: Նախաձեռնողականությունը հիմա առավել քան պահանջված է: Ես հասկանում եմ այն նոկդաունի վիճակը, որում հայտնվեցին բոլորը, այդ թվում՝ իշխանությունները: Դրան, իհարկե, նպաստեց նաև, այսպես կոչված, իրենց ընդդիմադիր հռչակածների՝ իշխանությունը վերցնելու բլիցկրիգային փորձը, բայց, այնուամենայնիվ, իշխանությունը պարտավորություն ունի և պետք է կատարի դրանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Իրավապաշտպանի խոսքերով՝ հատկապես ահաբեկիչների ներգրավման մասով ապացույցները առավել քան բավարար են, քանի որ դրա մասին պատերազմի օրերին գրում էր ամբողջ միջազգային մամուլը։ «Խոսքը ոչ միայն վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին է խոսքը, այլև նրանց ներգրավման ուղղությամբ կատարված գործողությունների, որը կարող է լույս սփռել Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում նրանց ներգրավման ծավալների փաստի վրա:
Երևույթի մասին պատկերացումները ստացվում են հարցադրումների և դրանց տրվող պատասխանների միջոցով: Այնպես որ, միջազգային դատարաններում և միջազգային կառույցներում այս հարցը բարձրացումից հետո կարող են այդ կառույցների կողմից Ադրբեջանին և Թուրքիային բազմաթիվ հարցադրումներ տրվել, որոնց տրված պատասխանները կարող են արժեքավոր լինել: Պատասխանների բնույթից, հիմնավորվածությունից կամ չհիմնավորվածությունից հիմքեր են ստեղծվում»,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ եթե ՄԱԿ-ի միջազգային դատարանում անհերքելի ապացույցներ ներկայացվեն պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ, դա ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ադրբեջանի համար: Սաքունցի խոսքերով՝ դա միանշանակ կզսպի Իլհամ Ալիևի ագրեսիվ նկրտումները, որոնք շարունակվում են նաև պատերազմական գործողությունների դադարից հետո: Սրանից բացի, իրավապաշտպանի խոսքերով, միջազգային դատարանների որոշումները ունենում են նաև բավական մեծ քաղաքական ազդեցություն: Եվ հետո, մեր զրուցակցի խոսքերով, հենց միջազգային մեխանիզմների գործադրելն է, որը տվյալ իրավիճակում կարող է հանդիսանալ ՀՀ անվտանգության ձևավորման գործոններից մեկը: Հետևաբար՝ մեր իշխանությունները պարտավորություն ունեն ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ դուրս գալով ցայտնոտային ներկա վիճակից: «Միջազգային մեխանիզմները բավական լուրջ երաշխիքներ կարող են հանդիսանալ»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: