Ինչ ընթացք կստանա Ադրբեջանի հայտարարությունը՝ հայտնի չէ, բայց չեմ կարծում, որ պատահական էր, քանի որ ռազմագերիների խնդիրների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին տեղեկությունները միջազգային իրավապաշտպան կազմակարպություններին և միջազգային կառույցներին տեղեկացվել էր։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ` «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը:
«Իրական մեխանիզմը, որով կարող է այդ մտադրությունը իրականացվել, դա Միջազգային Կարմիր խաչն է, դեռևս միջազգային Կարմիր խաչից որևէ տեղեկություն չենք ստացել, որ Ադրբեջանական կողմից նման մեխանիզմ արդեն աշխատում է։ Մտադրության մասին հայտարարությունը և անմիջական գործողությունները խիստ տարբեր են»։
Իրավապաշտպանի խոսքով, եթե այդ մտադրությունը իրականցվի, սա նշանակում է, որ անկախ նրանից, թե մեզ մոտ քանի գերի կա, բոլորը բոլորի հետ փոխանակվում են, այսինքն՝ մենք վերադարձնում ենք մեզ մոտ եղած բոլոր գերիներին, իրենք վերադարձնում են իրենց մոտ եղած բոլոր գերիներին։
Իրավապաշտպանը պնդում է՝ հայկական կողմը մշտապես է շահագրգռված եղել գերիների վերադարձով, պարզապես դա կարող էր հնարավոր լինել, եթե ադրբեջանական կողմից այդ պատրաստակամությունը լիներ․
«Միջազգային Կարմիր խաչի կողմից, երբ կունենանք պաշտոնական հայտարարությունը, որ գերիների փոխանակման գործընթացը սկսվել է, կարող ենք վստահ լինել, որ այդ գործընթացը տեղից շարժվել է»։
Ադրբեջանի այս հայտարարությունից հետո ստացած հնարավոր ազդակների մասին տեղեկատվությունը փորձեցինք ճշտել նաև Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունուց, վերջինս նշեց, որ ողջունում են կողմերի պատասխանատվությունը, սակայն այս պահին որևէ հստակ պլանի հետ կապված որևէ մեկնաբանություն չունեն։
Հիշեցնենք՝ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը: