Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Դառնալով կրիմինալ խարդավանքի զոհը՝ Վիտալի Բալասանյանը՝ որպես քաղաքական գործիչ, իրեն բացառիկ անփառունակ ձևով է դրսևորում». Արթուր Սաքունց

September 6, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

- Պարո՛ն Սաքունց, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի իշխանությունների հասցեին բավական կոշտ գնահատականով է հանդես եկել։ Ինչո՞վ են պայմանավորված այս փուլում նման հայտարարությունները։

 

- Վիտալի Բալասանյանի հարցազրույցը ես դիտարկում եմ ոչ թե որպես Վիտալի Բալասանյանի տեսակետ, այլ դա գեներալի կողմից վերարտադրությունն է այն դիրքորոշումների և մոտեցումների, որոնք Հայաստանում ներկայացնում են ՀՀԿ-ական նախկին կարկառուն ներկայացուցիչները։ Մարդիկ, ՀՀԿ անդամ չլինելով, փորձում են ավելի շատ ՀՀԿ-ական երևալ, քան բուն ՀՀԿ-ական կարկառունները։ Եվ հիմնական թեզը, որն ընկած է այդ մոտեցման հիմքում, հետևյալն է՝ գնահատական տալ ՀՀ ներկա իշխանություններին՝ որպես հակապետականի։ Սա է հիմնական ասելիքը։

 

Ցավոք սրտի, նման գնահատականներին հնչեղություն տալու կամ հանրային ուշադրության կենտրոնում պահելու նպատակով հայաստանյան վերոնշյալ կարկառունները պատրաստ են նույնիսկ իրենց կեղտոտ խաղերի մեջ ներգրավել նրանց, ովքեր իրապես բավական մեծ ներդրում ունեն։

 

- Եվ հիմա Վիտալի Բալասանյանն այդ օրինա՞կն է։

 

- Ես համարում եմ, որ Բալասանյանն այդ՝ արտաքուստ քաղաքական, բայց իր բովանդակությամբ քրեական խարդավանքի զոհն է։ Այստեղ կա նաև մյուս երևույթը, որ այդ ՀՀԿ-ական կարկառունները, նաև իմ նշած ոչ ՀՀԿ-ական, բայց իրենց ավելի ՀՀԿ-ական ցույց տվողներն իրենց ատելության մեջ այնքան են կուրացած, որ Հայաստանի Հանրապետություն և Սերժ Սարգսյանի իշխանություն հասկացությունները բացարձակ նույնականացնում են։

 

Եվ այդ նույնականացմամբ, եթե չկա Սերժ Սարգսյանի իշխանություն, ապա ցանկացած իշխանություն, այդ թվում՝ նաև ժողովրդի կողմից լիովին լեգիտիմ ընտրված իշխանությանը համարում են հակապետական:

 

Այսինքն՝ այնքան են կուրացած Սերժ Սարգսյանի և ՀՀ նույնականացմամբ, որ, ելնելով այն թեզից, թե ՀՀ-ն կարող է գոյություն ունենալ միայն Սերժ Սարգսյանի իշխանության դեպքում, պատրաստ են նույնիսկ հակապետական գործողությունների դիմելու և պետության դեմ դուրս գալու՝ հանուն Սերժ Սարգսյանի իշխանության վերականգնման։ Այս փուլում, իհարկե, նույնիսկ իրենց տեսանկյունից անհեթեթություն է նման բան մտածելը, բայց կարծում եմ, որ նրանք նաև Սերժ Սարգսյանին հնարավոր պատասխանատվությունից ազատելու խնդիր են լուծում։

 

Դրա համար նրանք պատրաստ են ցանկացած միջոցի, այդ թվում՝ իրապես փառավոր անցյալ և Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցած գեներալի օգտագործման միջոցը։ Բայց գեներալը երևի թե քաղաքական առումով բավական հմուտ չէ, որպեսզի կարողանա այդ խարդավանքներն ընկալել։

 

Եվ ըստ էության դառնալով այդ կրիմինալ խարդավանքի զոհը՝ նաև որպես քաղաքական գործիչ՝ իրեն բացառիկ անփառունակ ձևով է դրսևորում։ Եվ իրապես փառավոր անցյալից դեպի անփառունակ ներկա վիճակում է հայտնվում Վիտալի Բալասանյանը։ Պատմությունից շատ քիչ դեպքեր են հայտնի, երբ գեներալները ներդրում կամ լուրջ դերակատարություն են ունենում քաղաքականության մեջ։

 

Ցավոք սրտի, Հայաստանում անկախության ժամանակաշրջանում, հատկապես Արցախյան ազատամարտից հետո, ժողովրդավարական ավանդույթների և կառավարման մշակույթի բացակայության պայմաններում գեներալները մշտապես դարձան քաղաքականության գործիքներ։

 

Եվ նրանք ամենևին դրական դերակատարություն չունեցան։ Եվ սա այդ տրամաբանության շարունակությունն է, երբ գեներալ Վիտալի Բալասանյանին ներգրավում են նման կրիմինալ խարդավանքների մեջ։ Սրա ողջ պատասխանատվությունը կրում են դրա հեղինակները, ովքեր բարբաջում են գեներալներին թիրախավորելու և հետապնդելու մասին։

 

Դա այն դեպքում, երբ հենց իրենք են իրենց գործիք դարձնելով՝ գեներալներին դնում նման անհեթեթ, ժողովրդավարական զարգացումների տեսանկյունից անբարենպաստ իրավիճակում։

 

Նորից եմ կրկնում, սա արձանգանք է ոչ թե գեներալ Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, այդ այդ կոնցեպտը կրողներին, որոնց մտքերի կրկնությամբ հանդես եկավ գեներալ Վիտալի Բալասանյանն իր հարցազրույցում։

 

- Նա նաև քննադատության է ենթարկել Հայաստանի կառավարության կողմից ՀԿ-ներին գումար հատկացնելու նախաձեռնությունը, որի շրջանակներում այդ ՀԿ-ները Արցախի ՏԻՄ ընտրություններում պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն։ Վիտալի Բալասանյանն ասում է, որ դա միջամտություն է Արցախի սուվերենությանը։ Արդյոք նման առաքելությունը կարելի՞ է Արցախի ներքին գործերին միջամտելու փորձ որակել, և ի՞նչ նպատակ ունի այս հայտարարությունը։

 

- Ելնելով այն թեզից, թե իբր Հայաստանում թավշյա հեղափոխությունը հակապետական է, այսինքն՝ ժողովրդի իշխանությունը համարում են հակապետական, նրանք նաև ժողովրդավարական զարգացումերն են համարում հակապետական։ Եվ այս առումով, երբ խոսք է գնում այն մասին, թե դիտորդական առաքելությունը միջամտություն է, սա հայեցակարգային առումով իր էությամբ նույնպես հակաժողովրդավարական է։

 

Ինչո՞ւ, որովհետև նույն Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների դիտորդական առաքելությունները՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական, մշտապես հանդիսացել են պետության ժողովրդավարական կարևոր ինստիտուտներից մեկը։ Եվ այդ մարդիկ քաջատեղյակ են, թե ի՛նչ դեր են ունեցել դիտորդական առաքելություններն ընտրությունները լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ գնահատելու տեսանկյունից։ Եվ մի անգամ ծպտուն չեն հանել, թե այդ դիտորդական առաքելությունները պետք է արգելվեն ՀՀ-ում։ Այսինքն՝ այստեղ նրանք վերստին արձանագրում են իրենց հակաժողովրդավարական բնույթը։

 

Ավելին, Արցախի հետ կապված մենք մշտապես ասել ենք ու պնդում ենք՝ անկախ նրանից, թե ով կընտրվի, կարևոր է, որ Արցախում տեղի ունենան ժողովրդավարական, ազատ և արդար ընտրություններ։ Սա է եղել հիմնական մոտեցումը, որի տեղի ունենալը կարող են արձանագրել հենց դիտորդական առաքելությունները։

 

Զարմանալի է, որ մինչ այս, հատկապես ԱՊՀ-ից, Ռուսաստանի Դաշնությունից եկած տարբեր դիտորդական առաքելություններին որևէ կերպ չեն անդրադարձել։ Նրանք, ի դեպ, եղել են ֆեյք դիտորդներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները որևէ նշանակություն չունեն։ Եվ փոխանակ խրախուսելու Արցախում ընտրությունների դիտարկմանը միջազգային կառույցների մասնակցությունը, ինչն Արցախը միջազգային սուբյեկտի մակարդակի բարձրացնելու ուղիներից մեկն է, նրանք հանդես են գալիս իրենց նեղ խմբային, կոռումպացված, կրիմինալ շահերի տեսանկյունից և փորձում են գնահատական տալ այդ դիտորդական առաքելությանը՝ նսեմացնելով նրանց իրական դերը։

 

Նրանք շատ լավ գիտակցում են, որ դիտորդական առաքելությունները որևէ կերպ չեն կարող դեր ունենալ ընտրության արդյունքների վրա, բայց կարող են նշանակություն ունենալ ընտրական գործընթացների վրա՝ ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու տեսանկյունից։ Եվ խոսքը այն կազմակերպությունների մասին է, որոնք նման փորձառություն ցույց են տվել Հայաստանում ընտրությունների ժամանակ։

 

Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Վիտալի Բալասանյանը վերարտադրում է Հայաստանում ՀՀԿ-ական կոռումպացված, հակաժողովրդավարական, հակապետական կլանի մոտեցումները։ Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են նաև խոչընդոտել Արցախում ժողովրդավարական զարգացումները։

 

Նրանք այն մարդու միջոցով են այդ դիսկուրսը բացում՝ հանձին Արցախի գեներալի, ով անխուսափելիորեն կարող էր հրահրել բացառիկ անառողջ դիսկուրս Հայաստան-Արցախ հարաբերությունների տեսանկյունից։

 

Ըստ էության, նրանք որոշ իմաստով հասան իրենց ուզածին, որովհետև այդ մասին որոշակի մեկնաբանություններ եղան։ Բայց, կարծում եմ, չպետք է տուրք տալ այդ ճղճիմ ու կրիմինալ խարդավանքին, որի նպատակը ոչ թե պետության ժողովրդավարությունն է, այլ ամեն գնով այս իշխանությանը դեմ դուրս գալը, թեկուզ պետության նսեմացման ու անվտանգության խարխլման գնով։

 

Այս իրավիճակը հաշվի առնելով՝ գեներալ Վիտալի Բալասանյանը երևի թե պետք է փորձի իր փառավոր անցյալը փրկել անփառունակ ներկայի վախճանից։

 

medialab.am

Դիտումներ՝ 905

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????