Factor.am-ի հարցազրույցը՝ ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
-Պարո՛ն Սաքունց, իշխանությունը հայտարարել է Ոստիկանության բարեփոխումների անցկացման մասին։ Ըստ ամենայնի, մինչև 2022 թիվը կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, որը կունենա նաև նախաքննական գործառույթ, կլինի նախարար և ոստիկանապետ, կստեղծվի Ազգային գվարդիա, որը կզբաղվի պետական պահպանությամբ, զանգվածային անկարգությունների կանխմամբ և խափանմամբ, կներդրվի դետեկտիվների ինստիտուտ։ Ձեր գնահատմամբ՝ ո՞ր դեպքում կհաջողի բարեփոխումը և ինչպե՞ս եք գնահատում առաջարկները։
-Այս փոփոխություններով Ոստիկանությունը դուրս է գալիս վարչապետի անմիջական վերահսկողությունից՝ որպես նախարարության կառուցվածքային միավոր, ոստիկանապետին նշանակում է նախարարը և պատասխանատվություն է կրում Ոստիկանության գործունեության համար։ Ինստիտուցիոնալ փոփոխությամբ լուծվում է նաև վերահսկողության խնդիրը։ Արդեն որպես կառավարության անդամ հաշվետվությամբ է հանդես գալու Ազգային ժողովի առաջ։ Սա ամենաբարձր ինստիտուցիոնալ փոփոխությունն է։ Ոստիկանության համակարգը ամբողջական փոփոխության է ենթարկվում։ Արձանագրենք, որ այս փոփոխությամբ օրակարգից հանվում է այն հարցերից մեկը, որ կառավարության ղեկավարը կամ սուպերվարչապետը հրաժարվում է իր կարևոր գործիքներից մեկից։
-Արդյոք դա երաշխավորո՞ւմ է, որ Ոստիկանությունը ոչ մի դեպքում քաղաքական պատվեր չի կատարի, ով էլ լինի վարչապետը և ինչպիսի բարի կամք էլ որ ունենա։
-Ձեր նշած խնդրի լուծման համար երաշխիք են հանդիսանալու պառլամենտական վերահսկողությունը, նաև՝ օրենսդրական կարգավորումները։ Օրինակ՝ պարեկային ծառայությունն իր մեջ ներառելու է պարեկապահակային և ճանապարհային ոստիկանության ծառայության, և մարդիկ ընտրվելու են բարեվարքության ամենաբարձր չափանիշների համապատասխանելու դեպքում, երբ կարևորվում է ոչ միայն իրավական գիտելիքները, կարողությունները, այլ՝ արժեքային համակարգը՝ ինչ սկզբունքների է դավանում անձը, որը հայտ է ներկայացնում Ոստիկանություն ծառայություն անցնելու։
-Հայաստանը գնում է հանրաքվեի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու անդամներին հեռացնելու հարցն է դրված։ Ձեր կարծիքը այս գործընթացի մասին՝ արդյոք ճի՞շտ որոշում է կայացրել իշխանությունը՝ լսելով նաև ընդդիմությունից եկող ձայները, թե սա ընթացակարգային խախտումներով է արվում։
-Ցավոք սրտի, ուշացած քայլերի ենք ականատես։ Այն, ինչին այսօր ենք ականատես, ժամանակին չարված քայլերի հետևանք է և կյանքն է ստիպում վիրահատական միջոցներով ինչ-որ խնդիր լուծվի։ Պետք է նախ լուծվեր նոր Սահմանադրության ընդունման հարցը, որից հետո՝ կձևավորվեին սահմանադրական մարմիններ։ Մերժվածները անընդհատ հղում են կատարում, թե բա՝ ամեն իշխանություն գալիս է իր Սահմանադրությունն է բերում, բայց կարևոր է նշել, որ սա պարզ իշխանափոխություն չէր, այլ՝ հեղափոխություն։ Եթե նախորդ Սահմանադրությունները գործեին, հեղափոխություն չէր լինի։
-ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը, որ նախկինում արդարադատական ոլորտն է ղեկավարել տարբեր նախագահների օրոք, ասում է, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի ու պետականության դեմ, և ինքը չի մասնակցելու «Ոչ»-ի քարոզչությանը․ «Ինքնին հարցադրումը՝ այո և ոչ, անթույլատրելի է և հակասահմանադրական»,- ասել է Հարությունյանը։ Ձեր գնահատմամբ՝ արդարացվա՞ծ է նման խիստ որակումը։
-Հանցագործություն էր Հայաստանին պարտադրելը 2015 թվականի ճգնաժամային Սահմանադրությունը։ Սա էր հանցագործությունը, որովհետև այդ Սահմանադրությունը հանցագործություն էր ինքին։ Այն, որ գործող Սահմանադրության տեսանկյունից ընթացակարգային նորմերը խախտված են, դա փաստ է, բայց ընթացակարգային մոտեցումներին հղում կատարելու մեղավորն էլ իշխանությունն է, որովհետև արդեն իսկ վերացրած պետք է լինեին այդ ընթացակարգերը սահմանող թե՛ Սահմանադրությունը, որը պարտադրված է, և թե՛ ԱԺ-ն։ Սահմանադրական դատարանի կազմի, նրա լիազորությունների ժամկետի փոփոխությունը այս Սահմանադարությունը որևէ տարբերակով թույլ չի տալիս լուծելու։ Դատարանը չի կարող իրեն վերաբերող հարցը լսել։ Ինքը փակուղային Սահմանադրություն է։
-Վերջին 40 օրում Զինված ուժերում մահացել է 12 զինծառայող, ընդ որում՝ ոչ մի զոհ հակառակորդի գնդակից։ Պարո՛ն Սաքունց, դատապարվա՞ծ ենք զոհեր ունենալ բանակում, ի՞նչ է անում բանակի ղեկավարությունը, որ նոր զոհեր չլինեն։
-Տեղյակ չեմ ինչ են անում։ Այն նույն ջանադրությունը, որ տեսնում ենք ՍԴ-ի, հանրաքվեի հետ կապված, ես ակնկալում եմ և պահանջում, որ պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը հանդես գան և դուրս գան հանրության առաջ և բացատրեն ամեն դեպքի պատճառները։ Բավական է և հերիք է կցկտուր ինչ-որ ձևակերպումներով կամ վարչապետի թիկունքում պատսպարվելով մնալ անպատասխանատու։ Դուք պարտավոր եք ժողովրդավարական և իրավական կանոններին համապատասխան հստակ պարզաբանումներով ներկայանալ ու բացատրել մահերի պատճառները։ Կամ ես պետք է ենթադրեմ, որ բան չունեմ ասելու, կամ թաքցնում եք, կամ՝ գործ չեք արել, բոլոր դեպքերում՝ դուք եք անմիջական պատասխանատուն։ 40 օրվա ըթնացքում 12 մահվան դեպքերի թիվ 1 պատասխանատուն Գլխավոր շտաբի պետն է, Պաշտպանության նախարարը, որից հետո վարչապետը պետք է որոշի՝ արդյոք այդ մարդիկ պե՞տք է պաշտոնավարեն, թե՝ չէ։ Չարձագանքելը, հարցերին չպատասխանելը դա պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է, որը հիմք է տալիս պնդելու, որ նման դեպքերը շարունակվելու են։ Ամեն դեպքի համար պատրա՞ստ եք պատասխանատվություն կրելու։ Հակառակորդի գնդակից մահացությունների նվազումը պետք է բերեր նաև զոհերի նվազում՝ պայմանավորված ներքին խնդիրներով։
-Տարիներ շարունակ պետական կառույցները բանակի խնդիրները բարձրացնողներին պետական դավաճանի պիտակ են կպցրել։ Վերջերս նման գնահատականով փայլեց նաև ԱԱԾ նախկին պետը։ Հրամանատարության բացթողումնե՞րն են ճակատագրական դեր խաղում, հանցագործությունների՝ չպատժելը, թե՞ այլ անլուծելի խնդիր կա։ Վարչապետն, օրինակ, ասում է՝ խնդիրը գենետիկ մակարդակում ուսումնասիրելու կարիք կա և կասկած անգամ չունի, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է։
-Քրեական ենթամշակույթը․․․ բայց ո՞ւմ, սպաների, թե՞ զինվորների։ Մեծ հարց է։ Ավանդական մոտեցումը ամեն ինչ բարդել զինվորների, ենթադրենք՝ մեր երիտասարդների 90%-ը քրեական ենթամշակույթով են ապրում, գնում են բանակ, բանակում սպաները քրեական ենթամշակույթի կրողնե՞ր են, թե՝ դրա դեմ պայքարողներ։ Բանակը, որը ռեժիմային հիմնարկ է, դուրս է գալիս՝ շարքային զինվորը պարտադրում է քրեական ենթամշակույթ չունեցող սպաների՞ն, զինվորը գնում է բանակ՝ հրամանի ներքո է, ինչ ձևի սպան կազմակերպում է ծառայությունը, այն ձևով էլ գնում է։ Եթե քրեական ենթամշակույթ կրողների հետ ախպերություն է անում, ո՞վ է մեղավոր, զինվո՞րը։ ԶՈՒ-ի կառավարման համակարգը մնացել է նախկինը։
Իսկ որտե՞ղ է ՌՈ-ն, նրա պետը։ Որտե՞ղ է ԱԱԾ-ն, էշի ականջում քնա՞ծ է, հերթական անգամ եմ ասում, չգիտե՞ն, և սրա մասին է հարցը։ Արձանագրվեց հենց ձեր տաղավարում, որ ահազանգ է եղել Վահրամ Ավագյանի դեպքի մասին, ո՞վ էր զբաղվելու ահազանգով։ Հենց փոքր միջադեպ է լինում, ՌՈ աշխատակիցները հայտնվում են, ՌՈ աշխատակիցները կամ չեն հայտնվել, կամ էլ հայտնվել են ու անգործության են մատնվել, որի պատասխանատվությունը իրենք են կրում։ Ինչո՞ւ է լռում Դավիթ Տոնոյանը, և ո՞նց կարող է Զինված ուժերը նման ՌՈ պետ ունենալ։