Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ևս հետաձգեց անցած տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Անդրեևիչ Ռազգելդիևին ռուսական 102-րդ ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի քննությունը:
Դատախազ Մարտիրոսյանը, որը նոր էր ներգրավված գործում․ նախորդ դատախազը գտնվում էր արձակուրդում, ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց նրա խնդրանքը՝ դատը հետաձգելով մարտի 19-ին։ Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արայիկ Զալյանը սակայն առարկում էր՝ նշելով, որ բողոքի նյութը մի քանի թերթ է և կարելի է ծանոթանալ երկու ժամվա ընթացքում։
Փաստաբանը դատախազության կողմից գործը ձգձգելու միտում է տեսնում, նա նշում է, որ դատախազը պատրաստված պիտի գար այսօրվա դատական նիստին։ Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, որին դատավոր Միսակյանը նախազգուշացրեց խոսել առանց դժգոհությունների, դատարանին դիմելիս ասել՝ «հարգելի դատարան», խոսելիս ոտքի կանգնել։ Վայրկյաններ տևած նիստից հետո, Անահիտ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն երեք անգամ քննիչն է կանչել, բայց այդպես էլ սպանության հանգամանքներից ոչինչ պարզ չէ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ