«ԵԽԽՎ-ի այդ զեկույցում արձանագրված են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն և օբյեկտիվ են և չպետք է դա դիտարկել ըստ քաղաքական նպատակահարմարության, որովհետև դատական իշխանության և ՍԴ-ի հետ կապված մտահոգություններն առկա են բոլորիս մոտ։ Մենք էլ մեր հերթին բազմիցս նշել ենք, որ ՍԴ-ի և ընդհանրապես դատական իշխանության հետ կապված կնճիռը պետք է հանգուցալուծվի բացառապես իրավական ճանապարհով։
Համազեկուցողների հայտարարության մեջ ընդամենը ամրագրված է և այո´, բոլորս էլ ընդունում ենք, որ ձևավորված մթնոլորտը լարված է և նպաստավոր չէ խնդրի լուծման համար, որի մեջ իր պատասխանատվությունն ունի թե´ Սահմանադրական Դատարանը, թե´ իշխանությունները, թե´, առհասարակ, դատական համակարգը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների այն հայտարարությանը, որով նրանք իրենց մտահոգությունն էին հայտնել «Հայաստանի վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև առկա բարձր աստիճանի լարվածության կապակցությամբ» և հորդորել էին իշխանության բոլոր ճյուղերին գործել իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ և հարգել այն, ինչպես նաև՝ անմեղության կանխավարկածը, իրենց գործողություններում և խոսքերում։
Արթուր Սաքունցի խոսքերով՝ այն, որ դատական իշխանության և ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության մակարդակը ծայրաստիճան ցածր է և այն, որ ՍԴ-ն ուղղակի անմիջական մասնակցություն է ունեցել նախկինում պետության զավթմանը՝ դա փաստ է։
«ԵԽԽՎ-ն իր այդ զեկույցում և իր գնահատականներում հաշվի է առել, որ հիմա մենք իրապես գտնվում ենք ավտորիտար կառավարումից դեպի ժողովրդավարական իրավական պետության անցման ժամանակահատվածում»,-նշեց իրավապաշտպանը։