44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային: Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:
Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում իր մասնակցության մասին Փաշինյանն ասել էր դեռ Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողովը կհրավիրի հունիսին․ «Կունենանք ելույթի և՛ հրապարակային, և՛ փակ հատված, բայց մեծամասամբ կլինի հանրային»,-հավելեց Քոչարյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ներկայանալու և հրապարակային ելույթ ունենալու մասին հայտարարությանը, նշեց․«Ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կտա, ուղղակի կասեմ հետևյալը՝ քանի որ մենք չունենք հանձնաժողովի վերջնական եզրակացությունը և քանի որ ամբողջական տեղեկատվություն չունենք, դժվար է, եթե չասեմ անհնար, մեկ ելույթի հիման վրա որևէ եզրակացություն կամ կարծիք կազմել 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ։
Ավելին, ես նույնիսկ կպնդեի, որ ոչ թե վարչապետի ելույթը լիներ հրապարակային, այլ նախևառաջ ապրիլյան պատերազմի զեկույցը լիներ հրապարակային, որն այդպես էլ չեղավ և երաշխիք լիներ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների զեկույցը լիներ հրապարակային, մանավանդ որ դա հանրային մեծ ուշադրության արժանի հարցեր են, և որպեսզի հանրությունը կարողանա քննիչ հանձնաժողովի կողմից համակողմանի և ամբողջական ուսումնասիրության հիման վրա ունենա օբյեկտիվ պատկեր»:
Սաքունցի խոսքով՝ այդ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն քիչ է եղել, բայց բոլորը սպասում են վերջնական արդյունքին. «Որպեսզի ունենանք դիրքորոշում և կարծիք, պետք է հենվենք զեկույցի վրա, իսկ զեկույցը պետք է հասանելի լինի հանրությանը։ Մարդիկ պետք է տեսնեն զեկույցը, բայց մինչև հիմա անգամ այդպես էլ չապահովեցին ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակայնությունը»:
Հնչող տեսակետին, թե չենք ունենա օբյեկտիվ բացահայտում և զեկույց, իրավապաշտպանն ասաց. «Ես չեմ ուզում ելնել այն կանխավարկածից, թե չի լինելու օբյեկտիվ զեկույց, մենք չենք ելնում նրանից, որ մեկ է՝ չեն ապահովելու օբյեկտիվությունը: Այնուամենայնիվ, հեղափոխությունից հետ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծվեց և իրականացրեց աշխատանքը։
Մենք պետք է շարունակենք պահանջել, որ և հրապարակայնացնեն ապրիլյան պատերազմի հանգամանքների հիման վրա զեկույցը և 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակային լինի։ Տվյալ դեպքում ծավալը բավական մեծ է և չեն կարող այդ կարճ ժամետում այդքան հսկայական աշխատանքներ իրականացնել»:
Սաքունցը նաև կոչ արեց իրենց ևս հրավիրել հանձնաժողով. «Թող հրավիրեն, ապրիլյանի ժամանակ էլ մեզ չհրավիրեցին, բայց մենք այդ հանձնաժողով մեր զեկույցներն ուղարկեցինք, 44-օրյայի հետ կապված զեկույցը դեռ չենք ուղարկել, բայց անպայման կուղարկենք»,-ընդգծեց նա:
Լրատվամիջոցը՝ 1in.am ։