Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մոսկվան իր զինծառայողի համար անվտանգության երաշխիք է ուզում. Ռուսական ռազմաբազան նորից ընդդեմ ՀՀ ինքնիշխանության

February 6, 2020

Լրատվամիջոցները մեր մասին | Ջուլիետա Ղուկասյան

Փետրվարի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։ Այս անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն. Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա. Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։ Նախորդ նիստերը ևս, հիշեցնենք,  տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյանի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝  փաստվում է, որ ռուսական կողմը համառորեն չի ցանկանում Ռազգիլդեևին ներկայացնել  Հայաստանի Հանրապետության դատական ատյաններին, քանի որ զինծառայողը  շարունակում է գտնվել իրենց վերահսկողության ներքո: «Սա արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ուղղակի փաստ է։ Եթե Մոսկվան Մարտի 1-ի հետ կապված նախկին պաշտոնատար անձանց ուղղակի հովանավորում է, իր պաշտպանության տակ է վերցնում, ապա տվյալ դեպքում ՀՀ քաղաքացու նկատմամբ ծանր հանցագործություն թույլ տված անձին իր պաշտպանության տակ է վերցնում ռուսական ռազմաբազայում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Ըստ Սաքունցի՝ ստացվում է, որ ռուսական բազան՝ հանձինս իր հրամանատարի և ՌԴ պաշտպանության նախարարության, իրեն դուրս է դնում ՀՀ Սահմանադրությունից ու ՀՀ օրենսդրությունից. «Արձանագրենք, որ գործում է  մեր պետության և Սահմանադրության  պահանջներից դուրս վարքագիծ։ Եվ նաև՝ հայ-ռուսական համաձայնագրի նորմերի կոպիտ խախտում է  թույլ տրվում։ Մենք ժամանակին բարձրացնում էինք հայ-ռուսական պայմանագրում ամրագրված նորմերի իրականացման մեխանիզմների հսկողության բացակայության մասին։ Եվ այս փաստը ցույց տվեց, որ իսկապես հայկական կողմը որևէ արդյունավետ մեխանիզմ չունի՝ պարտադրելու ռուսական կողմին կատարելու ռուս-հայկական պայմանագրով նախատեսված գործողությունը»։

 

Մեր զրուցակիցը կարծում է, որ սա ուղիղ մարտահրավեր է և անմիջական արձանագրում է այն փաստին, որ ռուսական բազան, նրա ղեկավարությունը գործում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների դեմ. «Եվ որի ապահովման պահպանման պատասխանատուն հանդիսանում են ՀՀ իշխանությունները՝ ի դեմս վարչապետի և Գլխավոր դատախազության։ Մենք բոլոր ջանքերը գործադրեցինք՝ այդ թվում դիմեցինք դատախազություն և քննչական մարմիններ, դատարան, որպեսզի ռուս զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց դատարանի որոշումը ապահովվի, և Ռազգիլդեևը կալանքը կրի Հայաստանի քրեակատարողական հիմնարկում։ Թե՛ ՀՀ դատախազությունը, թե՛ քննչական մարմինները և թե՛ դատարանը չապահովեցին ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված սկզբունքների անշեղ իրականացումը։ ՀՀ դատարանը չգտնվեց ՀՀ ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։ Սա ուզում եմ ամրագրել վարքագծի գնահատման տեսակետից»։

 

Իսկ այն պատճառաբանությունը, որ ներկայացնում է ռուսական ռազմաբազայի հրամանատարը, թե՝ չկա երաշխիք, որ ապահովված է իր զինծառայողի անվտանգությունը, ըստ իրավապաշտպանի՝ որևէ աղերս չունի իրականության հետ. «Ռուսական ռազմաբազայի սպաները, պայմանագրային զինծառայողները բնակվում են ռուսական բազայի տարածքից դուրս՝ Գյումրի քաղաքում, անվտանգ, ավելին՝ շատ դեպքերում հենց իրենք են վտանգում ՀՀ քաղաքացիների կյանքը, և մտացածին է անվտանգության երաշխիքի պահանջը։ Նրանք անվտանգ դուրս են գալիս բազայի տարածքից, շարժվում են Գյումրի քաղաքում, գնումներ են կատարում, իրենց ժամանակն են անցկացնում, ու երբևէ անվտանգության խնդիրներ չէին կարող առաջանալ։ Դատարանի նկատմամբ նման բացահայտ արհամարհական վերաբերմունքի հիմնավորումը նման մտացածին փաստարկներով խոսում է այն մասին, որ իրենք պարզապես ոչ թե գտնվում են ՀՀ ինքնիշխանության ու անվտանգության ապահովման դիրքերում, այլ բացառապես միայն Ռուսաստանի Դաշնության շահերից են ելնում ու այդ շահերի իրականացումն ապահովում են հակաիրավական ճանապարհով»։

 

Դիտարկմանը, թե Պերմյակովի մասնակցությամբ ոճրագործության ժամանակ մենք մեղադրում էինք նախկին իշխանություններին Ռուսաստանի վասալը լինելու, նրան ռուսական կողմին հանձնելու մեջ, ապա ի՞նչն է հիմա նորընտիր, բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություններին խանգարում այս հարցում պահանջատեր լինել, Արթուր Սաքունցն ասաց. «Եթե  նախկին իշխանության ժամանակ ՀՀ դատարանը հանձնվեց ռուսական բազայի տնօրինությանը, դատական նիստերը իրականացվում էին ռուսական բազայի տարածքում, ներկա իշխանության օրոք այս զինծառայողի գործով նիստերը որոշված է, որ անցկացվելու են Հայաստանի Հանրապետության դատարանում։ Սա արմատական փոփոխություն է։ Ներկա իշխանությունը ՀՀ դատարանը չի հանձնում ՌԴ տնօրինությանը կամ չի ենթարկեցնում նրա քմահաճույքներին, բայց դեռևս չի կարողանում ռուսական բազայի զինծառայողին բերման ենթարկել ՀՀ դատարան՝ ապահովելու դատաքննություն։ Այստեղ իհարկե պետք է նշել, որ կոնկրետ ոսկերչական ճշտության իրավիճակի արձանագրում է, որ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունը գտնվում է ինքնիշխանության դիրքերում, բայց դատարանը այդ դիրքերում չի գտնվում, երբ մերժում է նույնիսկ բերման ենթարկելու մասին միջնորդությունը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է շարունակի իր ջանքերը ռուսական կողմին ճանաչել տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ու դրան հարգալից վերաբերվելու ուղղությամբ»։

 

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը ստեղծված իրավիճակի հետ կապված իր վրդովմունքն է հայտնում: «Ես այս երևույթին խիստ բացասաբար եմ վերաբերվում։ Պերմյակովի օրոք էլ նշում էին, որ չեն հավատում, որ նրա անվտանգությունը կապահովվի, դրա համար ռուսական ռազմաբազայում պետք է դատական նիստերն անցկացվեն։ Ես նույնիսկ այդ ժամանակ չէի հավատում, որ ինչ-որ մեկը կարող է Պերմյակովին վնասել, ու զուտ դրա համար են դատական նիստերը ռուսական ռազմաբազայում անցկացնում։  Շատ տարօրինակ է այս հանցագործի վերաբերյալ դիրքորոշումը, վստահ եմ, որ հայկական կողմը կարող է նրա անվտանգությունն ապահովել՝ առանց լրացուցիչ ուժերի գործադրման։ Բայց ինչքան ես նկատում եմ՝ ռուսական կողմը փորձում է այսպիսի պատճառաբանություններով որքան հնարավոր է հետաձգել դատական պրոցեսը, բայց իմա՞ստը։ Դատական պրոցես անպայման պետք է լինի, և մեղավորն անպայման պետք է պատժվի, այդ կինը սպանվել է  դաժանաբար, ու բավականին ապացույցներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

 

Համբարյանն ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ Ռազգիլդեևն իր մեղավորությունը չի ընդունում. «Երևի պաշտպանության մեթոդներից մեկն է, որ ընտրել են հանցագործն ու նրան հովանավորող ռուսական կողմը։ Բայց եթե մենք խիստ քննադատում էինք նախկին իշխանություններին, որ շատ են հաշվի առնում մեր ռազմավարական գործընկերոջ շահերը, գնում են զիջումների, հիմա հարց է առաջանում՝ պարոն Փաշինյանն ու իր՝ նախկինում  հակառուսական պրոպագանդայով զբաղված թիմակիցները ինչո՞ւ են բերանները ջուր առել ու ձայն չեն հանում»։

 

Ըստ մեր զրուցակցի՝ սա ցույց է տալիս, որ եթե նախկինները Մոսկվայի հետ սիրախաղ էին տանում, նորերն ավելի հեռուն են անցել ու ավելի մեծ խնդիրներ են ստեղծում մեզ համար։

 

1in.am

Դիտումներ՝ 1027

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????