Այս օրերին Ռուսաստանը շարունակում է իր մեդիատեռորը Հայաստանի նկատմամբ։ Մասնավորապես, հակահայկական քարոզչություն և ապատեղեկատվություն է տարածվում ռուսական պետական ալիքներով բաց տեքստով, և առաջանում է հանրային պահանջ՝ արգելափակելու Կրեմլի քարոզչական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մենք շատ օրենքներով կաշկանդված ենք. «Եթե ապատեղեկատվություն է և դա ապացուցված է, պետք է սանկցիաներ կիրառվեն: Մենք բոլորին զգուշացրել ենք, որ այս լարված պահերին լրատվամիջոցները պրոֆեսիոնալ գործեն, չվնասելու կոչեր ենք արել, և հիմա մոնիտորինգ ենք անում, տեսնենք՝ ում համար է պետական շահն առաջնային: Եթե կա օրենքի խախտում, ապա պետք է հետևից նաև համապատասխան պատասխանատվություն:
Հասարակությունը պետք է հասկանա, որ այս ամենը կանոնակարգվում է օրենքով։ Մենք մոնիտորինգ ենք անում բոլոր հեռուսատալիքները առավոտից երեկո։ Այստեղ ամենակարևորը խոսքի ազատությունն է, և այստեղ նուրբ գիծ կա, որ առողջ բանավեճը և քննադատությունը տարբերակվեն ապատեղեկատվությունից»:
Ինչ վերաբերում է ռուսական ալիքներին, որոնք հեռարձակվում են Հայաստանում, Արթուր Մանուկյանը նշեց, որ Ռուսաստանի հետ միջպետական պայմանագրեր են գործում, հետևաբար բոլոր նման խնդիրները քննարկվում են ԱԳՆ-ում. «ՀՌՀ-ն չի կարող կոշտ արձագանքել ռուսական հեռուսաալիքներին, քանի որ դրա իրավասությունը չունի։ Մենք կարող ենք որպես քաղաքացի մեր վրդովմունքը, մեր զզվանքն արտահայտել այն մարդկանց հանդեպ, որոնք Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են որպես Արցախի Հանրապետություն և ցուցադրում իրենց տգիտություն:
Սա շատ ծիծաղելի կլիներ եթե այդքան ողբերգական չլիներ»,-ասաց նա:
Իր հերթին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ նոր բան չէ, որ ռուսական ալիքներում կան խտրականություն, ատելություն, էթնիկ պատկանելություն, ըստ քաղաքական հայացքների թշնամանք, պատերազմի քարոզ և նման սպառնալիքներ և այլն. «Այս խոսույթը նոր չէ, տարիներ շարունակ տեսել ենք, և դա տարածվել է նաև այլ պետությունների հասցեին։ Այնպես որ ավելի շուտ պետք է այդ հարցը բարձրացվեր: Առնվազն քաղհասարակության մակարդակով մենք բարձրաձայնել ենք այս հարցը։ Հստակ է, որ մեդիատիրույթում նման խոսույթի դեպքում առնվազն ՀՌՀ-ն կարող է գործուն կարգապահական կամ այլ բնույթի միջոցներ կիրառել։ Տվյալ դեպքում, գտնում եմ, որ Հայաստանում ռուսաստանյան հեռուստաալիքները դեռ վաղուց, Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիային հաջորդած շրջանում պետք է արգելեին, պետք է հետ վերցնեին լիցենզիան, այս խոսույթը հակասում է ՀՀ սահմանադրությանը, քանի որ ատելությունը, պատերազմի քարոզը արգելվում է ՀՀ-ում։ Դա չի տեղավորվում խոսքի ազատության շրջանակներում և նման ԶԼՄ-ի գործունեությունը չի կարող պաշտպանված լինել որևէ կոնվենցիոն նորմով»,-ասաց նա:
Անդրադառնալով վերջին օրերին ռուսաստանյան հեռուստաալիքներում հակահայկական դիրքորոշումների առատությանը, Սաքունցն ասաց. «Սա հերթական անգամ ագրեսիայի դրսևորում է այդ լրատվամիջոցների կողմից, որոնք վաղուց համարվում են Պուտինի քարոզչամիջոցները: Վաղուց Ռուսաստանում ազատ խոսք, ոչ ատելության, ոչ պատերազմի խոսք կամ կարծիք ներկայացնող ԶԼՄ-ները գոյություն չունեն:
Բնականաբար, ռուսական ալիքների արգելումը քաղաքական որոշման արդյունքում պետք է լինի, բայց անկախ քաղաքական որոշումից, ՀՌՀ-ն պարտավոր է օրենքով շարժվել, օրենսդրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անել: Այլ բան է, որ իշխանությունն իր դիրքորոշումը պետք է հստակ հայտարարի, որ անթույլատրելի է համարում նման խոսույթը, և որ իր քաղաքացիներին պետք է պաշտպանի ատելություն և խտրականություն խոսույթից։ Հայաստանի իշխանությունները արդեն բավարար երկար ժամանակ պետք է հստակ և սկզբունքային դիրքորոշում ներկայացնեին ժողովրդավարական արժեքի և ինստիտուտների պաշտպանության դիրքերից, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ զիջումների գնալ հակաժողովրդավարական ռեժիմների հետ»,-ընդգծեց Սաքունցը: