«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որն առնչվում է հոկտեմբերի 8-ին «Լայվ նյուզին» Վիտալի Բալասանյանի տված աղմկահարույց հարցազրույցին։ Կուսակցությունն, ընդգծելով իրավապահ մարմինների, իրենց բնութագրմամբ, անգործությունը՝ նշում է, որ այս ընթացքը բավարար էր հետևյալ բովանդակությամբ հայտարարություն տարածելու համար.
«ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 9-րդ կետերի, 34-305-րդ հոդվածի և 224-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու և ավելի անձանց՝ ահաբեկչությամբ զուգորդված սպանության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստության և այդ նպատակով օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելու կամ դրանց մասնակցելու համար: Հաշվի առնելով նախապատրաստվող ենթադրյալ հանցագործությունների առանձնապես ծանր բնույթը՝ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նկատի ունենալով, որ Վիտալի Բալասանյանը խուսափում է քննությունից և հրապարակային հայտարարություններ է կատարել նախաքննության մարմիններ չներկայանալու վերաբերյալ, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ձեռնարկված-օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիտալի Բալասանյանը հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքում և արդեն կալանավորվել է: Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցներ են ձեռնարկվում նրա հետ միասին առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նշված արարքները կատարելու մեջ մեղավոր այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խնդիրը դիտարկելով ավելի լայն համատեքստում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Խնդիրը ոչ միայն Վիտալի Բալասանյանին է վերաբերում, այլև քաղաքական դաշտում խոսքի պատմույթի բնույթին, երբ խոսքը կառուցելու ժամանակ որպես փաստարկ կարող են օգտագործել նաև սպառնալիքները։ Դա, ցավոք սրտի, վերջին 30 տարվա ընթացքում ամենատարբեր պայմաններում ու քաղաքական տարբեր իրավիճակներում պարբերաբար կրկնվում է ու կարծես թե համարվում է կարևոր քաղաքական ուղերձ, վերաբերմունք ու դիրքորոշում»։
Ըստ մեր զրուցակցի՝ առաջին պատասխանատուն իշխանություններն են, որոնք քաղաքական գործընթացներում որպես միջոց օգտագործել են ուժը, ուժային մեթոդները. «Ցավոք սրտի, հրաժարվել են քաղաքական գործիքներից ու ուժը կիրառել են հիմնականում ընտրական գործընթացներում՝ ապահովելու իշխանության վերարտադրությունը։ Ավելին՝ ուժային գործոնը նաև որոշիչ է եղել քաղաքական իշխանության խնդիրները լուծելու համար՝ թե՛ պալատական հեղաշրջումների և թե՛ տարբեր գործողությունների ժամանակ։ Երբ իշխանությունները կիրառել են ուժային մեթոդները որպես քաղաքական խնդիրների լուծման միջոց, ապա հանրության մոտ թողել են այնպիսի տպավորություն, որ այլ միջոցները չեն կարող արդյունավետ լինել։ 1996 թվականին նույն կերպ եղավ, 1998-ի պալատական հեղաշրջումը նույնպես դրա դրսևորման հետևանք էր, 2003-ին նույնպես ուժային մեթոդ կիրառվեց։ Այսինքն՝ ազգային մակարդակի բոլոր ընտրություններում ուղեկցող մեթոդ է եղել ուժայինը, կրիմինալ մեթոդները, որոնք որպես սպառնալիք են օգտագործվել ընդդիմության, ընտրողների նկատմամբ։ Ու այս տխուր օրինաչափությունն իր ավարտն ունեցավ 2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ցույց տրվեց, որ իրավիճակը կարելի է փոխել ու իշխանության հասնել բացարձակապես ոչ բռնի, խաղաղ մեթոդներով, համաժողովրդավարական ապակենտրոնացված բողոքի ցույցերի միջոցով։ Չնայած այդ ժամանակ էլ եղան ապօրինություններ՝ ուժային մեթոդների կիրառմամբ, բայց այնուամենայնիվ առաջին անգամ այդ ապօրինի ուժային մեթոդների կիրառմանը չհակադարձեցին ուժային մեթոդներով։ Դա շատ կարևոր ձեռքբերում էր Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի քաղաքական գործիչների համար։ Այս ձեռքբերումը պետք է ուղենիշ լինի բոլոր պատմվածքների, խոսակցությունների ժամանակ»։
Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ կարող են լինել քննադատություններ, որոնք ընթացքում կօգտագործվեն կոշտ բառեր, բայց սահմանն այլևս պետք է գծված լինի. «Ուժային մեթոդները, սպառնալիքները, այդ թվում՝ զենքի միջոցով խնդիրների լուծման տարբերակը, պետք է քաղաքական, իրավական տեսակետից համարվեն ոչ լեգիտիմ։ Կրկնում եմ՝ ձևավորվել է մի իշխանություն, որն արդյունք է հենց ոչ ուժային մեթոդների կիրառման, և սա կարևոր մեկնակետ է, որը պետք է ընդունել հիմք ու պատասխանատու լինել այդ ձեռքբերման նկատմամբ։ Բոլոր այն փորձերը կամ հայտարարությունները, որոնք նոր թավշյա հեղափոխությունից հետո կարող են գործածվել վերաբերմունքի, դիրքորոշումների արտահայտման ժամանակ, պետք է դուրս չգան վերը նշված տրամաբանությունից։ Ի վերջո՝ կարողացանք հաղթահարել նաև քաղաքական հարթակում ուժային մեթոդների սպառնալիքի կիրառումը, դա արատավոր գործելակերպ էր, ու հիմա պետք է մաքուր էջից սկսել։ Այստեղ պատասխանատվությունը թե՛ իշխանության և թե՛ իրենց ընդդիմություն հռչակած ուժերի վրա է ընկնում՝ խնդիրները լուծելիս իրենց դիրքորոշումներում ղեկավարվել բացառապես առանց զենքի, առանց ուժային մեթոդների կիրառման»։
Միևնույն ժամանակ իրավապաշտպանն արձանագրում է՝ աղավաղված է եղել ամբողջ քաղաքական դաշտը, չի եղել քաղաքական բանավեճ. «Այնքանով, ինչքանով դա տեղավորվել է իշխանությունն իրականացնող ռեժիմի թույլտվության շրջանակներում։ Իշխանությունը Հայաստանում չի խորշել ուժային մեթոդների կիրառումից, որի հետևանքները մենք տեսել ենք, ուժային մեթոդները պետք է առաջացնեին նույն մեթոդների հակազդեցություն։ Բայց հիմա փոխվել է իրավիճակը, ու պետք է փոխել մտածելակերպը։ Պետք է դատապարտվեն ցանկացած այն դրսևորումները, խոսքը, որոնք կկառուցվեն ուժային մեթոդներով հարցեր լուծելու տրամաբանությամբ։ Իրավական պատասխանատվության հարցը լուծում չի կարող հանդիսանալ։ Դա արդյունավետ չի կարելի համարել, երբ ամեն նման սպառնալիքին հետևի քրեական պատասխանատվության հարցը, ավելի շատ պետք է քաղաքական գնահատական տրվի»։