Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ, որի շրջանակներում շահառուներին տրամադրված իրավաբանական աջակցության արդյունքում վերականգնվեց ևս մեկ անձի աշխատանքային իրավունք։
Քաղաքացի Ս․ Ա․-ն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ս․ Ա․-ն 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 23-ն աշխատել է «Սասստեքս» ՍՊ ընկերությունում՝ որպես կարող բանվորուհի։ 2019 թվականի փետրվարի 23-ին Ս․ Ա․-ն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի հիման վրա։
Ս․ Ա․-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս «Սասստեքս» ՍՊ ընկերության կողմից չէին պահպանվել աշխատանքային օրենսդրության պահանջները, կազմակերպությունը Ս․ Ա․-ի հետ չէր կատարել վերջնահաշվարկ, որպիսի պայմաններում Ս․ Ա․-ին մասամբ էր վճարվել 2019 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, չէր վճարվել փետրվար ամսվա աշխատած օրերին համարժեք աշխատավարձը:
Գործի ուսումնասիրությունից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում՝ «Սասստեքս» ՍՊ ընկերությունից հօգուտ Ս․ Ա․-ի չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին։
2019 թվականի դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռով բավարարվել է ներկայացված հայցը։ Մասնավորապես՝ դատարանը գտել է, որ իրավաչափ է հայցվորի պահանջը, որի մասով արձանագրել է, որ Ս․ Ա․-ին վճարման ենթակա գումարի նկատմամբ ենթակա է հաշվարկման նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուժանքը՝ աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով՝ սկսած աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պահից մինչև պարտավորությունների կատարման օրը։