Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արդարադատության մատչելիությունը սահմանափակող նախագիծը պետք է չընդունել

February 23, 2021

Գործունեություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2021 թ․ փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի թիվ 13 նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ 

 

Նախագծով նախատեսվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գործող դրույքաչափերը միջինում ավելացնել մինչև չորս անգամ։  Դրույքաչափերի ավելացումը, ի թիվս այլնի, հիմնավորվում է այն փաստարկներով, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցում են դատարանի կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները, գործող դրույքաչափերը չեն արտացոլում երկրի սոցիալ-տնտեսական հարաբերությունների առկա իրավիճակը, և դատարանները անհիմն ծանրաբեռնված են։ 

 

Համեմատած գործող կարգավորումների՝  դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, սնանկության դիմումների համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը բարձրացվել են այնչափ, որ կասկածի տակ է դրվում դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների արժեքաբանական նշանակությունը։

 

Այսպես՝ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է պետական տուրքի չափ՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից, այսինքն՝ գործող կարգավորման համեմատ նվազագույն չափը ավելացվել է 4 անգամ, ինչը, մեր կարծիքով,  խոչընդոտ է հանդիսանում փոքր դրամական հայցապահանջներով հայցադիմումների ներկայացման համար և հետապնդում է նշված հայցապահանջներից «ազատման» նպատակ։ Ոչ դրամական պահանջներով դատարան ներկայացվող հայցադիմումի համար նախատեսվել է բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի վճարման պարտավորություն, ինչը, գործող կարգավորման համեմատ, ավելացվել է շուրջ 5 անգամ։ Նման ավելացումներ նախատեսվել է նաև վերադաս դատարաններ ներկայացվող բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերի նկատմամբ։ Վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի ինքնուրույն դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ։ Ստացվում է, որ համեմատած նախկին կարգավորման, եթե անձը ձեռնամուխ էր լինում երեք ատյաններում իր իրավունքների դատական պաշտպանությանը՝ դրամական պահանջ ներկայացնող հայցապահանջով, ապա պարտավոր էր վճարել հայցապահանջի ընդամենը 8 տոկոսը, իսկ ներկայիս կարգավորումների դեպքում՝ 12 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար` բազային տուրքի տասնապատիկի փոխարեն 30-ապատիկը։

 

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը (10 հուլիսի 2018 թվականի ՍԴՈ-1423): 

 

Դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքի չափը ուղղակի կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության իրավունքի տարր համարվող դատարանի մատչելիության սահմանադրաիրավական սկզբունքից, որի հաշվառմամբ պետական տուրքի չափազանց բարձր շեմը դիտարկվում է որպես «գործնական հնարավորության բացակայություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին», վերածվում է իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի, խաթարում է արդար դատաքննության իրավունքի բուն էությունը և  կարող է հանգեցնել արդարադատության մատչելիության սկզբունքի խախտման։ Ավելին՝ այն իրենից ներկայացնում է պայման, որը ոչ թե՝ ստորադասվում, այլ գերակայում է դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքների նկատմամբ։ 

 

Բացասական ենք գնահատում Նախագծով սահմանված պետական տուրքի բարձր դրույքաչափերի նախատեսումը այն հիմնավորմամբ, որ  պետական տուրքի բարձր դրույքաչափերը, ինչպես նաև պետական տուրքի նվազագույն սահմանաչափերի ավելացումը խախտում են արդարադատության մատչելիության իրավունքը, հետապնդում են դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ և դատական պաշտպանության իրավունքը դարձնում ֆինանսապես «անհասանելի»։ 

 

Հայտնում ենք, որ Նախագծի՝ արդարադատության մատչելիության իրավունքին խնդրահարույց լինելու վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել նաև ներքոնշյալ պետական մարմինները

 

✅Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական  փորձաքննության բաժին․ «Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, կարծում ենք, նպատակահարմար է պետական տուրքի դրույքաչափերի աստիճանաբար աճող մեխանիզմ սահմանել»:

 

✅Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (06.07.2020թ. թիվ ՍՊ//18456-2020 գրություն)․ «Նախագիծը կարող է խնդրահարույց լինել նաև արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսացող արդարադատության մատչելիության սկզբունքի ապահովման տեսանկյունից, ինչպես նաև Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ հստակ նշված չէ, թե դատարան ներկայացվող հայցերի և (կամ) բողոքների համար զգալիորեն բարձր պետական տուրքի չափ սահմանելը ինչով է հետագայում նպաստելու դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը»:

 

✅Գլխավոր դատախազությունը (10.07.2020թ. թիվ 04/20/16862-2020 գրություն) «Պետական տուրքը չպետք է բարձրանա այնքան, որ արդյունքում ոչ համաչափ սահմանափակվի կամ որոշ դեպքերում նույնիսկ արգելափակվի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի իրացումը»:

 

✅Պաշտպանության նախարարությունը (13.07.2020թ. թիվ ՊՆ/510/2183-2020 գրություն)«Առաջարկում ենք նախագիծը լրացուցիչ քննարկել Սահմանադրության 61-րդ և 78-րդ հոդվածների լույսի ներքո` նկատի ունենալով, որ պետական տուրքի չափերի էական բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ անձանց` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորության վրա, որի բաղկացուցիչ մաս է կազմում նաև դատարանների մատչելիության իրավունքը»:

 

✅Մարդու իրավունքների պաշտպանը (20.07.2020թ. թիվ 01/13.7/3288-20 գրություն)«Ստացվում է, որ նախագծային լուծումներով առաջարկվող դրույքաչափերը զգալիորեն մեծանում են, ինչն առաջ է բերում մտահոգություն առ այն, որ դրանք կարող են հանգեցնել անձանց՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման»։

 

✅Հայաստանի բանկերի միություն (Կենտրոնական բանկի 23.07.2020թ. թիվ 15.1-06/000675-20 գրության կից)

 

«Պետական տուրքի գործող դրույքաչափերի՝ Նախագծով նախատեսված ավելացումը մեծ չափերով, մեր կարծիքով կարող է սահմանափակել դատարան դիմելու իրավունքը, այսպիսի փոփոխությունը կարող է դիտարկվել որպես արդարադատության մատչելիության սկզբունքի էական թուլացում»:

 

Փաստաբանների պալատ (13.08.2020թ.-ի թիվ 01/01/1355-20 գրություն). «Էական ռիսկ է առաջացել, որ պետական տուրքի դրույքաչափերի բարձրացմամբ կսահմանափակվի անձի դատական պաշտպանության ներառյալ դատարանի մատչելիության իրավունքը՝ նվազեցնելով նաև երկրի իրավական անվտանգության մակարդակը»:

 

2020 թ․ հուլիսին ՀՔԱՎ-ը հրապարակել է Նախագծի վերաբերյալ դիրքորոշում։ 

 

Դիտումներ՝ 222

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????