Դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ոստիկանապետին պետք է աշխատանքից ազատել: Այսօր, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այս կարծիքին էր նաեւ Ավետիք Իշխանյանը, որը Հելսինկյան կոմիտեի նախագահն է: Հետաքրքրվել էինք՝ ինչպես են գնահատում այն փաստը, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վարչապետի կոչին քիչ թվով քաղաքացիներ արձագանքեցին, ի տարբերություն հանրահավաք հրավիրելու կոչերի պարագայում: Հարցրել էինք նաեւ, թե որքանով էին իրավաչափ այդ գործողությունները:
Արթուր Սաքունցը համամիտ չլինելով վարչապետի կոչին, ասաց, որ այդ օրը ոստիկանությունն անգործություն դրսեւորեց եւ իր պարտականությունները չկատարեց՝ կարգի հրավիրելու այն քաղաքացիներին, որոնք խոչընդոտում էին դատարանների բնականոն աշխատանքը: Ըստ պարոն Սաքունցի, բողոքի ցույցեր՝ պաստառներով կարելի էր անել, բայց դատարանների աշխատանքը կաթվածահար անել՝ չէր կարելի:
Սաքունցը կարծում է, որ ոստիկանությունը պետք է գտնվի Ազգային ժողովի վերահսկողության ներքո եւ այդ պարագայում ոստիկանապետ օսիպյանը ստիպված կլիներ գործել օրենքի շրջանակներում եւ, եթե, նույնիսկ վարչապետն այդպիսի կոչ աներ, ոստիկանները պետք է բացեին ճանապարհները, ինչը կլիներ իրավական պետությանը բնորոշ վարքագիծ: