Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք․ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

April 30, 2020

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

Իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում 15.04.2020 - 30.04.2020թթ. ընկած ժամանակահատվածում հանրային քննարկման է դրվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով նախատեսվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ  օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 48-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել հետևյալ լրացումը.

 

«Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի: Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ»։

 

Գտնում ենք, որ քննարկման դրված Նախագծով նախատեսված կարգավորումները վտանգում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պոզիտիվ պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ՀՀ կառավարության հանձնառությունները՝ փակ հաստատություններում  հանրային վերահսկողության ապահովման բնագավառում: 

 

Այսպես, Օրենքը սահմանում է ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության պահանջ, որը ենթակա է ապահովման  լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով (հոդված 47): Միաժամանակ, Օրենքի 48-րդ հոդվածով սահմանվում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, որում ներառված են համապատասխան վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող վերոնշյալ դիտորդները:

 

Առաջարկվող լրացման արդյունքում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման առկայության դեպքում՝ Օրենքով սահմանափակվում է, ի թիվս այլոց,  արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների իրավունքը՝ մեկուսի հաղորդակցվելու, ինչպես նաև տեսակցելու ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Մասնավորապես, նման որոշման առկայության դեպքում սահմանվում է բացառապես ձերբակալված կամ կալանավորված անձի հետ հաղորդակցվելու իրավունքը, որն իր հերթին չի կարող իրականացվել մեկուսի, իսկ տեսակցությունը կարող է տեղի ունենալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: 

 

Ակնհայտ է, որ հասարակական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև դիտորդներին՝ ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի և ելքի, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հետ անարգել, կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու իրավունքի վերապահումն ինքնանպատակ չէ. արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանումը հետապնդում է առաջին հերթին խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի  կանխարգելման և բացահայտման նպատակ, այն ունի առավելապես պրոակտիվ բնույթ, դրա իրականացումը չի կարող կախված լինել որևէ մարմնի կողմից նախնական թույլտվություն տալու հանգամանքից, ինչն ապահովում է չհայտարարված այցերի կատարման և խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կանխման իրական հնարավորությունը: Միևնույն ժամանակ, այս նպատակների իրագործումը հնարավոր չէ առանց այդ հաստատություններում պահվող անձանց հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվելու, ինչպես նաև նրանց վերաբերող այլ տվյալների հասանելիության երաշխավորված հնարավորության: Հետևաբար, այցելություն կատարելիս համապատասխան վայրում պահվող անձի հետ տեսակցության արգելքը, դրա հնարավորության պայմանավորումը քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչպես նաև մեկուսի հաղորդակցման  հնարավորության բացակայությունը արգելափակում են նաև հրատապ արձագանք պահանջող դեպքերում անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերը կանխելու հնարավորությունը, իսկ հանրային վերահսկողությունը  նշված դեպքերում դառնում է ձևական և անարդյունավետ:

 

Հարկ ենք համարում արձանագրել, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նաև նրանով, որ Օրենքի մակարդակով արդեն իսկ առանձնացվել է սուբյեկտային այնպիսի կազմ, որի դեպքում գործնականում հնարավոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց իրավունքի ցանկացած խախտման բացահայտումն ու դրա ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: «Սուբյեկտային նշված կազմում ընդգրկելով Պաշտպանին և փաստաբանին՝ օրենսդիրը հիմքում կարծես թե դրել է այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն (ոչ միջնորդավորված եղանակով) կարող են ապահովել ենթադրյալ խախտման դեպքի հետագա ընթացքը: Այլ կերպ՝ մի դեպքում՝ ազատությունից զրկված անձի փաստաբանը, լինելով իր վստահորդի շահերի պաշտպանը, վստահորդի անունից լիազորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ մյուս դեպքում՝ Պաշտպանը Սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունների ուժով կարող է բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում արձանագրել մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում»: 

 

Պետք է նշել, որ վերոգրյալ փաստարկն անհիմն է և չի կարող դրվել ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում հասարակական վերահսկողության սահմանափակման հիմքում:  Ավելին, վերոնշյալ սուբյեկտները ևս միջնորդավորված եղանակով են հնարավորություն ունենում ապահովելու համապատասխան անձանց իրավունքների վերականգնումը, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի կանխումը: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը այլ իրավասու պետական մարմինների միջոցով (համապատասխան առաջարկություն ներկայացնելով) է փորձելու հասնել արձանագրված խախտման վերացմանը, իսկ փաստաբանը՝ համապատասխան մարմիններին դիմումներ ներկայացնելու եղանակով:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակով փակ հաստատություններում արդյունավետ հանրային վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարարությանը հրաժարվել հասարակական դիտորդներին առնչվող իրավակարկարգավորումներից՝ փոխարենը Օրենքով բացառելով ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ հասարակական դիտորդների խմբի անդամների տեսակցությունների որևէ սահմանափակման հնարավորությունը:  

 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ,

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,

Փաստաբաններ՝

Ռոբերտ Ռևազյան, Կարեն Թումանյան

 

Դիտումներ՝ 613

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????