Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանի որոշմամբ քաղաքացու հաշմանդամության խումբը կվերականգնվի

December 8, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքում Ա․ Խ․-ի հաշմանդամության խումբը կվերականգնվի։ Այդ մասին 2021 թ․ սեպտեմբերի 23-ին վճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը։ 

 

ՀՔԱՎ-ը Ա․ Խ․-ին կաջակցի նաև ոչ պատշաճ վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցում։

 

Ա․ Խ․-ի համար հաշմանդամության խումբ էր սահմանվել դեռևս 2012 թ․-ին այն բանից հետո, երբ զորակոչի նախապատրաստման շրջանում նրա մոտ ախտորոշվել էր ստորին վերջույթի կարճացում։ Ախտորոշման հիման վրա նախ զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել, ապա ստացել հաշմանդամության 3-րդ խումբ։ Դրանից հետո արդեն վերափորձաքննությունների արդյունքում պարբերաբար հաշմանդամության 3-րդ խումբ է սահմանվել մինչև 2018 թ․-ը։

 

2018-ի հունվարի 25-ին հերթական վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ չի սահմանվել։ Սա այն դեպքում, երբ 2012-2018 թթ․-ին Ա․ Խ․-ը որևէ բուժում չի ստացել, նրա վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև՝ վատթարացել է։

 

Ա․ Խ․-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ-ն ստանձնել է հաշմանդամության խումբ չսահմանելու որոշումից հետո։ ՀՔԱՎ փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանը, ապա՝ Հայկ Հակոբյանը նախ բողոքարկել են այդ որոշումը, ապա՝ արդյունքի չհասնելուց հետո, 2018-ի ապրիլի 3-ին դատարան դիմել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի դեմ հայցում նշել են, որ հաշմանդամության խումբ չսահմանելու որոշումը խախտում է Ա․ Խ․-ի իրավունքները, և այդ որոշումը պետք է վերացվի։

 

Ուշագրավ է, որ այդ ողջ ընթացքում, բացի նրանից, որ հաշմանդամության խումբը պարբերաբար հաստատվել է, 2015-ին այդ ախտորոշմամբ նա նաև զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և ազատվել զինծառայությունից։

 

Չնայած պատասխանողը դատարան ներկայացված դիրքորոշմամբ իր առարկություններն է հայտնել և խնդրել մերժել հայցը, բայց դատարանը, դատավոր Արշակ Ալավերդյանի նախագահությամբ, հիմք է ընդունել Ա․ Խ․-ի բժշկական փաստաթղթերը, նրա ախտորոշումը և վերահաստատել, որ այդ ցուցանիշներով, ըստ օրենսդրական կարգավորումների, Ա․ Խ․-ի համար պետք է սահմանվի հաշմանդամության 3-րդ խումբ։

 

Դատարանը սրանով անվավեր է ճանաչել հաշմանդամության խումբ չսահմանելու որոշումները և պարտավորեցրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը Ա․ Խ․-ի համար հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու որոշում կայացնել։

 

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՔԱՎ-ը Ա․ Խ․-ին կաջակցի նաև ոչ պատշաճ վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հարցում՝ հաշմանդամության խումբ չսահմանելու պահից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար։

 

Դատարանի այս վճռով վերականգնվում են ոչ միայն Ա․ Խ․-ի իրավունքները, այլև նրա եղբոր իրավունքները։ Բանն այն է, որ Ա․ Խ․-ի հաշմանդամության խումբ ունենալու դեպքում, նրա եղբայրը, ընտանեկան դրության պայմաններից ելնելով, կարող էր տարկետում ստանալ զինվորական ծառայությունից, իսկ այս անօրինական որոշման պայմաններում,  փաստորեն, խախտվել է նաև նրա՝ այդ հնարավորությունից օգտվելու իրավունքը։

 

ՀՔԱՎ-ը ստանձնել է նաև Ա․ Խ․-ի եղբոր իրավունքների պաշտպանությունը և դիմել դատարան։ Ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու պահանջով հայցը քննվում է Վարչական դատարանում։

Դիտումներ՝ 82

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????