Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՔԱՎ-ի աջակցությամբ կարճվել է, դադարեցվել է քրեական հետապնդումը

December 8, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

2020 թ.-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի 4-րդ կայազորային քննչական բաժնում ընդունվում է որոշում՝ զորակոչիկ Ա.Օ.-ի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ա.Օ.-ի իրավունքների պաշտպանությունը 2018-ից իրականացնում էին ՀՔԱՎ փաստաբաններ Ս. Սողոմոնյանը, ապաև՝ Հայկ Հակոբյանը:

 

2017 թ.-ի ամառային զորակոչին, երբ երևանաբնակ Ա.Օ.-ը ներկայանում է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) նիստի, նրան տրվում է «ասթենոնևրոտիկ վիճակ հիստերիկ անձի մոտ»  ախտորոշում: Ա.Օ.-ն ստանում է 6-ամսյա տարկետման իրավունք:  Նույն տարվա ձմեռային զորակոչին Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) նրան ճանաչում է պիտանի զինծառայությանը:

 

Չհամաձայնելով ԿԲՀ-ի որոշման հետ՝ Ա.Օ.-ն հրաժարվում է զորակոչվելուց, որի արդյունքում 2018 թ.-ին նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ, իրականացվում քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց կիրառվում է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:                   

 

ՀՔԱՎ փաստաբան Ս. Սողոմոնյանը գրությամբ դիմում է ՀՀ նախկին զինկոմիսարին՝ խնդրելով տրամադրել Ա.Օ.-ի անձնական գործում առկա առողջական վիճակի և ԿԲՀ որոշումների պատճենները: 

 

Համապատասխան փաստաթղթերը սահմանված ժամկետում տրամադրվում են: Դրանցից պարզ է դառնում, որ զորակոչի ժամանակ Ա.Օ.-ն, ի թիվս ֆիզիկական առողջությանն առնչվող բազմաթիվ բուժզննությունների, անցել է նաև հոգեկան առողջության խնդիրների հետ կապված զննություն: Նրա մոտ ախտորոշվել է «անձի շեշտվածություն՝  հիստերիկ  տիպի»: Այն, որ ինքը հաշվառվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում,  իմացել է 2019 թ.-ի մարտին միայն: Կենտրոնի տնօրենին ուղղված գրությամբ Ս. Սողոմոնյանը տեղեկություններ է հայցել առ այն, թե ինչ հետազոտությունների և ախտորոշման հիման վրա է Ա.Օ.-ն հաշվառվել իրենց մոտ: Կենտրոնից տեղեկացրել են, որ նա հաշվառվել է 2017 թ.-ի հուլիսի  6-ին՝ իր գրավոր դիմումի համաձայն և 2019 թ.-ի մարտի 29-ից գտնվում է իրենց հսկողության տակ: Կենտրոնում հաշվառելու հիմք են հանդիսացել «Նորք» հոգեկան առողջության կենտրոնի քաղվածքները՝ «անձի մոտ հիստերիկ տիպի նևրասթենիա» ախտորոշմամբ: 

 

Նշենք, որ 2018 թ.-ի օգոստոսին նախաքննական մարմին ստացված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Ա.Օ.-ի մոտ ախտորոշվել են սրտի հետ կապված խնդիրներ՝ «…չափավոր նեյրոցիրկուլյատոր դիստոնիա, սրտի ռիթմի խանգարումներ, միտրալ հետհոսք 0-1 աստիճանի: Նյարդային համակարգի կողմից պաթոլոգիա հայտնաբերված չէ», որոնց առաջացման վաղեմությունը հստակ որոշել հնարավոր չի եղել: 2018-ի հոկտեմբերին մեղադրյալ զորակոչիկի նկատմամբ նշանակվում է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: 

 

Հարուցված քրեական գործի շրջանակում 2019 թ. հուլիսին ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական միջգերատեսչական հանձնաժողովում Ա. Օ.-ի նկատմամբ նշանակվում է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն: 2019 թ.-ի հոկտեմբերի 2-ին Ա.Օ.-ն անցնում է այդ փորձաքննությունը, որի եզրակացությանն այդպես էլ չի տեղեկացվում: 2019 թ.-ի հոկտեմբերին վարույթն իրականացնող մարմինն, ստանալով կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իր հարցադրումներն է ուղղում Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին (ԿՌԲՀ):  Վերջինս, ելնելով փորձագիտական եզրակացությունից, գտնում է, որ Ա.Օ.-ն ենթակա է փորձաքննության ՀՀ Կառավարության 404_Ն որոշման 28-րդ հոդվածի «բ» և «դ» կետերի 1-ին սյունակի պահանջների, որոնց համաձայն՝ զորակոչիկը ճանաչվում է պիտանի ծառայությանը՝ սահմանափակումով: Հաշվի առնելով հանգամանքը, որ սրտի ռիթմի խանգարումների աստիճանը ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել, ինչը ռազմաբժշկական փորձաքնության առումով ունի կարևոր նշանակություն, 2017-ից մինչև 2019թ․-ի ամառային զորակոչը ներառյալ, Ա.Օ.-ի  առողջական վիճակից ելնելով, զինծառայությանը նրա պիտանիության մասին հնարավոր չէ կարծիք կազմել՝ նշյալ ժամանակահատվածում հետազոտությունների տվյալների բացակայության պատճառով:

 

2020 թ.-ի փետրվարի 21-ին ՀՔԱՎ գրասենյակը վերոհիշյալ հանձնաժողովի նախագահին ուղղված գրությամբ փորձում է տեղեկանալ՝ արդյոք Ա.Օ.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն կազմվել է, թե ոչ, եթե այո՝ արդյոք այն տրամադրվել է վարույթն իրականացնող մարմնին և երբ: Եթե չի կազմվել՝ ինչու՞ և ի՞նչ ժամկետներում կկազմվի: Հանձնաժողովից պարզաբանում են, որ Ա.Օ.-ի փորձաքննության մասին տեղեկությունները նախաքննական գաղտնիք են և ենթակա չեն հրապարակման՝  առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության: Ինչ մնում է դատահոգեբուժական փորձաքննության կատարման ժամկետներին՝ ներկայում դրանք որևէ իրավական ակտով սահմանված չեն: 

 

2020 թ.-ի մարտի 17-ին քննչական բաժին է ստացվում ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը: Ըստ այդմ՝ Ա.Օ.-ի մոտ հայտնաբերվել են հոգեկան առողջության խնդիրներին առնչվող մի շարք ախտորոշումներ: Մեկանգամյա զննությամբ հնարավոր չի եղել պարզել: Ուստի՝ տարբերակիչ ախտորոշման նպատակով, առաջացել է Ա.Օ.-ին երկարատև դիտարկելու անհրաժեշտություն: 2 օր անց նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: 

 

2020 թ.-ի հուլիսին  քննչական բաժին ստացված ստացիոնար դատաբժշկական փորձաքննության արդյունքներով, ըստ  բժիշկ փորձագետների, Ա. Օ.-ն «հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում», պարզապես նրա մոտ հայտնաբերվել  է «չափավոր աստիճանի արտահայտված նևրասթենիա՝ հիստերիկ տիպի անձի մոտ» ախտորոշումը:  Նման ախտորոշման դեպքում, համաձայն Կառավարության 404_Ն որոշման 7Բ հոդվածի 1-ին սյունակի պահանջների, զորակոչիկը ճանաչվում է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը: ԿՌԲՀ-ի գրության համաձայն էլ՝ պատասխանել հարցին՝ արդյոք նշված ախտորոշմամբ Ա. Օ.-ն 2017 թ.-ի ձմեռային, 2018 թ.-ի ամառային զորակոչից հետո զինծառայությանը պիտանի եղել է, թե՝ ոչ, հնարավոր չէ: Հոգեբուժական ռազմաբժշկական փորձաքննությամբ զորակոչիկի պիտանիության աստիճանը որոշվում է փորձաքննության պահին եղած բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ զննման տվյալների հիման վրա: ԿՌԲՀ-ի գրության մեջ նաև նշված է եղել, որ ներկայում չկա համապատասխան գիտական մեթոդաբանություն՝ նման դեպքերում գնահատելու՝ տվյալ պահին նրա մոտ արձանագրված նևրոտիկ մակարդակի հոգեկան գործունեության խանգարումը կամ վերջինիս աստիճանը վերոհիշյալ ժամանակահատվածում Ա.Օ.-ի մոտ եղել է, թե՝ ոչ: 

 

Նկատի առնելով, որ այդպես էլ հնարավոր չի եղել պարզել՝ արդյոք Ա.Օ.-ն 2017 թ.-ի ձմեռային զորակոչին  պիտանի եղել է զինծառայությանը, թե՝ ոչ, քննիչն արձանագրել է, որ Ա.Օ.-ի արարքում բացակայում է հանցակազմը: Մանավանդ որ, սպառվել են նաև նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, իսկ պատշաճ քրեադատավարական գործընթացում չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի են մեկնաբանվում:

 

Քննիչը որոշում է կարճել Ա. Օ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը՝ 2017 թ.-ի ձմեռային զորակոչից խուսափելու համար: Իսկ հետագա՝ 2018 թ.-ի ամառային զորակոչից մինչև 2020 թ.-ի ամառային զորակոչը, քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Որոշմամբ վերացվել է նաև նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին:

Դիտումներ՝ 747

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????