Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արդյո՞ք առաջին ատյանի դատարանն առանց ՍԴ-ի ենթադրյալ որոշումն իմանալու գործը կուղարկեր. Ա. Սաքունց

May 22, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործերով վարույթն առաջին ատյանի դատարանի կողմից կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան։

 

Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

 

«Հայտնի չէ, թե այդ որոշումը երբ է ընդունվել, որովհետև բոլորիս աչքի առջև ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը և հայտնի չէ, թե դա կալանքի փոփոխության որոշումից հետո է կայացել, թե միաժամանակ», - ասաց իրավապաշտպանը։

 

Ըստ նրա՝ դատարանը որոշումը կայացնելիս պարտավոր էր տեղեկացնել դատավարության մասնակից կողմերին։

 

Քոչարյանի անձեռնմխելիության հանգամանքը, հիշեցնում է Սաքունցը, փաստաբանական խմբի կարևոր արգումենտներից էր։

 

«Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, որը բխում էր պաշտպանական կողմի շահերից, որի մասին տեղյակ չեն եղել տուժողները, նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները և մեղադրող կողմը՝ դատախազությունը, այսինքն՝ վերջիններս այդ որոշման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չեն ունեցել», - ընդգծեց նա։

 

Իրավապաշտպանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի կողմից ներկայացված որոշման քննության ժամկետը, ըստ ՍԴ օրենքի, ոչ ուշ քան 3 ամիս է։ Եվ տեսականորեն եթե որոշում կայացվի, ապա գործի քննությունն արդեն տեղափոխվում է օգոստոսի 20-ին, իսկ, եթե ՍԴ-ն, իր իրավասությունից ելնելով, ընթացակարգային որոշում ընդունի հետաձգել ևս 3 ամսով, ապա նոյեմբերի 20-ին, և դիմումը կքննվի 6 ամիս հետո կամ 6 ամսվա ընթացքում։

 

«Իսկ 6 ամիսը Քոչարյանի և իր թիմի համար բավարար ժամանակ է որոշակի ուժեր կենտրոնացնելու տեսանկյունից», - շեշտեց գրասենյակի ղեկավարը՝ հավելելով, որ մայիսի 12-ին հիմնադրված «Քոչարյանի աջակիցներ» դաշինքը և նրա մասնակցությունը դատական նիստերին ցույց տվեցին, որ քրեական գործը կարող է տեղափոխվել քրեական դաշտից դեպի քաղաքական դաշտ՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

 

Իսկ քաղաքական դաշտում շահառուները շատ են, ի դեմս՝ նախկին իշխանությունների, որոնք թաթախված էին կոռուպցիոն համակարգի մեջ և առիթը կօգտագործեն պատասխանատվությունից խուսափելու համար։

 

Սաքունցը նաև հարցադրում արեց, թե արդյո՞ք առաջին ատյանի դատարանը, առանց ՍԴ-ի ենթադրյալ որոշումն իմանալու՝ կդիմեր դատարան։ «Պետք է հաշվի առնել նաև, որ ՍԴ-ի ներկայիս կազմը ձևավորվել է Սերժ Սարգսյանի օրոք և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նույն Սերժ Սարգսյանի օրոք եղել է ՍԴ նախագահ։ Ավելին՝ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար լինելու օրոք, Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից՝ Արամ Օրբելյանը եղել է նրա տեղակալներից», - կարևորեց իրավապաշտպանը։

 

Սաքունցի փոխանցմամբ, կան հետևյալ հնարավոր տարբերակները.

 

ա) Ռոբերտ Քոչարյանը, որպես նախկին նախագահ՝ անձեռնմխելի է և ենթակա չէ քրեական հետապնդման:

 

բ) Անձեռնմխելիությունը հիմք չէ, որ նրա հանդեպ քրեական հետապնդում չլինի։

 

Եթե «բ)»-ն լինի, ապա 6 ամսվա հանգամանքը դուրս է գալիս և որոշումն ավելի շուտ կլինի, դատավարությունը կվերսկսվի։ Իսկ եթե «ա»-ն, ապա որոշումը ձգձգվելու է, ինչն էլ բավական է քաղաքական մոբիլիզացիայի համար։ «Ստեղծվելու է մի իրավիճակ, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող անձը ձեռք է բերում քաղաքական ռևանշի հնարավորություն», - շեշտեց նա։

 

Արթուր Սաքունցի համար պատահական չէ այն հանգամանքը, որ դատարանների անկախությամբ «մտահոգվում են» այնպիսի քաղաքական ուժեր, որոնք նույն այդ համակարգը ոչնչացրել են, պատահական չէր Հայաստան կատարած Վիտալի Բալասանյանի այցելությունը, Ստեփանակերտում ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։

 

«Բավականին լուրջ արմատական քայլեր պետք է արվեն, որպեսզի կազմակերպված քրեական խմբավորումը չվերադառնա քաղաքական դաշտ ու վերստին զավթի իշխանությունը», - եզրափակեց նա։

 

a1plus.am

Դիտումներ՝ 819

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????