Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Օրակարգում մշտապես պետք է պահել պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցը միջազգային ատյաններում․ «Առերեսում»

August 13, 2022

Տեսադարան

Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի և Արցախի իրավապաշտպաններն անցած օրերին Ժնևում մասնակցում էին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանին, եւ ներկայացրել են այլընտրանքային զեկույց՝ մանրամասնելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ տարվող հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորումները։ Օգոստոսի 8-ին Կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում, մասնավորապես ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցագործություններից տուժած համայնքի ներկայացուցիչ, «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը:

 

«Մենք ներկայացրեցինք Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ իրականացվող ռասիստական քաղաքականության ամբողջ փաթեթը»,– «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատմեց Ժնեւից վերադարձած Մարգարիտա Քարամյանը։ Ասաց, որ իրենց ելույթներից հետո Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան ասաց, թե Արցախում ռուսական խաղաղապահ զորքեր են՝ իրենք են տիրապետում իրավիճակին․ «Այդպես փորձեց պատասխանատվությունն ինչ որ կերպ փոխանցել ռուսական կողմին, որ իրենք չեն էլ կարող ասել, թե այնտեղ ինչ է կատարվում։ Մենք խոսել էինք նաեւ վերջին դեպքերի մասին եւ ասել, որ միակ մարդասիրական միջանցքը՝ Բերձորը, որը կապում է Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ, հիմա վտանգի տակ է եւ կարող է անցնել Ադրբեջանին։ Ես ներկայացրել եմ, որ ոչ միայն ճանապարհն է անցնելու, այլ նաեւ կոմունիկացիաները»։

 

Բանախոսները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ, որոնք տեղ էին գտել հասարակական կազմակերպությունների կողմից Կոմիտեին նախապես ուղարկված զեկույցներում։ Նշենք, որ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը պատրաստել են «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Նույն կազմակերպությունները, նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ–ն՝ այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Կազմակերպություններն առաջարկել էին ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի նկատմամբ եւ այլն։

 

«Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարցին՝ ի՞նչ հույսեր ու ակնկալիքներ ունեն, որ իրենց կոչերն արձագանք կունենան՝ պատասխանեց․ «Մեկ անգամ ներկայացնելով հույս ունենալ, թե միանգամից պետք է որոշում կայացվի՝ իհարկե, միամտություն է։ Բայց որ օրակարգում մշտապես պետք է պահել պատերազմական հանցագործությունների եւ ռասսայական խտրականության հիմքով բոլոր դրսեւորումների համար պատասխանատվության հարցը միջազգային ատյաններում՝ միանշանակ է։ Այնպես չէ, որ այդ միջազգային կառույցներում դու մեկ անգամ ներկայացնում ես ու հարցը լուծում է ստանում»։

 

Ըստ նրա՝ փաստահավաք զեկույցի իմաստը հետեւյալն է․ «Փաստերն ի մի են բերված, հիմնավորված են, եւ այդ ամեն մի փաստով քանի դեռ գործողություն չի կատարվել՝ Ադրբեջանի կառավարությունը համոզիչ հիմնավորումներ չի ներկայացրել միջազգային կառույցներին, որ դրանք այլեւս չեն կրկնվում․․․ Իսկ դա նշանակում է, որ բացի զեկույցի ներկայացումից՝ նաեւ պարբերաբար անդրադարձ է կատարվում, թե զեկույցում ներկայացված այդ հանձնարարականների ուղղությամբ ինչ գործողություններ են կատարվել։ Այսինքն՝ հսկողության տակ է վերցվում վարքագիծը ու ընթացքում պարբերաբար անդրադարձ ես կատարում ու թարմացնում ես նոր տվյալներով՝ այդ խնդիրների, պարտավորությունների հետ կապված վիճակը։ Որպես Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան վավերացրած պետություն՝ Ադրբեջանը նաեւ պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու կոնվենցիայի կատարման վերաբերյալ։ Սա նշանակում է, որ ոչ միայն ինքը պետք է հաշվետվություն ներկայացնի, այլ նաեւ իր պարտավորությունների վերաբերյալ պետք է ներկայացվեն այլընտրանքային զեկույցներ։ Եվ ակնկալիքն այն է, որ գործընթացը պետք է շարունակվի, եւ դա պետք է լինի ոչ միայն հասարակական կազմակերպությունների անելիքը»։ Ըստ Արթուր Սաքունցի՝ կարեւոր անելիք ունեն նաեւ պետության ներկայացուցիչները։


aravot.am

 

 

Դիտումներ՝ 124

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????