Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ ստորագրել է այդ փաստաթուղթը, ասելով, թե ԱԱԾ-ն դիմել է իրեն որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, և ինքը որպես հայրենասեր մարդ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ազգային անվտանգության ծառայությանը։
Այս մասին Aravot.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Նա ասաց. «Նման իրավիճակը, որ եղել է, և մարդը համաձայնություն է տվել, ես կուզենայի իմանալ նաև, թե դրան ինչ է հետևել, այսինքն՝ այդ համագործակցության արդյունքները ինչո՞ւմ են կայացել, դա ինչո՞վ է արտահայտվել, ի՞նչ արդյունքներ է տվել: Բայց ես չէի ուզենա նաև մյուս կողմից խնդրին հատվածային մոտենալ, որովհետև մենք մշտապես կողմ ենք եղել, որ լյուստրացիա տեղի ունենա: Որովհետև ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես սովետական ԿԳԲ-ի իրավահաջորդ, այդպես էլ չի բարեփոխվել, ըստ էության, գործել է և շարունակում է մնալ սովետական ԿԳԲ-ի ավանդույթներով ու սկզբունքներով, ու օգտագործվել է որպես անվերահսկելի գործիք՝ քաղաքական ընդդիմադիրների հետապնդման, քաղաքացիական ակտիվիստների հետապնդման համար:
Այդ առումով է հետաքրքիր, թե Արարատ Միրզոյանը՝ որպես համաձայնություն տված անձ, աջակցե՞լ է քաղաքական հետապնդումներին, թե՞ ոչ կամ մասնակից է եղե՞լ նման հարցերին, թե՞ ոչ: Բայց ամբողջ այդ դեզից առանձնացնել միայն նրան, ու դրանով հարցը փակել, տեղին չէ: Մենք մշտապես ենք կողմնակից եղել ամբողջական լյուստրացիային՝ բացահայտելու համար բոլոր այն մեխանիզմները և բոլոր այն գործիքակազմը և բոլոր այն մարդկանց, որոնք մասնակցել են, անկախ նրանից, թե կլինի ԱԱԾ-ի աշխատակից, թե ԱԱԾ-ի հետ համագործակցած անձ, քաղաքական հետապնդումներին, կոռուպցիոն գործարքներին, պետության դեմ գործողություններին: Ավելին՝ հենց այդ բացահայտումը կամ լյուստրացիան հնարավորություն կտար մաքրելու քաղաքական դաշտը՝ ոչ թե միակողմանի: Ես հասկանում եմ, որ հիմա իշխանություն է, և թիրախավորված է: Բայց ընդդիմություն ասած կամ ոչ ընդդիմություն ասած, քաղհասարակական սեկտոր ասած, ինչքա՞ն կան այդպիսի գործակալներ, մեջներից միայն Արարատ Միրզոյա՞նն է ամենասարսափելին: Հիմա քաղաքական «Պատիվ ունեմ» խմբակցության առնվազն երկու առաջնորդները ԱԱԾ-ի ղեկավար են եղել: Բա նրանց լյուստրացիան ո՞վ է անելու»:
Արթուր Սաքունցը ընդգծեց, որ օրենք պետք է ընդունվի, ըստ որի բոլոր այն փաստաթղթերը, որոնք գաղտնիության կարգավիճակ ունեն և որոնցում արձանագրված է քաղաքական ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների, դատավորների օգտագործումը քաղաքական հետապնդման նպատակով, պետք է բացահայտվեն. «Առանձին դեմքերով սահմանափակվելը ամենամեծ խայտառակությունն է, որը նպատակ ունի աչքաթող անել կամ մոռացության մատնելու այն ավելի լուրջ համակարգային խնդիրները, որոնք վերաբերում են այդ ծառայությանը»:
aravot.am