Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Թավշյա հեղափոխության օրերին ՔԿՀ-ներում սնունդն էապես լավացրել էին, որ բունտ չհասունանար». Արթուր Սաքունց

December 27, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման 20-ամյա ռազմավարությունը, որի ներկայացումն այդ կերպ, նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Արթուր Սաքունցը եւ Արշակ Գասպարյանը չեն պատկերացնում, թե ինչո՞ւ է:

 

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը, որին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը չէր ներկայացել, «Սոցիալական արդարություն» հկ-ի ղեկավար Արշակ Գասպարյանն ասաց. «Բանտային 20-ամյա ռազմավարություն չի լինում, որովհետեւ ռազմավարությունը նշանակում է գումար եւ մարդկային ռեսուրսի կուտակում: Եթե նախկին իշխանությունների նման, դա դիտարկում ենք որպես թղթի մի կտոր, որը դե կանենք`կանենք, չէ`չէ. դա այլ: Իսկ եթե ռազմավարությունը դիտարկում ենք, թե ի՞նչ է լինելու 20 տարի հետո այդ ոլորտում, ապա քսանամյա չի կարող լինել, քանի որ ոլորտը «շնչող» է, ստատիկ չէ, որպեսզի այդ հատվածի համար պլանավորումներ անես: Չկա որեւէ բարեփոխում, որը հինգ տարում չի կարելի անել, ռեսուրսները պետք է արդյունավետ օգտագործել»:

 

Նաեւ, ըստ բանախոսի, եթե համընթաց չեն զարգանում պետական եւ հ/կ-ների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունները, ապա քսանամյա պլանավորումն անիմաստ է դառնում: Իսկ սոցապ նախարարության նման քսանամյա ծրագիր մենք չունենք: «Ուստի, այս ռազմավարությունը, որտեղ պրոբացիայի եւ շատ այլ բաների մասին ոչինչ չկա, չի կարող գործել, մանավանդ, որի գործողությունները 10-20 տարվա համար են նախատեսված: Քսանամյա ռազմավարությունը ենթադրում է չկատարված գործողությունների արդարացում: Այս փաստաթղթում չկան ռիսկերի, կարիքների գնահատման ծրագրեր: Բյուջեից անընդհատ միլիոններ ենք ծախսելու, այն դեպքում, երբ նախատեսվում է ընդամենը երկու նոր ՔԿՀ-ի կառուցում, այն դեպքում, երբ դրա կարիքն ընդհանրապես չկա: Այսօր մենք կարող ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ-ի կորպուսներից մեկը: Այդ խնայողությունների հաշվին կարելի է մեկ այլ հիմնարկ վերանորոգել»,- ասաց բանախոսը` հավելելով, որ երբ անում ես բանտային բարեփոխում`հիմքում պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը. այս փաստաթղթում դա եւս չկա, չկան նաեւ միջազգային զարգացման միտումները: «Բոլոր 11 կետերում գրված է`ուսումնասիրել այսինչը, այնինչը, վերջում էլ գրած է`գնահատել բանտային համակարգի շարժվելու ուղին: Եթե այս ամենը դեռ արած չկա, ուրեմն դու ռազմավարություն չես կարող ունենալ: Ռազմավարության մեջ ուսումնասիրություն անել չես կարող: Ֆինանսական հետազոտություն չկա, չկա նաեւ սոցիալական էֆեկտը»,- հայտարարեց Արշակ Գասպարյանը:

 

Նա հույս ունի, որ այս փաստաթուղթը նախորդ իշխանության փաստաթուղթ է ու այս իշխանությունն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող այսպես խառնել ամենը: Հումորով նկատում է. «Հայաստանում իրավիճակ փոխվեց, արդարադատության նախարարությունում միայն Արտակ Զեյնալյանը փոխվեց»: Ինքը գտնում է, որ նոր իշխանության օրոք գոնե ՀԿ-ների հետ համագործակցության փիլիսոփայությունը պետք է փոխվի`ձեւականից իրական դաշտ բերելով այն:

 

Արշակ Գասպարյանը բացառում է այս փաստաթղթի, այս ձեւով ընդունումը, ուստի, առաջարկում է, որ տոներից հետո դիտորդական խմբի, ոլորտի հ/կ-ների հետ նախարարությունը պետք է նախաձեռնի քննարկումների շարք եւ խումբ-խումբ պետք է քննարկվեն վիճահարույց հարցերը: «Իրականում, ոչ թե ձեւական»,- ասաց բանախոսը` հավելելով. «Մեզ պետք է պատիժների համակարգի նոր մոտեցում»:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես տարակուսած է, քանի որ փաստաթղթում, իր գնահատմամբ, բացարձակապես գնահատական չկա`ոչ բարեփոխումների միջազգային միտումների, ոչ էլ ՀՀ արդարադատության նախարարության առաջնահերթությունների համատեքստում: «Սա ուղղակի խոստովանություն է, որ համակարգում կոռուպցիան պետք է լինի եւ դուք էլ ուսումնասիրեք: Բայց անցած յոթ ամիսներին նախարարությունը պետք է ուսումնասիրած լիներ եւ ռազմավարության մեջ արդեն կոնկրետ գործողություններ գրեր: Սա փաստաթուղթ է անպատասխանատվության մասին. ո՞վ է լինելու այս փաստաթղթի պատասխանատուն»,- իր վրդովմունքը բարձրաձայնեց Արթուր Սաքունցը:

 

Ինքն ակնկալում է բարեփոխումների հնգամյա ժամկետ, քանզի տրամաբանական է, որ տվյալ կառավարությունն իր գործունեության ժամկետի համար ծրագիր ներկայացնի. «Բայց այս ռազմավարությունը չափելի չէ ոչ ժամանակի, ոչ էլ գործողությունների տեսանկյունից: Չորս տարի նախատեսված է բռալյան այբուբենի տեղադրում. աբսուրդ է, դա կոնկրետ եւ կարճ ժամանակ պահանջող խնդիր է: Աբսուրդ վիճակում պիտի հայտնվենք, որ այս փաստաթղթի վերաբերյալ առաջարկ ներկայացնենք: Տպավորություն է, որ դարակներում եղել է, հանել են`ցույց տալու համար իբր գործ է արվում: Այսպես չեն աշխատում: Եվ ի վերջո, ինչքա՞ն արժե այս ծրագիրը: Սրանք բոլորը նախորդ իշխանության «հիվանդություններն» էին, որոնք փոխանցվել են»: Արթուր Սաքունցը այդ ռազմավարության ուսումնասիրությունից չի հասկացել նաեւ, թե դրա նպատակը ո՞րն է` համակարգը արդիականացնել, թե՞ պատժողականից անցնել սոցիալական քաղաքականություն: Նաեւ ասում է, որ տրամաբանության տեսանկյունից միմյանց հակասող դրույթներ կան: Օրինակ, փաստաթղթի կետերից մեկով նախատեսվում է ՔԿՀ-ների անվտանգության ամրապնդում: Ինքը տարակուսած է, քանի որ ստացվում է, պետությունը ելնում է նրանից, որ այնտեղ հանցագործներ են եւ այդ հարթությունում է կառուցում ամենը: Ինքը համոզված է, որ խնդիրը պետք է բերել այն հարթություն, որ այնտեղ մարդիկ են, ովքեր սխալվել են:

 

«Տպավորություն է, որ մարդիկ պարապ էին մնացել, դուրս եկան հեղափոխություն արեցին եւ նախորդ իշխանության ժամանակ ինչ մոտեցում եղել է`շարունակում ենք: Չեմ ասում զրոյականացնել եղածը, բայց կուտակվել են տվյալներ, փորձ, գիտելիքներ, որոնք չեն օգտագործվել ու այդ պատճառով էր, որ հեղափոխություն եղավ: Բայց հարցերը լուծում են պահանջում: Համակարգին եւ այնտեղ գտնվող մարդկանց պետք է հարգանքով վերաբերվել»,- ասաց բանախոսը` հընթացս մի հետաքրքիր դեպք հիշելով. թավշյա հեղափոխության օրերին, ՔԿՀ-ներում սնունդն էապես լավացրել էին, որ բունտ չհասունանար: Քաղաքական մոտեցման հարցեր կան, որոնք նույնպես չեն երեւում փաստաթղթում: Օրինակ, ոլորտի շատ մասնագետների կարծիքով, ՔԿՀ-ների վարչության պետը պետք է նշանակվի նախարարի կողմից, ոչ թե նախագահի, ինչը նրան նախարարին հավասար իրավունքներ էր տալիս: «Ես զարմանում եմ, ինչո՞ւ է պարոն Զեյնալյանը մոռանում, չէ՞ որ այս հարցերը միասին ենք բարձրացրել: Այլ հարց, որ այս իշխանությունն ասի`ոլորտում բան չեմ փոխում, շարունակում եմ նախորդի քաղաքականությունը: Այս փաստաթղթից երեւում է որ այդպես է»: 



aravot.am

Դիտումներ՝ 1332

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????