Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախարարի փոխանցմամբ, օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում

January 22, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Պատերազմի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ 3450 մարմին է բերվել դատաբժշկական կենտրոն, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Ավանեսյանը նշեց, որ օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում․ - «Տեմպը օրական բավական արագացել է, և հույս ունենք հնարավորինս արագ տեմպերով առաջ շարժվել»։

 

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հունվարի 20-ի դրությամբ ռազմի դաշտից դուրս բերված 3439 մարմիններից 766-ը դեռ նույնականացված չեն և գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։

 

ԲՀԿ-ական պատգամավորի հարցին, թե պատերազմի ավարտից 2,5 ամիս անց էլ դեռ տարբեր թվեր են հնչում, ի վերջո քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր կա, Ավինյանն արձագանքեց. – «Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ կարգը մոտավորապես հասկանալի լինի՝ չորս հազարը չի անցնելու զոհերի թիվը։ Եվ Պաշտպանության նախարարությունը արդեն վերջնական ցուցակների ճշգրտումով, անհետ կորածների հետ կապված նույնականացումներով, գերիների նույնականացումներով, վերջնական զեկույցով կներկայացնի»։

 

Ադրբեջանը, որը պատերազմի ողջ ընթացքում չէր հրապարակում իր զոհերի անունները, ռազմական գործողությունների ավարտից 1 ամիս անց հայտնեց, որ 2783 զոհ է տվել։



Հայաստանի պաշտպանության նախարարությունից այսօր հետաքրքրվեցինք, թե երբ են պատրաստվում հրապարակել Տիգրան Ավինյանի հիշատակած զեկույցը և հայտնել զոհերի հստակ թիվը։ Հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

 

Պաշտոնական վերջին տվյալներով, 1898 զինծառայողի անուն ազգանուն է տեղ գտել զոհերի ցուցակներում։ Ստացվում է՝ ավելի քան 1500 զոհի անուն դեռ չի հրապարակվել։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ որևէ կերպ չի կարող հիմնավորվել զոհվածների, գերիների, անհետ կորածների թվի պետության կողմից չհրապարակելը։

 

«Պետությունը ունի պարտավորություն ջանքեր գործադրելու, տեղեկություն ձեռք բերելու և հարազատներին հաղորդելու՝ զոհված են, գերի, թե անհետ կորած։ Սա պետության պարտավորությունն է և այդ պետության պարտավորության կատարման ցուցանիշը այդ թվերն են։ Պետությունը պետք է հասնի նրան, որ Ադրբեջանը գերիների, անհետ կորածների, զոհվածների խնդիրը չդարձնի գործիք՝ քաղաքական ճնշման կամ տնտեսական խնդիրների լուծման», - ասում է Սաքունցը՝ շարունակելով. - «Չեմ կարող բավարարվել նրանով, որ ասում են՝ տանում ենք աշխատանքներ էս ինչ ուղղությամբ, բայց դա ի՞նչ արդյունք է տալիս։ Եթե ես թվերը չեմ իմանում, ես չեմ կարող նաև գաղափար կազմել պետության կողմից իր քաղաքացիների առջև պարտավորությունների կատարման ուղղությամբ ջանքերի արդյունավետության մասին։ Եթե նույնիսկ ասի, որ էս պահին չունեմ ամբողջական ճշտված տվյալ, պետք է գոնե մոտավոր ասի՝ սա չճշտված տվյալ է։ Այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Հարազատներին, հանրությանը տեղեկացնելը դա պետության պարտավորությունն է, ինչը չի արվել և, ցավոք, հիմա էլ չի արվում»։

 

Մարտական գործողությունների վայրերում այսօր վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Ադրբեջանական կողմը երեկ չէր թույլատրել աշխատանքներ իրականացնել։

 

«Հունվարի 20-ին որոնողական աշխատանքները դադարեցվել էին ադրբեջանական կողմի պատճառով։ Ադրբեջանցիները նշում էին «սև հունվար» սգո օրը։ Այսօր վերսկսվել են այդ աշխատանքները, այսօր որոնողական-փրկարարական չորս խումբ աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանի Դրախտիկի տարածքում, Հադրութի մերձակայքում, այդ ուղղությամբ և Ջրականի շրջանում», - «Ազատությանը» փոխանցեց փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանը։

 

Նոյեմբերի 13-ից ի վեր հայտնաբերվել է քաղաքացիական անձանց և զինվորականների 1247 աճյուն։

 

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, այժմ արդեն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունները հիմնականում անճանաչելի են․ - «Մինչև հոկտեմբերի վերջը մարմինները ճանաչելի էին։ Այս պահին արդեն, ցավոք սրտի՝ ոչ։ Միայն ԴՆԹ թեստի միջոցով է հայտնաբերվում ինքնությունը։ Բավականին ժամանակ է անցել, դիակներն արդեն դարձել են անճանաչելի»։

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտի անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող կենտրոն մինչ այժմ 2320 քաղաքացի է դիմել։

 

azatutyun.am

 
 
Դիտումներ՝ 87

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????