Աշխատանքից ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը։ Այս պաշտոնանկությունը հաջորդում է Ապարանից ոչ հեռու գտնվող Նիգավան գյուղի տարածքում հնչած և 2 մարդու կյանք խլած կրակոցներին։
«Ազատությունը» ոստիկանության լրատվության վարչությունից փորձեց պարզել, արդյո՞ք Հայրապետյանի՝ պաշտոնից ազատումը կապված է հենց Նիգավանի դեպքերի հետ, ոստիկանությունից մեր հարցին հստակ չպատասխանեցին՝ միայն նշելով, թե համակարգում «մշտապես տեղի են ունենում կադրային փոփոխություններ»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցին մտահոգում է ոստիկանության ոչ հաշվետու աշխատելաոճը։
«Ոստիկանության բաժնի պետի հեռացումը, առանց որևիցե մեկնաբանության, խոսում է ոստիկանության ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպի մասին: Այսինքն ի՞նչ է նշանակում՝ ազատում ես ոստիկանապետին դեպքից երկու օր հետո և ասում ես՝ մեկնաբանություն չունես: Կամ ինչո՞ւ պետք է ես որպես քաղաքացի ենթադրություններ անեմ, որ ամենայն հավանականությամբ ոստիկանապետի ազատումը կապված է դեպքի հետ», - ընդգծեց իրավապաշտպանը:
Նախօրեին Ապարանին մոտ գտնվող Նիգավան գյուղի մոտակայքում հրազենից 2 մարդ է սպանվել։ Վիճաբանել են մի խումբ երիտասարդներ, նրանից մեկը հրացանով կրակել էր իր հետ վիճող տղաների ուղղությամբ, ինչի հետևանքով Հմայակ Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը մահացել են, ևս 5 հոգի տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկի վիճակը այսօր ևս դեռ գնահատվում է ծայրահեղ ծանր։