Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան․ Առանց ապակենտրոնացման ժողովրդավարություն չկա

December 2, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նոր իրավիճակում նոր օրակարգի ձևակերպման համար մարզերում ու Երևանում քննարկումներ են անցկացնում։

 

Ի՞նչ է պետք անել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման ամրապնդման ու խտրականության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Քաղհասարակության ներկայացուցիչները այս հարցերի քննարկումը հատկապես կարևորում են դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

 

Շիրակի պետական համալսարանում կայացած քննարկմանը իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարևորեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ գործող Սահմանադրությունը, նրա խոսքով, տանում է «միապետական կառավարման»:

 

«Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված Սահմանադրությունը, ըստ էության, բոլոր մարմինները միանշանակ հանձնեց կառավարության ենթակայության ներքո: Մինչ այդ նախագահական կամ կիսանախագահական կառավարման ժամանակ նախագահին էր ենթարկվում: Փոխեցին այդ կառավարման ձևից պառլամենտական կառավարման ձևի, բայց մոտեցումը, բովանդակությունը մնաց նույնը, այսինքն՝ նախագահից փոխանցեցին վարչապետին», - ասաց Սաքունցը՝ շարունակելով․ - «Եվ սա ինչ ինստիտուտ է կոչվում՝ սա կոչվում է սուպերվարչապետական, որը շատ տարածված է, բայց ես անվանում եմ ավելի շատ միապետական, անունը կապ չունի, թե վարչապետ է, թե նախագահական, միապետական կառավարման համակարգի շարունակություն: Եվ քաղհասարակության կողմից տարբեր մեր հանդիպումների ժամանակ այս խնդիրը մենք ձևակերպում ենք որպես անկյունաքարային և հիմնական խնդիր, որ նոր Ազգային ժողովը պետք է լուծի»:

 

Իրավապաշտպանի կարծիքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասով էլ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ անել, տեղական հանրաքվեների ինստիտուտը կայացնել, և ի վերջո, ըստ Սաքունցի, առանց ապակենտրոնացման ժողովրդավարություն չկա:

 

«Իմ խորին համոզմամբ՝ ընդհանրապես պետք է տեղական ինքնակառավարումը ամբողջապես անջատված լինի գործադիր իշխանությունից՝ թե՛ օրենսդրորեն, ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսապես նաև: Եվ այստեղ բավական լուրջ պետք է մտածել: Ինչ անել՝ էլի պետք է մտածել: Մենք նոր հեծանիվներ չպետք է հորինենք՝ կան բազմաթիվ մեխանիզմներ: <…> Ժողովրդավարություն առանց ապակենտրոնացման չկա, ժողովրդավարության հիմքը տեղական ինքնակառավարումն է․ կա՞ տեղական ինքնակառավարում՝ կա ժողովրդավարություն, չկա՞՝ ուրեմն ժողովրդավարությունը էդ երկրում բացակայում է», - շեշտեց իրավապաշտպանը և հավելեց․ - «Սա աքսիոմա պետք է լինի անկյունաքարային, որպեսզի մենք կարողանանք մեր հետագա մոտեցումներում, ձևակերպումներում ելնենք: Եթե դա մոռանում ես, նշանակում է՝ մոռանում ես ժողովրդավարության կարևոր ինստիտուտի և երաշխիքների մասին»:

 

Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ
Փաստաբան Վահե Գրիգորյան, արխիվ

Փաստաբան Վահե Գրիգորյանը խոսեց անցումային արդարադատության մասին: Ասաց՝ հետևում է քարոզարշավին ու արձանագրել է, որ այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին քաղաքական ուժերից մի քանիսն են միայն խոսում։ Իսկ այն, փաստաբանի համոզմամբ, շատ կարևոր ինստիտուտ է և խիստ անհրաժեշտ ներկա պահին կոռուպցիոն բացահայտումների համատեքստում:

 

«Իրականում անցումային արդարադատությունը կոչված չէ առաջնահերթությամբ կոռուպցիայի հետևանքների վերացմանը, սակայն դրա գործիքակազմը շատ հարուստ է և շատ էֆեկտիվորեն կարող է պայքարել նաև կոռուպցիայի արմատախիլ անելու և առհասարակ հետագայում նման կոռուպցիոն զարգացումները կանխելու նպատակով: Անցումային արդարադատությունը իրականում ունի սահմանափակ, բայց գործուն գործիքակազմ՝ անդրադառնալով կոնկրետ հարցին, առնվազն ստուգելով բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց գույքային դրությունը և նրանցից պարզաբանումներ պահանջելով իրենց ունեցվածքի վերաբերյալ, ընդ որում՝ իրենց վրա թողնելով իրենց ունեցվածքի ձեռքբերման օրինականությունն ապացուցելու պարտականությունը», - ասաց փաստաբանը:

 

Ամեն դեպքում, ըստ Վահե Գրիգորյանի, անցումային արդարադատությունը բոլոր հարցերի պատասխանը չի տալու․ - «Դա միշտ սելեկտիվ է լինելու, չի տարածվելու բոլոր անցյալի անարդարությունների վրա, նպատակ չի ունենալու դրանք բոլորը լուծել և չի էլ կարող՝ ոչ ռեսուրս կա էդպիսի, ոչ էլ առհասարակ պետությունը կարող է տարիներ շարունակ անցյալով ապրել»:

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյան, արխիվ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյան, արխիվ

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հնարավորություն տալիս է վերահսկել պաշտոնյաներին:

 

Բարսեղյանը չարաշահման բացահայտման տարրական օրինակ բերեց․ - «Այս թեմայով ես շատ սեմինարներ եմ ունենում մարզերում՝ դպրոցականների և ուսանողների հետ հատկապես, և ամեն անգամ էն ամենատարրական հարցն եմ տալիս, էլի՝ «ձեր դպրոցի զուգարանում թուղթ կա՞ կախած»: - «Չէ, զուգարա՛ն չունենք, պարոն Բարսեղյան»: Լուրջ եմ ասում՝ եթե չկա զուգարանում թուղթ կախած, ուրեմն՝ կոռուպցիա է, չի կարող դպրոցի բյուջեն հաստատվել առանց զուգարանի թղթի, վերջացավ»:

 

Ի դեպ, իրավապաշտպանները հայտնեցին, որ այս քննարկումները իրենց բուհերում հրաժարվել են անցկացնել Գավառի ու Վանաձորի համալսարանները:

azatutyun.am

Դիտումներ՝ 1132

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????