Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անպատժելի կառավարման բուրգում ընդգրկված էր նաև գլխավոր դատախազը. Տարօրինակ է, որ պետության զավթման ճարտարապետներից Աղվան Հովսեփյանին այդ առթիվ մեղադրանք չի առաջադրվում. կարծիքներ

September 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Երեկ գիշերը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը՝ փողերի լվացում):



Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է փաստաբան Հովիկ Արսենյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ 



Հովիկ Արսենյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղբանտարկյալների էր պաշտպանում, ասաց, որ ժամանակին, երբ Մարտի 1-ի գործերն էին քննում, և իրենք պաշտպաններով հայտարարություններով էին հանդես գալիս, Աղվան Հովսեփյանը հայտարարել է, թե այդ փաստաբանները զբաղվում են քաղաքականությամբ և քաղաքական հայտարարություններ են տարածում՝ այն դեպքում, երբ միանշանակ էր, որ այն ժամանակ իշխանությունները հատկապես արդարադատությունը ծառայեցրել էին միայն քաղաքական պատվեր կատարելու համար։ 



«Եվ այն պահից սկսած, երբ արդարադատությունը ոչ թե փոխվեց, այլ յուրաքանչյուր անգամ այդպիսի երևույթների պայմաններում շատ անգամ ավելի հետընթաց ապրեց, դրանում իր մեծ ծանրակշիռ դերն ունեցողներից մեկը հենց Աղվան Հովսեփյանն էր։ Եվ, բնականաբար, պետք է որ բումերանգի նման իր վրա էլ ազդեր։ Էլ չեմ ասում, որ նա երբևէ իր գործունեությունը չի ծառայեցրել հանուն արդարադատության, հանուն մեր պետության հիմքերի ամրապնդման։ Նա իր պաշտոնը միայն ծառայեցրել է իր անձնական նպատակներին և ագահությամբ տիրացել է այն ամենին, ինչ հնարավոր է եղել իր իշխանությունը չարաշահելու միջոցով ձեռք բերել։ Դեռ չեմ լսել, որ մեկը ցավ ապրի կամ գոնե ասի, որ, այնուամենայնիվ, մարդ էր, և պետք չէր այսպես վարվել, այնպես վարվել և այլն. խղճահարություն ոչ մեկի մեջ չնկատեցի»,- ասաց Հովիկ Արսենյանը։ 


       
Խոսելով 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին՝  փաստաբանն ասաց, որ ինքը միշտ էլ մտածում է, որ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) բոլոր դեպքերում պետք է աշխատեցնեն նրանց նկատմամբ։ 



Նա նշեց, որ ամբողջ խնդիրն այն էր, որ Մարտի 1-ին, մեկ անձի ցուցմունքով պայմանավորված, քաղաքական պատվեր իրականացրին, և հատկապես պատվիրատուն կամ կատարողը եղել է  Աղվան Հովսեփյանը։



Արթուր Սաքունցն էլ հարց է բարձրացնում, թե ովքեր են այդ քննիչները կամ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնողները, որոնք ժամանակին աշխատել են հենց Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ և հիմա նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել։



«Որովհետև նա թե՛որպես գլխավոր դատախազ է աշխատել, թե՛որպես Քննչական կոմիտեի ղեկավար, և ըստ էության ամբողջ նախաքննության համակարգը, մեղադրանքների պաշտպանության համակարգը ինքն է վերահսկել։ Եվ շատ հետաքրքիր, հռետորական հարց՝ այդ մեղադրանք առաջադրողները, քննություն իրականացնողները ինչո՞վ են առավել նույն Աղվան Հովսեփյանից։ Նման ոչ սովորական անձանց հետ կապված հարցերում մինչև հեղափոխությունը առավել շատ տեղեկատվության տիրապետում են հենց համակարգի աշխատողները, որոնք ավելի շատ գիտեն, շատ ավելի լավ են տիրապետում այն մեխանիզմներին, այն հրահանգներին՝ բանավոր, թե գրավոր, որը ստացել են, դրա համար այդ հարցն առաջացավ»,- ասաց Արթուր Սաքունցը։ 



 Նա նշեց, որ հատվածային, առանձին ինչ-որ էպիզոդներով քրեական գործերի հարուցումը երբեք արդյունավետ լինել չի կարող, որովհետև խոսքը վերաբերում է պետության զավթման ժամանակահատվածին, և այդ առումով առավել ցայտուն օրինակը Մարտի 1-ի գործն է, որում անթաքույց դրսևորվեց պետության զավթման ողջ էությունը, երբ ապօրինի քրեական հետապնդումներ էին իրականացնում, դատավճիռներ էին արձակում, բռնություններ էին կիրառում քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ։



Բացի դրանից, Արթուր Սաքունցը նշեց, որ Մարտի 1-ի գործերով արդեն Եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներ է կայացրել, որոնցում մեղադրանքը պաշտպանել էր հենց Աղվան Հովսեփյանը, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրանքը ստորագրված է անձամբ Աղվան Հովսեփյանի կողմից։ 



«Հիշեք հայտնի հոգեխանգարման մասին դրույթը։ Եվ ինձ համար տարօրինակ է այն, որ պետության զավթման ամբողջ մեխանիզմը երբ ցայտուն դրսևորվեց, և որի ճարտարապետներից  մեկը, որպես գլխավոր դատախազ, Աղվան Հովսեփյանն է, դրանով մեղադրանք չի առաջադրվում, որում ներգրավված են թե՛Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Վահագն Հարությունյանը, ոստիկանապետը, դատական համակարգը, դատավորները, որոնք շարունակում են աշխատել այդ համակարգում։ Շատ տարօրինակ է, չէ՞, Մնացական Մարտիրոսյանը քաղաքական հետապնդման հիմքով դատավճիռ էր կայացնում, իսկ հիմա նաև մասնակցում է  իրեն հրահանգ տված մարդկանց նկատմամբ դատավարություններին»,- ասաց Արթուր Սաքունցը։



Իրավապաշտպանը կարծում է, որ այս ամենի մեջ բուն էությունը պետության զավթման ամբողջ մեխանիզմն է, որը մնում է չբացահայտված, և այն ժամանակ էլ ասվում էր, որ պետության զավթման, անպատժելի կառավարման բուրգում ոչ թե մեկ անձ էր, ոչ թե, ասենք, Ռոբերտ Քոչարյանն էր կամ Սերժ Սարգսյանը, այլ առանձին 3-4 անձ, որում ընդգրկված էր նաև գլխավոր դատախազը։



«Մի օրինակ հիշեցի, որ արժի մեջբերել. Պերուի նախկին նախագահի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որ իր նախագահության օրոք նա զանգվածաբար խախտել էր մարդու իրավունքները և նաև ներգրավված էր եղել կոռուպցիայի մեջ, և այդ մարդն իր մահկանացուն կնքեց բանտում, բայց, այնուամենայնիվ, ներողություն խնդրեց իր արածների համար։ Ես չեմ տեսնում նման համակարգային մոտեցում»,-ասաց Արթուր Սաքունցը։



Վերջինս նշեց, որ ինքը չի ասում, թե չպետք է նման քրեական գործեր հարուցվեն, բայց դրանք դետալներ են՝ ամբողջ մեծ պատկերի, և որը չի լինելու, քանի դեռ լյուստրացիա չի եղել այդ ամբողջ մեծ համակարգում, որովհետև վստահություն չունի, որ այդ քննիչները կամ այդ դատախազները այս քրեական գործով, որոնց ժամանակին ղեկավարել է  հենց Աղվան Հովսեփյանը, իրենք կաշկանդված չեն լինելու ինչ-ինչ հարցերում, կամ ինչ-որ ազդեցության լծակներ չեն լինելու նրանց վրա։ 



 «Դատարան, դատախազություն, քննչական մարմիններ, քաղաքական իշխանություն, և կարևորը՝ ԱԱԾ-ն ոչ մի ինֆորմացիա չունի՞։ Կամ պետք  է ասել, որ ԱԱԾ-ն իրապես ընդհանրապես ինֆորմացիա չունի, ուրեմն այդ կառույցն ընդհանրապես պիտանի չէ, կամ էլ հանցավոր անգործության է մատնված։ Ես այդ հարցը սուր եմ դնում, քանի որ համակարգի ներսում առավել լավ գիտեն, թե ինչ հրահանգներ են տրվել՝ ինչ գործողություններ իրականացնելու համար։ Էդ ինչպես է, որ դրանցից ոչ մի ինֆորմացիա դուրս չի գալիս։ Այս ամբողջ իրավիճակը հաշվի առնելով՝ երբ դրա արմատական փոխելուն ուղղված գործողություն չի իրականացվում, կազմակերպված խմբավորման կողմից պետության զավթման մասին է խոսքը, էն մնացածը, վստահեցնում եմ, արդյունք չի ունենալու»,- ասաց Արթուր Սաքունցը։

 

civic.am

Դիտումներ՝ 74

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????