ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը Ժողովրդավարության հայկական ֆորումին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ժողովրդավարության ամենամեծ մարտահրավերը պուտինյան ռեժինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերձված պատերազմն է, որի համատեքստում էլ պետք է քննարկել ժողովրդավարության առջև ծառացած խնդիրները նաև Հայաստանում։
Ինչ վերաբերում է վարչապետի հիշատակած «հայկական ժողովրդավարությանը», Ա․ Սաքունցը նշեց․ «Չկա այդպիսի հասկացություն, ինչպես չկա հայկական մաթեմատիկա, վրացական մաթեմատիկա կամ ամերիկյան մաթեմատիկա կամ քիմիա, կա մաթեմատիկա ու վերջ։
Պամությունը ցույց է տալիս, որ անվտանգության ուրիշ վստահելի, զարգացող, կենդանի մեխանիզմ, քան ժողովրդավարությունն է, գոյություն չունի։
Հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքը երաշխավորող մեխանիզմների ձևավորումն է ժողովրդավարության անընդհատության և զարգացման երաշխիքներից մեկը։
Փաստահավաք հանձնաժողովի բուն նշանակությունը պետք է կայանար մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ վկայությունների հավաքագրումը։ Մարդիկ, որոնք տարիներ շարունակ մնացել են խախտված իրավունքների հետ մեն-մենակ, լսված չեն եղել, նրանց պետք է տրվեր հնարավորություն իրենց իրավունքների խախտման մասին վկայություն տալու, եթե կան ծանր դեպքեր, ուրեմն՝ դրանց պետք է նաև փոխհատուցում լիներ, որովհետև Թավշյա հեղափոխությունը սոցիալական արդարության դեֆիցիտի հետևանք էր, երբ այս ամենը չի արվում, դա մանիպուլացվում է։
Շարունակական անպատժելիությունը բերում է նոր հանցագործությունների։Նաև խաղաղության տեսակետից՝ մինչև պատերազմի հանցագործությունների համար քննություն չկատարվի և մեղավորները պատասխանատվություն չկրեն, չի լինելու խաղաղություն։
Հայաստանում ժողովրդավարության լուրջ խնդիրներ ունենք, որոնք պահանջում են լուծումներ, հետևողական ջանքեր և գրագետ, սկզբունքային, խիզախ մոտեցումներ։