Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

December 30, 2020

Գործունեություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2020 թվականի դեկտեմբերի 12-ին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է դիրքորոշում՝ առաջարկելով նախագիծը հանել շրջանառությունից ներքոնշյալ հիմնավորմամբ։

 

Նախագիծը սահմանում է ժառանգների իրավունքների իրացումը սահմանափակող կարգավորումներ: Մասնավորապես` նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ակնհայտ է, որ Նախագծով սահմանված ժամկետը խոչընդոտում է սուբյեկտների կողմից իրենց իրավունքների իրացման հնարավորությունը՝ անհամաչափ կրճատում այն ողջամիտ ժամանակահատվածը, որի ընթացքում իրատեսական է քաղաքացիաիրավական քննարկվող իրավահարաբերության գործարկումը։

 

Նախագիծը նաև պատշաճ և փաստարկված հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու են կիրառվում երկակի ստանդարտներ ժառանգների նկատմամբ միայն այն հիմքով, թե ինչից կամ ինչ հանգամանքներում է մահացել ժառանգատուն, ուստի` Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան տարբեր պատճառներով մահացած ժառանգատուների ժառանգների միջև։

 

Ժառանգության ընդունման ժամանակահատվածը որոշելիս օրենսդիրը պետք է ողջամիտ հավասարակշռություն ապահովի մի կողմից մասնավոր շահի, երբ ժառանգին ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու ողջամիտ ժամկետ պետք է ընձեռնվի, մյուս կողմից` հանրային շահի, երբ քաղաքացիաիրավական շրջանառության կայունությունը կարող է տուժել գույքի սեփականատիրոջ երկար ձգվող բացակայությունից։  Ընդ որում` նման դեպքում համաչափության սկզբունքի հիման վրա օրենսդիրը պետք է հավասարակշռի իրավահարաբերությունների տարբեր մասնակիցների իրավունքները: Ժառանգության ընդունման նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների իրացման խոչընդոտներ:

 

Նախագծով առաջարկվող յոթնօրյա ժամկետը չի ապահովում վերը վկայակոչված ողջամիտ հավասարակշումը, ակնհայտ է, որ մասնավոր շահը՝ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը որոշելու հնարավորությունն անհամաչափ սահմանափակվում է՝ հօգուտ «իրավաբանական անձի գործունեության անխաթար ապահովման»։ Ընդ որում` Նախագծով ոչ միայն հաշվի չի առնվել ողջամիտ հավասարակշռման ապահովման չափանիշը, այլև իրավահարաբերության մասնակիցների հոգեբանական վիճակը՝ մտնելու քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ՝ դրսևորելով գիտակցված և կամային վարքագիծ։ 

 

Բացի դրանից՝ Նախագիծը կորոնավիրուսային համավարակից կամ պատերազմական գործողությունների հետևանքով մահացած ժառանգատուի պարտատերերի համար այլ ժամկետ չի նախատեսել, այսինքն՝ այս դեպքում ևս գործելու է Օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր ժամկետը, համաձայն որի՝  «1. Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից 6 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները»: 

 

Ստացվում է, որ ժառանգին «հարկադրում են» ընդունելու ժառանգությունը՝ առանց դրա ընդունման նպատակահարմարությունը պարզելու, քանի որ ժառանգության զանգվածի մեջ են մտնում թե՛ ժառանգատուին պատկանող ակտիվները՝ գույքը, դրամական միջոցները, թե՛ պարտավորությունները։


Դիրքորոշումը ներկայացվել է e-draft.am հարթակի միջոցով։


Դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 295

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????