Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խատուտիկներ անվերջանալի փոթորիկներում․ Վավերագիր՝ հայերի տոկունության մասին․ Կարինե Բիզարդ

February 9, 2024

Գործունեություն | Նորություններ

« Ծնվել խատուտիկ և դիմադրել մշտական փոթորկի նշանակում է լինել փխրուն, ջնջվել փոթորկի կողմից, տարածվել ողջ երկրագնդով և, այնուամենայնիվ, վերածնվել։ Խատուտկիը մոլախոտ է, որից չափազանց հեշտ է ազատվել։ Բայց այն նաև չափազանց հեշտ աճում է նորից, որովհետև անհնար է ոչնչացնել դրա փոքր սերմերը։  

 

Հայերի ցեղասպանությունից և Օսմանյան կայսրությունում հայ քրիստոնյաների ֆիզիկական բնաջնջման փորձից ի վեր, չնայած Լեռնային Ղարաբաղում իրար հաջորդող պատերազմներին, հայերը երբեք չեն դադարել ոտքի կանգնել և ապրել։ 

 

Այս աշխատանքը սկսել եմ 2023թ․ ամռանը՝ անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից առաջ։ Ես գնացել էի՝ հանդիպելու հայերին՝ խոցված 2020թ․ սեպտեմբերի 44 օրյա պատերազմից, որի ընթացքում երիտասարդ սերնդի էական հատված անհետացավ։ Իրապես, 18-ից մինչև 21 տարեկան՝ իրենց պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդներին կանչեցին կռվելու անհավասար պատերազմում՝ առանց պատերազմում կռվելու փորձի։ Հայաստանը կորցրեց հազարավոր երեխաներ, և իմ հանդիպած յուրաքանչյուր ոք սգում էր որդու, եղբոր, հոր կամ ընկերոջ կորուստ։ Հետո ես այս երկիր վերադարձա գրեթե 110,000 փախստականների արտագաղթից հետո, և տեսա կրկին իր եղբայրների դժբախտությունից ցաված Հայաստան։

 

Այս աշխատանքն ընդգծում է հայերի տոկունությունն ու դիմադրությունը, միայնությունը, կորուստը, մահը, հույսը և հավատը՝ թվերից անդին գտնվող մարդկային պատմությունների հետագծերով։ 

 

Այսպիսով, տխուր մեղմությամբ եմ պատմում զոհված զինվորների ընտանիքների մասին, որոնց հավատն այնքան ուժեղ է, որ թվում է՝ մեռյալները հավերժ մեր մեջ են։ Պատմում եմ անհայտ կորած զինվորների ընտանիքների պատմությունը, ովքեր անկարող են սգալ, մինչև չունենան իրենց երեխայի մահվան վերաբերյալ շոշափելի ապացույց։ Սակայն նաև պատմում եմ երիտասարդ զինվորների հույսի և ուժի մասին, ովքեր փորձում են հաղթահարել պատերազմի տրավման արվեստի կամ ծաղիկների միջոցով։ Ի վերջո, պատմում եմ Արցախի փախստականների պատմությունը, ովքեր կորցրել են ամեն ինչ մի քանի ժամվա ընթացքում՝ տնից մինչև հայրենիք, ընդհուպ մինչև իրենց կյանքը, և ովքեր պետք է մտածեն ապագա կերտելու մասին։  

 

Ինչու՞ Հայաստանը, եթե ես հայ չեմ։ 

 

Պարզապես կասեմ, որ սիրում եմ Հայաստանը արդեն երկար ժամանակ, և սա թեմա է, որի մասին ուզում եմ խոսել այն ժամանակ, երբ աշխարհի ուշադրությունը ավելի շատ Ուկրաինայի և Գազայի հատվածի վրա է։

 

Սիլվեն Տեսսոնի այս բառերը ասես իմը լինեմ․ «Հայաստանի ճակատագիրը միայն Հայաստանին չի վերաբերում։ Եթե այն դիտարկենք որպես [Եվրոպայի] շարունակություն, Եվրոպայից տափաստանի եզրին ձգված ստվեր, Արևելքում մեզնից մնացած մի կտոր, ապա այդ տանջանքները հենց մեզ են հարվածում»։ 

 

Այս լուսանկարները նպատակ ունեն ընդգծել ժողովրդի առանձնահատկությունները՝ մարդկության մասին իրենց հուզիչ պատմությունների միջոցով։

 

Իմ տեսանկյունը յուրահատուկ է, քանի որ հիմնված է դատավարական կողմերի պաշտպանության առեղծվածների անցյալիս, մարդկանց մասին իմ գիտելիքի և հասարակ տղամարդկանց ու կանանց արտասովոր ճակատագրերին կարեկցանքով վերաբերելու իմ սովորության վրա։

 

Այս աշխատանքն ամբողջությամբ ինքս եմ ֆինանսավորել և հույս ունեմ, որ ձեր աջակցության շնորհիվ կկարողանամ շարունակել լսելի դարձնել նրանց ձայները, ում չեն լսում, կամ ովքեր չափազանց փոքր են»։

 

Կարինեին Հայաստանում աջակցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

 

 

 

Գյումրի, Հայաստան, 2023թ․ հուլիսի 19։ Տիգրանը կռվել է որպես տանկավար 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Նա մահացել է 19 տարեկան հասակում։ Նրա 49-ամյա մոր՝ Կորայի համար Տիգրանն ԱՄԵՆՈՒՐ է։ Տիգրանի ծնողները մի ամբողջ սենյակ են նվիրել իրենց որդու հիշատակին։ @Կարինե Բիզարդ 

 

 

Հոկտեմբերի 7, 2023թ․ Գորիս, Հայաստան․ Կարենը և իր երկու որդիները՝ Արթուրն ու Նարեկը, Մարտակերտից են։ Մարտակերտը Թարթառի աջ ափին՝ Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից 40 կմ դեպի հյուսի գտնվող երկու լեռների միջև տեղակայված քաղաք է։ Սեպտեմբերի 19-ին քաղաքը սկսեցին ռմբակոծել։ Քանի որ համացանց ու հեռախոսակապ չկար, հոր համար անհնար էր կապ հաստատել երկու որդիների հետ, որոնցից մեկն աշխատում էր քաղաքից դուրս, իսկ մյուսն արդեն երկու ամիս զինվոր էր՝ ռազմաճակատում։ Չկարողանալով դուրս գալ քաղաքից առանց իր որդիների՝ հայրը որոշում է գտնել նրանց նախքան Հայաստան գաղթելը։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 15, 2023թ․, Եռաբլուր պանթեոն, Երևան, Հայաստան։ Հերոսների գերեզմանները և մայրամուտին քամուց ծածանվող դրոշները։  @Կարինե Բիզարդ 

 

 

 

Հուլիսի 19, 2023թ․ Գյումրի, Հայաստան։ Ժամանակն է բաց թողնել աղավնիներին, «Մի քանի դրամ ունենալու երազանք պահիր»։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 19, 2023թ․, Աշոցք, Հայաստան։ Մեքենայից նկարած փողոցի տեսարան։ Հետևի հայելուց խաչ է կախված։ Արագիլը թռչում է բնից։ Պատի վրա Շավարշ Քրիսյանի դիմանկարն է, «Ես արթուն կնամ, որ դուք հանգիստ քնեք» @Կարինե Բիզարդ 

 

 

 

Հուլիսի 18, 2023թ․, Գյումրի, Հայաստան։ 26 տարեկան Արտուշ Միքայելյանը 2020թ․ սեպտեմբերին սկսված 44-օրյա արցախյան պատերազմում կռվել է որպես զինծառայող։Նա կրել է իր նման բազմաթիվ երիտասարդների կորուստը։ Այդ ամենը կյանքի է կոչվում Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենի շնորհիվ։ Նկարում Արտուշը «Շարքային թռչնակը» բեմականացման փորձի ընթացքում է։ Բեմականացումը ոգեշնչված է Ուիլյամ Ուորթոնի ամենավաճառված գործից, որը պատմություն է այն մասին, թե ինչպես երկու հակառակորդ երիտասարդ փորձում են հաղթահարել պատերազմի սարսափները․ նրանցից մեկն այլևս չի կարող լինել անհոգ և ուրախ, իսկ մյուսը խոցելի և զգայուն էակ է, ով պարզապես ցանկանում է դեղձանիկներ բուծել և սովորել թռչել։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 18, 2023թ․, Գորիս, Հայաստան։ Ամենահամեստ պայմաններում ապրող հայ, ով, սակայն, բազմաթիվ հայերի նման, հնարավորինս օգնում է Լեռնային Ղարաբաղի փախստականներին։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 17, 2023թ․, Արմավիր, Հայաստան։ 19 տարեկան Գուրգենը մահացել է 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրա կապույտ սենյակում, որն իր ծնողների սենյակի կողքին, ոչինչ չի փոխվել։ Նրա բացակայությունը անչափելի է։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 20, 2023թ․, Գյումրի, Հայաստան։ Հայկական վանքի նկար այլևս չօգտագործվող բանտի լքված խցի պատին։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 18, 2023թ․, Գյումրի, Հայաստան։ Երբ 26 տարեկան Դավիթը գնաց պատերազմ, նրա որդի Վահաննն ընդամենը 11 ամսական էր, իսկ նրա 23-ամյա կինը՝ Արմինեն, արդեն մի քանի ամսական հղի էր նրանց երկրորդ երեխայով՝ փոքրիկ Անուշով։ Վերջին անգամ Դավիթը զանգահարել է 2020թ․ հոկտեմբերի 10-ին։ Դրանից հետո Արմինեն նրանից լուր չի ունեցել։ 2020թ․ նոյեմբերի 15-ին ընտանիքի անդամները սոցիալական հարթակներից մեկում տեսանյութ տեսան, որտեղ դիակների մեջ ճանաչեցին Դավիթի մարմինը։ Դա գաղտնի մնաց մինչև Անուշի ծնվելը։ Ծննդաբերելուց հետո Արմինեն տեսավ տեսանյութը։ Դավիթի մարմինը վերադարձվեց նրան միայն մեկ տարի անց։  Նա Photoshop-ով իրենց երկու երեխաներին ավելացրել է Դավիթի կողքին։ Բայց երեխաները չեն հասկանում, որ նկարն իրական չէ։ Նրանք կարծում են, թե իրապես նկարվել են իրենց հոր հետ։ Արմինեի համար դժվար է հաղթահարել Դավիթի կորուստը։ Սկզբում ամբողջ տնով Դավիթի նկարներն էին շարված, և Արմինեի համար դա շատ ծանր էր։ Նա նաև պահել է այս անկյունը, որպեսզի երեխաները հիշեն իրենց հորը, ում երբեք չեն իմացել։ Սակայն նրանք դեռ փոքր են և չեն ընկալում ժամանակի, մահվան ու անվերադառնալի անհետացման գաղափարները։ Նրանց ևս անհանգստացնում է այս ներկայությունը։ Օրինակ՝ Վահանը իր ջրի շիշը հոր նկարին էր մոտեցնում, որովհետև կարծում էր, թե նա ծարավ է։ Այս նկարը սարքելուց առաջ ընտանիքը այցելել է Դավիթի գերեզման․Արմինեն լացում էր, իսկ Վահանը թփթփացնում էր գերեզմանաքարին՝ բարձրաձայն ասելով, որ նա չէ իր մոր տխրության պատճառը։ @Կարինե Բիզարդ

 

 

Գյումրի, Հայաստան, հուլիսի 19, 2023թ․։ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Տիգրանը երեք օր կռվել է որպես տանկավար։ Նա զոհվել է 19 տարեկանում։ Տիգրանի ծնողները մի ամբողջ սենյակ նվիրել են իրենց որդու հիշատակին։ Տիգրանի մայրը՝ 49-ամյա Կորան, գրկել է իր թոռնուհուն՝ փոքր Կորային։ @Կարինե Բիզարդ

 

 

Հոկտեմբերի 20, 2023թ․։ Գոռի տատիկի ձեռքերում իր թոռան դիմանկարն է, ով զոհվել է 19 տարեկան հասակում՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի 13-րդ օրը։ Նրա պարտադիր զինվորական ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս։ Նա մահացել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ @Կարինե Բիզարդ 

 

 

 

Գյումրի, Հայաստան, 10/15/23։ Կարլենը մահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 20 տարեկան հասակում, մինչ 18 տարեկան Մանվելը մեկ այլ ռազմաճակատում էր։ Նա անմիջապես չի իմացել Կարլենի մահվան մասին, բայց նշան է ստացել իր մեծ եղբորից երազի տեսքով, որտեղ վերջինս հավաստիացրել է նրան, որ նա ողջ կմնա։ Այս «այցից» կարճ ժամանակ անց Մանվելը ստամոքսի լուրջ վնասվածք ստացավ և հրաշքով փրկվեց ձեռքի դիրքի շնորհիվ, որը դանդաղեցրել էր փամփուշտը։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հեկտեմբերի 16, 2023, Գյումրի, Հայաստան։ «Սպասում եմ՝ հրաշքներ կատարվեն»։ Սուբր Ամենափրկիչ տաճարի ներսում ես հույս ու խաղաղություն եմ զգում»։ Կարինեն գրականության ուսուցչուհի էր Ստեփանակերտում։ Նրա ծնողները ևս ուսուցիչներ էին։ Նա խնամել է ծնողներին մինչև նրանց մահ, քանի որ մայրը հիվանդացել էր շատ երիտասարդ տարիքում։ Կարինեին չի հաջողվել իր սեփական ընտանիքն ունենալ։ Այսօր նա մենակ է Հայաստանում՝ Ստեփանակերտից Գորիս և Գյումրի երկար ճանապարհից հետո։ Նա գնալու տեղ չուներ։ Քանի որ հաճախ էր հեռուստացույցով Գյումրիի մասին լսել, որոշեց այնտեղ գնալ։ Նա երախտապարտ է, որ կարողացել է գալ այստեղ, քանի որ ըստ նրա, հայ գրողներից և մեծ պոետներից շատերը ծագումով Գյումրիից են։ Կարինեի համար, ով երեխաներ չի ունեցել, 2020 թվականի պատերազմը ողբերգություն էր։ «Երկու ամիս շարունակ ես լացում էի՝ տեսնելով՝ ինչպես են իմ երկրի երեխաները մահանում», ասում է Կարինեն։  @Կարինե Բիզարդ

 

 

 

 

Հուլիսի 20, 2023, Գյումրի, Հայաստան։ Գյումրիի լքված բանտի խցի ավերակներում տնկի է աճում։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 19, 2023թ․, Աշոցք, Հայաստան։ Կարոն 23-ամյա երիտասարդ սերժանտ էր 44-օրյա պատերազմի ժամանակ, և ծառայում էր Լեռնային Ղարաբաղի սահմանային զորքերում արդեն 5 տարի։ Նա վիրավորում ստացավ 2020թ․ հոկտեմբերի 19-ին և բազմաթիվ կոտրվածքներ և սպիտակ ֆոսֆորից խորը այրվածքներ ստացավ։ Նրա մարմինը և հիմնականում մեջքը 80%-ով այրված էին, նա կորցրել էր ֆալանգները և ականջը։ Ամիսներ շարունակ նա վիրահատություններ էր տանում․․․Կարոն միշտ սիրել է ծառեր ու ծաղիկներ, և միշտ խնամել է իր տան այգին։ Պատերազմից և երկար ապաքինումից հետո նա ջերմոց կառուցեց և կյանք վերադարձավ շնորհիվ բույսերի։ «Երբեք չեմ մոռանա այդ օրը․․․տեսա, որ ընկերներ այրվում էին, իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Ես ինքս էլ այրվում էի։ 22 անձինց միայն մեզնից երեքը ողջ մնացին՝ ես, մեր վարորդ Սամվելը և իմ ընկեր Արմանը։ Արմանի ուսը ջարդվել էր։ Սամվելը նույնպես շատ վատ այրվածքներ ուներ։ Նա փորձեց ինձ դուրս հանել վառվող մեքենայից, բայց չկարողացավ։ Ես փորձեցի ու դուրս շպրտեցի ինքս ինձ։ Իր այրված ձեռքերով Սամվելը հագուստից վրայից հանեց համազգեստս, ինձ հեռու տարավ այրվող մեքենայից, որը ամեն պահի կարող էր պայթել»։ Նկարի հետևում նրա ընկերների գերեզմաններն են։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 17, 2023թ․, Գորիս, Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում Աստղավան անունով գյուղ կա։ Աստղավան նշանակում է «աստղերի գյուղ», որտեղ կարելի է գտնել  փոքր՝ աստղերի տեսքով խճաքարեր։Ըստ լեգենդի՝ աստղերը երկնքից ընկել  և դարձել են քարեր։ Երբ ադրբեջանցիները ռմբակոցեցին նրա տունը, այս «բաբուշկան»  տասնյակ մանր խճաքարեր դրեց յոգուրտի ապակյա տարրայի մեջ, որ իր երկրից մի փոքր կտոր տանի իր հետ։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 16, 2023թ․; Գորիս, Հայաստան։ Սուսամբարը մեջբերում է ռուսական ասացվածք, «Հույսը վերջինն է մեռնում»։ Նա ծնվել է Շուշիում Սովետական միության ժամանակ, երբ այս քաղաքը Ադրբեջանում էր։ 2020թ․-ի պատերազմից հետո նա կորցրեց իր տունն ու տեղափոխվեց Ստեփանակերտ՝ հույս ունենալով վերադառնալ Շուշի, բայց նա իր տունը կորցրեց երկրորդ անգամ։ Սուսամբարն ուզում է մնալ այստեղ՝ Գորիսում, քանի որ այն մոտ է Լեռնային Ղարաբաղի սահմանին, և նա դեռ հույս ունի վերադառնալ Շուշի՝ իր ընտանեկան նկարները գտնելու և  իր մտերիմների գերեզմաններ այցելելու: Հյուրանոցի սենյակում, որտեղ նա բնակվում է իր ողջ հմայքով, պատին խատուտիկի նկար կա։ Նրա հիշողությունները քամուց քշվել են, բայց նրա հույսը միշտ վերածնվում է։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 16, 2023թ․, Գյումրի, Հայաստան։ 50 տարեկան Սիլվան ժամանել է Գորիս, ապա Գյումրի՝ այս չօգտագործվող հիվանդանոցի շենք։ Հայաստանում նա ընտանիք չունի։ Նա ամուսնալուծված է, իսկ իր դուստրը՝ իր թոռների հետ ապրում է Ռուսաստանում։ Իր առաջին տունը նա կորցրել է 2020թ․-ի պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում։ Դրանից հետո նա տեղափոխվել է Ստեփանակերտ և նոր տուն ու խանութում աշխատանք է գտել։ 2023թ․ սեպտեմբերի ներխուժման ժամանակ նա ստիպված էր հեռանալ իր երկրորդ տնից։ Երբ Ստեփանակերտի բնակիչները ստիպված էին հեռանալ, բոլոր խանութները բաց էին, և մարդկանց խնդրում էին վերցնել այն ամենը, ինչ կարող են։ Սիլվան թեյնիկ է բերել, որ սուրճ պատրաստի, և վարագույր, որը շատ էր հավանել, «Այս վարագույրը ադրբեջանցիներին չէի թողնի»։ @Կարինե Բիզարդ 

 

 

 

Հուլիսի 19, 2023թ․, Գյումրի, Հայաստան։ Տիգրանը կռվել է որպես տանկավար 2016թ․ ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ 3 օր։ Նա զոհվել է 19 տարեկանում։ Ամեն տարի նրա ծննդյան օրը ընտանիքի անդամներից մեկը թափահարում է տան դիմացի ընկույզի ծառը, որը Տիգրանի հուշաքարի կողքին է, և ընկույզները, որ Տիգրանը շատ էր սիրում, բաժանում է մարդկանց՝ նրանց սրտերում Տիգրանին ողջ պահելու համար։ Նկարում Տիգրանի հոր ձեռքերն են՝ լի Տիգրանի ծննդյան օրվա բերքահավաքի ընկույզներով։   @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 20, 2023թ; Վանաձոր, Հայաստան։ 45 տարեկան Աննայի ձեռքերում իր որդի Գևորգի նկարն է, ով անհետ կորել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում։ Նա ընդամենը 20 տարեկան էր և ծառայում էր որպես  զինծառայող Սյունիքի մարզում։ Նա զանգել է իր մորը 2020թ․ հոկտեմբերի 3-ին և չի ասել, որ իրեն ռազմաճակատ են տանելու, որպեսզի մայրը չանհանգստանա։ Դա նրա վերջին զանգն էր։ Գևորգի դեպքում իր ծնողների ԴՆԹ-ի հետ համընկնում չկա, ինչն էլ ամենամեծ հույսն է տալիս, որ նա ողջ է ինչ-որ տեղ։ Սակայն նա գերիներ ցանկում չկա։ Իր հետ կռվող երկու երիտասարդների դեպքում գտնվել են մարմնի մասեր կամ ոսկորներ։ Հետևաբար Գևորգն անհայտ կորած զինծառայողների երկար ցանկում է։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 21, 2023թ․, Վանաձոր, Հայաստան։ Այս զույգը 4 տղա ուներ։ 2020թ․ սեպտեմբերի 28-ին 53-ամյա մայրն իմացավ, որ իր փոքր որդին, ով 18 տարեկան էր և ընդամենը մեկ ամիս էր ծառայել, վիրավորում էր ստացել ստամոքսի հատվածում և հոսպիտալացվել Ստեփանակերտում՝ ծանր վիճակում։ Այժմ նա ծանր հաշմանդամություն ունի։ Սեպտեմբերի 29-ին նա հեռախոսով խոսեց իր երկրորդ որդու՝ 19-ամյա Գոռի հետ, և չցանկացավ պատմել նրան իր փոքր եղբոր մասին, հատկապես որովհետև Գոռին կանչել էին կռվել Լեռնային Ղարաբաղում։ Դա նրանց վերջին զրույցն էր։ Ծնողներն ապարդյուն խնդրեցին նախարարությանը չուղարկել Գոռին պատերազմ, քանի որ նրանց փոքր որդին ծանր վնասվածք էր ստացել։ Սակայն հոկտեմբերի 3-ին նրանք իմացան, որ Գոռը մահացել է անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 18, 2023թ․; Գորիս, Հայաստան։ Փախստական կին Լեռնային Ղարաբաղից։ Նա 68 տարեկան է և ունի 4 երեխա և 7 թոռ։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 16, 2023թ․; Զվարթնոց, Հայաստան։ Էջմիածնի Մայր տաճարում պատարագի մասնակցող կնոջ դիմանկար։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հուլիսի 14, 2023թ․; Հայաստան։ Կինը մոմեր է վառում Գեղարդի վանքում։ @Կարինե Բիզարդ

 

 

 

 

Հուլիսի 15, 2023թ․; Երևան, Հայաստան։ Մայրը մաքրում է որդու գերեզմանի նկարը։ Նա մահացել է 19 տարեկան հասակում՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, և հուղարկավորված է այլ զինծառայողների հետ Եռաբլուր գերեզմանատանը, որից տեսարան է բացվում դեպի քաղաք։. 

@Կարինե Բիզարդ

 

 

Հուլիսի 18, 2023թ․; Գյումրի, Հայաստան։ Վահանը և Անուշը՝ Դավիթի՝ իրենց հոր դամբարանի առջև։ Դավիթը մահացել է 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 26 տարեկան հասակում։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 18, 2023թ; Գորիս, Հայաստան։ Նկարի ձախ կողմում նստած տատիկը հայ է և ապրում է իր հաշմանդամություն ունեցող դստեր հետ։ Նա իր համեստ տուն է ընդունում իր մյուս դստերը և ծնողների ծնողներին, ովքեր փախստականներ են Ստեփանակերտից։ Նրանք երեքն էլ հեռացել են Ստեփանակերտից՝ վերցնելով միայն իրենց հագի հագուստը՝ հետևում թողնելով իրենց ամբողջ կյանքը։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 23, 2023թ․, Երևան, Հայաստան։ 25-ամյա Տոման Ժաննայի երկվորյակ քույրն է։ Նա ևս ավարտել է Երևանի իրավաբանական բաժինը։ Ամեն երեկո՝ ժամը 6-ից մինչև ժամը 10-ը նա գալիս է մարզվելու մայրաղաքաղի բարձրունքներում՝ ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) խմբի շրջանակում, որը կամավոր ռազմականացված խումբ է և պատրաստում է քաղաքացիական անձանց պատերազմի հավանականության համատեքստում։ Տոման ասում է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը, եթե Ադրբեջանը հարձակվի։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 23, 2023թ․; Արմավիր, Հայաստան։ 19-ամյա Գուրգենը  մահացել է 2020թ․-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երիտասարդ զինծառայողների համար ավանդույթ է զինծառայության կամ պատերազմի ավարտին իրենց համազգեստի հորիզոնական գծերի վրա սիրո խոսքեր ունենալ ասեղնագործած՝ արյան կարգի մասին տվյալների տեղում՝ այն օրվա համար, երբ իրենց համազգեստը կրելով կվերադառնան՝ ընտանիքի մոտ։ Գուրգենի մահից հետո նրա մայրը՝ Աննան, ստացավ նրա իրերը։ Որդու համազգեստի վրա ուղերձ կար, «Մամ ջան, տուն եմ գալիս»։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 16, 2023թ․; Հայաստան։ Հայկական լեռները Սյունիքի ճանապարհին։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Հոկտեմբերի 21, 2023թ; Վանաձոր, Հայաստան։ 19-ամյա Գոռը մահացել է 44-օրյա պատերազմի 13-րդ օրը։ Նրա պարտադիր զինվորական ծառայության ավարտին մնացել էր 3 ամիս։ Նա մահացել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Գոռի դագաղը փակ էր, քանի որ երիտասարդ տղան լուրջ վնասվածքներ էր ստացել։ Նրա մայրը այդպես էլ չկարողացավ տեսնել նրան մեկ վերջին անգամ։ Նա պահել է որդու սաղավարտը, որը նա կրել է մահվան պահին, քանի որ դա միակ բանն է, որ մնացել է Աննային իր որդուց։ @Կարինե Բիզարդ

 

 

 

 

Հոկտեմբերի 23, 2023թ․; Եռաբլուր պանթեոն, Երևան; հոկտեմբերի 23, 2023թ․։ Մարտունիում, որը Ղարաբաղի հարավում է, ադրբեջանցիները սպանեցին մայոր Ազնավուր Սաղյանին, ում անվանել էին ի պատիվ ֆրանսահայ երգչի։ Նա 34 տարեկան էր։ Նրա քույրն ասում է, որ 2020թ․-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Աստված բարեբախտաբար նրանց ցույց չտվեց դեպի Եռաբլուր՝ հերոսների գերեզմանատան ճանապարհը։ Բայց 2023թ․ սեպտեմբերին, թվում էր՝ Աստված միայն այդ ճանապարհն էր ցույց տալիս։ Մարտունիից հեռանալուց առաջ Ազնավուրի ընտանիքը փոս է փորել ընտանեկան գերեզմանում՝ երիտասարդ մայորի հոր կողքին։ Մարմինը հանելուց և 10 օր պահելուց հետո նրանք ճանապարհ ընկան երկար օրեր՝ առանց կանգնելու, դեպի Եռաբլուր պանթեոն, որտեղ այժմ հուղարկավորված է նրանց Ազնավուրը։ Ազնավուրը երեք փոքր երեխաների հայր էր։
Ազնավուրի քույրը վարդերի փունջ է դնում նրա ժամանակավոր գերեզմանին։ @Կարինե Բիզարդ

 

 

 

Դիտումներ՝ 941

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????