Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պաշտպանության նախարարություն, ի՞նչ ես անում

February 14, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

2021 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի զինվորական վարչությունում քննվել է 8 հազար 369 քրեական գործ՝ 56.4 տոկոսով կամ 3 հազար 18-ով ավելի, քան նախորդ՝ 2020 թվականին։ 3 հազար 420 գործով նախաքննությունն արդեն ավարտվել է․ որպես մեղադրյալ է ներգրավվել է 394 անձ (կեսից ավելին՝ 199-ը, ժամկետային զինծառայողներ)։ Վիճակագրությունը՝ առանց մանրամասների, ներկայացրել է զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա. Կրկյաշարյանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ նախաքննության «արտադրողականությունն ավելացել է 7.5 տոկոսով»:

 

Բայց ինչի՞ մասին են վկայում այս թվերը։ Իրավապահ մարմիններն դրանք սովորաբար ներկայացնում են որպես արդյունավետ աշխատանքի հավաստիք, իրավապաշտպանները՝ մեկնաբանում որպես չարված աշխատանքի հետևանք․․․

 

Արթուր Սաքունց․ – Զինված ուժերում մահվան դեպքերի 75 տոկոսը կապված է ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլ զինվորական ծառայության կազմակերպման հետ․․․ Սա ի՞նչ է նշանակում։

 

Բանակում անձը գտնվում է պետության հսկողության ներքո՝ զինվորական հրամանի ներքո, պետության ուղղակի պատասխանատվության ներքո։ Նրա կյանքի, նրա անվտանգության, առողջության, նրա անվտանգ ծառայության, մարտական հանձնարարության կատարման համար անհրաժեշտ պատրաստվածության, պատշաճ զինվորական կարգապահության, դրա համար անհրաժեշտ որակավորում ունեցող սպաների համար պատասխանատուն պետությունն է։

 

Երբ պետությունն իր պատասխանատվությունների շարքը, ծավալը չի ապահովում, դա անխուսափելիորեն հանգեցնում է այնպիսի իրավիճակների, իմ գնահատմամբ՝ անվերահսկելի իրավիճակների, որոնց հետևանքով առաջ են գալիս քրեական գործ հարուցելու հիմքեր։

 

Ո՞վ է պատասխանատու սրա համար։ Պետությունը՝ հանձինս, նախևառաջ, Գլխավոր շտաբի։ Գլխավոր շտաբն է զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն։ Իսկ ո՞վ է Գլխավոր շտաբի պետքը։ Մի անձ, որը քրեական գործով անցնում է որպես մեղադրյալ։ Հիմա այդ մարդը մտածի իր՝ որպես մեղադրյալի իրավունքների պաշտպանությա՞ն, թե՞ զինվորական ծառայության կազմակերպման մասին։ Այս մարդու լիազորությունները պետք է դադարեցնել․ կապ չունի՝ քրեական գործը կապված է անորակ գնումների, թե որևիցե այլ բանի հետ։ Սա արձանագրեք։

 

(Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ գործընկերների, այդ թվում նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին, անցնում է անորակ հրթիռների մեծածավալ գնման գործով (տե՛ս «Նոր պատերազմ՝ հին հրթիռներ»)։ Մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Ի տարբերություն մյուսների, նա ոչ միայն կալանավորված չէ, այլև շարունակում է պաշտոնավարել)

 

Վիճակագրությունը՝ ճիշտ, թե սխալ, չի կարող ամբողջ երևույթը արտացոլել։ Քննչական կոմիտեն չի հրապարակում այդ քրեական գործերի պատճառները [պարզ չէ նաև, թե դրանց որ մասն է վերաբերում պատերազմական շրջանին, որը՝ հետպատերազմական]: Իսկ թիվը բավականին մեծ է՝ 8 հազարից ավել․․․

 

Հիշենք ամենավերջին գործը՝ Կապանի զորամասից։ Ազգությամբ եզդի քաղաքացու մասով, որը ստիպված է եղել թողնել զորամասը և ենթարկվել է հետապնդումների։ Հարցեր են առաջ գալիս։ Նախաքննության գատնիքի հետ կապված մենք սահմանափակում ունենք ծանոթանալու, բայց եթե մամուլի հրապարակումներին առայժմ հետևենք․․ մնացած զինծառայողները ինչ-որ ցուցմունքներ են տալիս, որ բռնություն չի եղել և այլն։

 

Այստեղ քննության որակի հետ կապված մենք հարցեր ունենք։ Ինչքանո՞վ է ապահովված, երաշխավորված զինծառայության հետ կապված խնդիրների մասին վկայություն տվող անձի անվտանգությունը։ Ինչի՞ պետք է գործը հասնի նրան, որ մարդը ստիպված լինի լքել զորամասը, որովհետև բռնությունների է ենթարկվել, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի․․․ Սա ամենաթարմ դեպքն է։ Բայց ոչ եզակին։ 

 

(Զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները փետրվարի 3-ին պատմել էին, որ բանակ զորակոչվելուց մեկ օր անց տղան կապվել է իրենց հետ, ասել, որ սպաները ծեծել են իրեն և ևս մեկ եզդի նորակոչիկի, փորձել են ստիպել զուգարան մաքրել, զրկել են սննդից և պահել փողոցում։ Զրույցից հետո զինվորը կորել է (տե՛ս՝ «Եզդի նորակոչիկներին ծեծել են, տարել զուգարան, մեկը կորել է. ՊՆ-ն արդարացնում է սպաներին»)։ Մեկ օր անց տղան կապի է դուրս եկել, տուն գալուց հետո՝ հանձնվել ռազմական ոստիկանություն։ Ֆերոյանի տատիկն ավելի ուշ պատնել է, որ նրա ծառայակցին ստիպել են ցուցմունք չտալ․ «Թոռանս հետ մի ծառայող եզդի էլ է եղել, նրան էլ են ծեծել, էդ երեխեն զանգել է իր ծնողին՝ հասեք, իր ծնողն արդեն ամսի մեկին էնտեղ է եղել, այնպես են սարքել, որ էդ երեխեն ասել է՝ նման բան չի եղել․․․»)

Մենք մտահոգություններ ենք ստանում նաև պայմանագրային զինծառայողների հետ կապված։ Օրինակ՝ Գևորգ Ավետյանին ինքնասպանության հասցնելու դեպքով, որի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Դիրքի ավագը ընդհանրապես բացակայել է այդ դեպքի ժամանակ։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, ինչպիսի վիճակի մասին է խոսքը։ Բոլորիս հայտնի է․․․ 

(Նոյեմբերի 15-ին Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորում էր ստացել 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանը։ Հաջորդ օրը Գևորգը մահացել էր։ ՊՆ-ն հայտարարել էր, թե զինծառայողը, ըստ նախնական տվյալների, մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Նրա եղբայրը պատմել էր, որ Գևորգի մարմնին բռնության բազմաթիվ հետքեր կան, մահն էլ վրա է հասել 3 կրակոցներից․ «Ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն ծեծել՝ մարմնին բռնության հետքեր թողնելով, հետո երեք անգամ ինքն իրեն կրակել» (տե՛ս՝ «Բանակային հերթական «ինքնասպանությանը» դաժան ծեծ է նախորդել»)։ Դեպքի ժամանակ դիրքի ավագը տեղում չի եղել։ Եղբոր խոսքերով՝ Գևորգը խնդիրներ է ունեցել երկու ծառայակիցների՝  Աղասի Սարիբեկյանի և Արտակ Ապրեսյանի հետ, նվաստացումների է ենթարկվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, զինծառայողներ Ա․Ս․-ին և Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել․ նրանցից մեկը, ըստ ՔԿ-ի, պարբերաբար նվաստացրել է զինծառայողին, մյուսը՝ ծեծի ենթարկել նրան։ Գևորգի եղբայրը վստահ է, որ նա ինքնասպան չի եղել, նրան սպանել են)

 

Հատկապես պատերազմից հետո խնդիր դրվեց Զինված ուժերի բարեփոխման կամ վերականգնման։ Ինչպիսի՞ն կարող է լինել կամ ինչպե՞ս կարող են բարեփոխումներ իրականացվել այս իրավիճակում։ Արդյո՞ք կարող ենք ունենալ վստահություն, որ այդ բարեփոխումները բովանդակային նշանակություն կունենան։ Բարեփոխում իրականացնելը ենթադրում է մթնոլորտ, ենթադրում է մասնակցություն, ենթադրում է մարդկանց տրամադրության փոփոխություն այն իմաստով, որ մենք ոչ թե վաղը, այլ հիմա պետք է ջանքեր գործադրենք՝ նախադրյալներ ստեղծելու, որ այդ փոփոխությունները հաջողված լինեն։ Ախր չի համատեղվում բարեփոխումների մասով վերցված պարտավորությունը այսօրվա հրատապ պարտավորությունների կատարման վիճակի հետ։ 

 

Պետության պարտականությունների անբավարար կատարման, չկատարման հետևանքով մենք ունենք մարդկային զոհեր․ մահացության դեպքերի գոնե վիճակագրությանը կարողանում ենք հետևենք։ Եվ մահվան դեպքերի 75 տոկոսը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով չեն, որ ասես՝ դե հակառակորդի կրակոցից է մարդը մահացել։ Ինքնասպանություններ, սպանություններ, առողջության հետ կապված․․․ Այսինքն՝ բժշկության զննության վիճակը ինչպիսին պետք է լինի, որ մարդիկ ծառայության ընթացքում մահանան առողջական խնդիրների պատճառով։ Մարդիկ մահանում են ավտովթարներից, այսինքն տեխնիկական միջոցների, դրանց սպասարկման կամ շահագործման կանոնների պահպանման հետևանքով․․․ Սրանք բոլորը զինվորական ծառայության կազմակերպման հետ ուղիղ կապ ունեցող պատճառներ են։ Պետությունը չի կարող, բարեփոխումների մասին խոսելով, չլուծել կամ չկատարել այսօրվա պարտականությունները՝ այն անձանց հանդեպ, որոնք գտնվում են իր անմիջական, ամբողջական տիրապետության և հսկողության ներքո։

 

(2021 թվականին հայկական բանակում 76 զինծառայող է զոհվել. նրանցից 57-ը մահացել են ոչ մարտական պայմաններում (տե՛ս «Կայծակնահարում, ինքնասպանություն, վրաերթ․ 2021-ի բանակային մահերը»)։ Ըստ պաշտոնական վարկածների՝ 11 զինծառայող սպանվել է, 9-ը՝ ինքնասպան է եղել, 17-ը՝ մահացել առողջական խնդիրների, 15-ը՝ ավտովթարի, 5-ը՝ դժբախտ պատահարի, 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով)

 

Առավել ևս պատերազմի հետևանքով այն հոգեբանական վիճակը հաշվի առնելով, որ Զինված ուժերում տիրում է։ Պատերազմի մասնակցած որոշ զինծառայողներ՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ, դեռ շարունակում են իրենց ծառայությունը․․․ Նրանց տրամադրվե՞լ է արդյոք հոգեբանական վերականգնամ հնարավորություն։ Գերությունից ազատվածներին՝ պարտադիր ժամկետային, զինծառայության ուղարկելու հետ կապված նույնպես ահազանգներ ունենք։ Այդ մարդիկ անցե՞լ են անհրաժեշտ վերականգնում՝ հոգեբանական, ֆիզիկական, որպեսզի նորից ընգրկվեն ծառայության մեջ․․․

 

(Ամռանը գերությունից վերադարձած Նարեկ Սիրունյանը նորից զորակոչվել է․ նա մարմնի հինգ հատվածներում վիրավորում ունի (տե՛ս՝ «Գերությունից լուրջ խնդիրներով վերադարձած զինծառայողին կրկին բանակ են տարել․ ՊՆ-ի համար դա խնդիր չէ»): ՀՔԱՎ դիմած հոր խոսքերով՝ բացի նրանից, որ տղան հոգեպես դեռ չի վերականգնվել, նա նաև չի կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ, չի կարողանում ազատ շարժել ձեռքերը։ ՊՆ-ն, սակայն, համարում է, որ ստացիոնար բուժման կարիք երիտասարդը չունի, հոգեբանական հարցերը նախարարությունը լուծում է «սպա-հոգեբանի հսկողությամբ»․․․)

 

Սրանք հարցեր են, որոնց, այդ մարդկանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, թիվ մեկ պատասխանատուն ԳՇ պետն է՝ քրեական գործով անցնող մեղադրյալ, որ շարունակում է պաշտոնավարել։ Այսպիսի բան ընդհանրապես․․․ 

 

Այս ամենը ծանր է անդրադառնում զինվորների, զինծառայողների վրա։ Սա արժենում է մարդկային կյանքեր։

 

Եվ արդյո՞ք այս առումով քրեական գործեր հարուցելը այն միակ միջոցն է, որը պետք է կանխի․․․ Ո՛չ։ Քրեական պատասխանատվությունը ամենավերջի՛ն միջոցն է իրավիճակի շտկման համար։ Նրանք պետք է գիշեր-ցերեկ՝ ԳՇ պետից, տեղակալներից, կորպուսների հրամանատարներից, գումարտակների հրամանատարներից սկսած, պետք է աշխատեն՝ գիշեր-ցերեկ։ Որովհետև այս իրավիճակը պետք է շտկվի։

 

Պաշտպանության նախարարություն, ի՞նչ ես անում, ի՞նչ միջոցներ ես ձեռք առնում, ի՞նչ կարողություն ես մշակում, որ այս իրավիճակը փոխվի։

 

Եթե մի քիչ խելք ունենային, կարող է այս վիճակագրությունը չհրապարակեին։ Եթե այսքան ավելացել է քրեական հանցագործությունների թիվը, դա նշանակում է՝ չարված գործողությունների թիվն է այսքան ավելացել․․․

 

epress.am

 
 
 
Դիտումներ՝ 131

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????