Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ
21 հուլիսի, 2022թ.
2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ:
Այսպիսով՝ Եվրոպական միությունը գազի գործարք է ստորագրել ամբողջությամբ ավտորիտար ռեժիմով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի հետ, որն իր գործողություններով ոտնահարել է միջազգային մարդասիրական իրավունքները, և որի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ընդամենը 2 տարի առաջ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների շարունակական հանցավոր խախտումները, հայատյաց ռասիստական քաղաքականությունը ու դրանց հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանացել, չեն դատապարտվել և պատասխանատվության չեն ենթարկվել:
Իլհամ Ալիևի հետ կնքած գազային այս գործարքով շարունակվում է այն արատավոր մոտեցումը, որ կոռումպացված բռնապետն ու ագրեսորը կարող է «լավ գործընկեր» լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող միջազգային կառույցի համար։
Մինչդեռ այս գործարքն, ըստ էության, ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ Ռուսաստանի հակամարդկային և հակաքաղաքակրթական ռեժիմի հետ էներգետիկ համագործակցության քաղաքականության վերարտադրումն է, ինչը քաջալերում էր պուտինյան ռեժիմին՝ շարունակելու ագրեսիան և պատերազմական հանցագործություններն Ուկրաինայի դեմ: Անհավատալի է և ծայրահեղ մտահոգիչ, որ Եվրոպական միության համար դեռևս պարզ չէ, որ անպատժելիության և ռեալ պոլիտիկի «սնուցման» գրեթե երկու տասնամյակն է դարձրել Պուտինի ռեժիմն այն, ինչ այն հանդիսանում է այսօր: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ժողովրդավարական Եվրոպան պատրաստ է զիջել իր արժեքները հանուն այսրոպեական տնտեսական բարեկեցությանը։
Ակնհայտ է, որ ներկայիս էներգետիկ ճգնաժամի և համաշխարհային սովի ռիսկի իրավիճակում Եվրոպական միությունը և աշխարհը կարիք ունեն արագ լուծելու առաջացած էներգետիկ և սննդի դեֆիցիտի խնդիրը, և թե՛ Եվրոպական միությունը, թե՛ աշխարհն ունեն բավարար ռեսուրսներ նշված խնդիրները արժանապատվությամբ լուծելու համար։
Այն պայքարը, որը ներկայումս մղում է Ուկրաինան՝ դիմագրավելով պուտինյան ռեժիմի ագրեսիային, և որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ մարտահրավերն է միջազգային իրավունքին ու մարդկային քաղաքակրթությանը, արժանի է ավելի սկզբունքային, արդար, հեռանկարային, թեկուզ ավելի թանկ լուծումների։
Միայն այսպիսի մոտեցմամբ կարելի է դիմագրավել, կանխել և վերջ դնել բռնապետական պետությունների ապօրինի գործողություններին ու շանտաժի միջոցով միջազգային հարցեր լուծելու պրակտիկային:
Եվրոպական միության և Իլհամ Ալիևի միջև գազային պայմանագիրն այն ուղերձը չէ, որ պետք է ստանան միջազգային հանրությունը, տարածաշրջանի պետություններն ու հասարակությունները Ուկրաինայի դեմ պուտինյան ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակահատվածում։
Մի կոռումպացված ագրեսոր բռնապետի պատժելու համար մեկ ուրիշին պարգևատրելը, անխուսափելիորեն խաթարում է միջազգային արդարադատությունը և խրախուսում անպատժելիությունն ու բիրտ ուժի կիրառումը՝ որպես արդյունավետ միջազգային պրակտիկայի միջոցներ:
Արևմտյան ժողովրդավարությունները կարող են և պարտավոր են գտնել առկա մարտահրավերները հաղթահարելու այնպիսի լուծումներ, որոնք չեն ստորադասում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, արդարադատությունն ու միջազգային մարդասիրական իրավունքը տնտեսական, էներգետիկ և գեոպոլիտիկ նպատակահարմարություններին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
ԲՀՀ-Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Կանանց իրավունքների տուն ՀԿ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Խաղաղության երկխոսություն