Factor.am-ը զրուցել է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ
-Պարո՛ն Սաքունց, այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Առաջարկվում է օրենքով թույլ տալ իշխանության մարմիններին հեռախոսազանգի տվյալների օգտագործմամբ իմանալ անձի տեղը, թե ո՞ւմ է նա զանգել, պարզել հեռախոսահամարները, զանգի սկիզբը և ավարտը։ Սա, ըստ իշխանության, նպատակ ունի հավաքագրել վարակված անձի և նրա շփումների շրջանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ օպերատիվ կերպով։ Միջամտությունը ավարտվելու է արտակագ դրության ավարտմամբ։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ռիսկեր է սա պարունակում։
-Սա մարդու իրավունքների սահմանափակման երկրորդ օրենսդրական ակտն է, որ ներկայացնում է իշխանությունը։ Առաջինը վերաբերվում էր մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին, և որպեսզի հասկանանք, թե արդեն հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալների ստացման առաջարկվող փոփոխությունը ինչքանով է հիմնավոր, պետք է դիտարկենք՝ ելնելով նաև կորոնավիրուսի կանխման առանձնահատկություններից։ Պարզ է, որ կորոնավիրուսի կանխման հիմնական միջոցը, որի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվել է ցուցումներ, մեկուսացումն ու ինքնամեկուսացումն է։ Եվ այլ նպատակով մարդկանց շփումների նվազեցումը, սոցիալական հեռավորությունը պահպանելուն ուղղված սահամանփակումները առավել հիմնավոր են հենց կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, որպեսզի սահամանփակվի դրա տարածման շրջանակը։ Գիտենք, որ կա կառավարության որոշում։ Ի՞նչ է տալու իշխանությանը հեռախոսազանգի տվյալներին մատչելություն ունենալը։ Չեմ տեսնում որևէ հիմնավորում, որովհետև եթե խոսքը գնում է վիրուսակիր քաղաքացու գտնվելու վայրի տեղորոշման մասին, ապա պետք է հարց առաջանա՝ եթե պետությունը գիտի, որ անձը վիրուսակիր է, ինչո՞ւ նրա տեղը պիտի հայտնի չլինի պետությանը։ Այսինքն՝ վիրուսի հայտնաբերմանը անմիջապես հետևում են բժշկական աջակցության, մեկուսացման ու բժշկական օգնության գործոնները, և հետևաբար՝ այստեղ տեղորոշելու անհրաժեշտությունը որպես այդպիսին չկա։ Երկրորդ՝ եթե նրան առնչված անձանց շրջանակը հայտնաբերելու մասին է խոսքը, ապա դա կարող է որոշվել միայն վիրուսակիր անձի միջոցով։ Եթե ենթադրենք, որ վիրուսակիր անձը չի հայտնում իր շփման շրջանակը, ապա կներեք, ինձ համար անհասկանալի է, թե նրա հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալներ ստանալու դեպքում ինչպե՞ս է հիմնավորելու իշխանությունը, որ ում հետ խոսել է անձը, նրա հետ նաև ֆիզիկական շփում է եղել։ Քանի որ ինչպես գիտենք, հեռախոսային կապով վիրուսը չի տարածվում։ Այսինքն՝ հեռախոսակապի առկայությունը հիմք չէ որևէ այլ անձի կասկածել վիրուսակիր լինելու մեջ։ Այստեղ խիստ տարածական է լինում, խիստ անհամաչափ է լինում այդ տվյալների ստացումն ու տիրապետումը։ Հաջորդը, օրենքով նախատեսված է, որ հեռախոսային տվյալները կարող են վերաբերվել միայն տեղորոշմանը և չպետք է վերաբերվեն անձի գաղտնի այլ տվյալներին։
-Իսկ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ գործիքներ են տրվում անձին վերահսկելու իր վերաբերյալ տվյալների օգտագործումը։
Ինձ համար հասկանալի չէ և իրավական ակտով չի նախատեսվում, որ եթե տեղի ունենա չարաշահում, ապա ես ինչպե՞ս եմ վերահսկելու իշխանության գործողությունը, ինչպե՞ս եմ իմանալու չարաշահման մասին և ինչպես եմ կանխելու չարաշահումը։ Իրավական և տեխնիկական որևէ մեխանիզմով հնարավոր չի վերահսկել իշխանության գործողությունները, եթե հեռախոսազանգերը լսվեն։ Հնարավոր չի կանխել հնարավոր չարաշահումները։ Այսինքն՝ արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի սահմանափակումը առավել քան բավարար է համավարակի տարածման կանխման համար և հեռախոսային խոսակցության տվյալների մատչելիությունը իշխանության համար որևէ հիմնավորում չունի նպատակի տեսակետից, որը փորձում են ներկայացնել, թե կորոնավիրուսի համավարակն է կանխվում։ Կառաջարկեմ, որ իշխանությունը ջանքեր գործադրի կորոնավիրուսի առկայության թեստեր ձեռք բերելու և զանգվածային թեստավորում իրականացնելու նպատակով, առանց որի վիրուսակիրների հնարավոր շփումները հնարավոր չէ որոշել։ Այս մեթոդը, որով վերահսկվում է մարդկանց անձնական կյանքը, շփումները, ոչ միայն անհամաչափ է իրավական իմաստով, այլև անարդյունավետ է կորոնավիրուսի տարածման իմաստով։
-Առկա է քրեական պատասխանատվություն, եթե հավաքագրված տեղեկատվությունը օգտագործվում է ոչ առաջարկված նպատակով։ Եվ այսօր ԱԺ-ում նախարարը բերեց քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ։ Արդյոք դա չի՞ կանխի հնարավոր չարաշահումը։
-Որպեսզի ես իմանամ՝ իմ նկատմամբ չարաշահում եղել է, թե՝ ոչ, ես պետք է հնարավորություն ունենամ դա իմանալու։ Ո՞րն է այդ հնարավոր չարաշահման փաստն արձանագրելու իմ հնարավորությունը, չկա, օրենքը չի սահմանում։ Ավելին, ասում է, որ արտակարգ դրության ռեժիմն ավարտելուց մեկ ամսվա ընթացքում ոչնչացվելու են տվյալները, ես չգիտեմ, թե այդ հեռախոսային զանգերի տվյալները որտեղ են պահվելու, այսինքն՝ եթե ենթադրենք ինձ տրամադրվեցին, որ ձեր հեռախոսազանգերի տվյալները կան, խնդրեմ ծանոթացեք, բայց այդ դեպքում ո՞րն է իմ գործիքը, որով ես կարող եմ իմանալ՝ արդյոք արտակարգ դրության ավարտից հետո իմ հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթացել են, թե՝ ոչ։ Այսինքն՝ գործիքների անհամաչափություն կա։ Իշխանությունը, հանձինս օպերատորների տրամադրած տվյալների, կարող է տիրապետել ցանկացած ինֆորմացիայի, ինձ ընդամենն ասում է՝ ստոպ, կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե չարաշահել են՝ չտրամադրելով չարաշահումը արձանագրելու որևէ տեխնիկական, իրավական հնարավորություն։
-Ձեր գնահատմամբ՝ նման նախագիծ ընդունելիս ի՞նչ կարևորություն ունի հանրային վստահության գործոնը իշխանության նկատմամբ։ Կարո՞ղ են ասել այս նախագիծը կորոնավիրուսի վարակը տարածելու դեմ է միայն և առողջապահական նշանակության է, ի՞նչ հիմք ունեք մտածելու, որ իշխանությունն ի չարս կարող է օրենքը օգտագործել։
-Ամենաժողովրդավարական, ամենաբարձ վստահություն ունեցող իշխանության նկատմամբ կարող է լինել միայն մեղավորության կանխավարկածը։ Եթե այդ մեղավորության կանխավարկածը չլիներ, ուրեմն մարդու իրավուքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չէր լինի։ Օրենքի մեջ այս փոփոխությունը չի համապատասխանում մարդու իրավունքի չափանիշին և չի կարող դրա հիմքում դրված լինել իշխանության նկատմամբ վստահությունը։ Չկա այդպիսի բան, որ Կոնվենցիայում ասվի՝ այս իրավունքը կարող է սահմանափակվել՝ ելնելով իշխանության նկատմամբ հանրային վստահությունից։ Սա աբսուրդ է, և եթե որևէ մեկը փորձում է նման աբսուրդ հիմնավորմամբ ներկայացնել մարդու իրավունքի անհամաչափ սահմանափակում նախատեսող իրավական այս ակտը, ապա դա աբսուրդ է։ Ավելին՝ այս օրենքով ընկնում է իշխանության նկատմամբ վստահությունը, ոչ թե մեծացնում է այն։