Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

50 դիմում և ոչ մի հնարավորություն․ հաշմանդամություն ունեցողները չեն կարողանում աշխատանք գտնել

December 7, 2022

Տեսադարան

Նվազագույնը 50 դիմում տարբեր ընկերություններին, հարցազրույցի հրավեր գրեթե բոլոր տեղերից, բայց զրո հնարավորություն․ այսպես է նկարագրում աշխատաշուկայում իրավիճակը 33-ամյա Արև Մելքոնյանը, որը ծրագրավորում է սովորել ու իրեն մրցունակ մասնագետ է համարում։ Արևը սայլակով է տեղաշարժվում, և հենց այդ պատճառով էլ չի կարողանում աշխատանք գտնել։ Հիմա հասարակական աշխատանքով է զբաղվում, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան է։ Ասում է՝ եթե տարիներ առաջվա հետ համեմատենք, ապա հասարակության վերաբերմունքի մեջ շատ բան է փոխվել, ինչը չի կարելի ասել գործատուների մասին։ Աշխատաշուկայում առկա խնդիրների լուծման առաջին ու ամենակարևոր նախապայմանը, ըստ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանի, հենց ցանկությունն է՝ գործատուների մտածելակերպի փոփոխությունը։ Առանց աշխատաշուկայի ներառականության՝ անձը չի կարող ներառվել ու ինտեգրվել, իսկ այս ոլորտում խնդիրներն ու դժվարությունները դեռ շատ են, դրական տեղաշարժեր գրեթե չկան՝ ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։ Ըստ նրա՝ օրենքներն ընդունվում են, բայց նպատակին չեն ծառայում, մեխանիզմները լավ չեն գործում, որովհետև հաշվի չեն առնվում իրական կարիքները։ Պետական ծրագրեր կան, դրանք շարունակում են քննարկվել ու բարեփոխվել՝ նշում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Ծրագրերն ուղղված են և՛ աշխատատեղերի հարմարեցմանը, և՛ փոխհատուցմանը, հիմա քննարկվում է նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը։ Ըստ Բաթոյանի՝ հենց այդ խոչընդոտներն են, որ թույլ չեն տալիս բավարար մասնագիտական կրթություն ստանալ, հետևաբար՝ նաև մրցունակ աշխատող լինել։ Իսկ իրավական ու օրենսդրական բվավարար դաշտ, ըստ նրա, ունենք։ Եվ չնայած պարբերաբար ընդունվում ու վերանայվում են օրենքները, Հայաստանը դեռ շատ հետ է զարգացած երկրներից․ Adobe Armenia ընկերությունում վեբ մատչելիության փորձագետ աշխատող Սիփան Ասատրյանը սա ցավով է արձանագրում։ Աշխարհում այսօր բազմաթիվ նորարարական միջոցներ են կիրառվում, Հայաստանում գրեթե ոչ մեկը հասանելի չէ։ Նույնիսկ մատչելի կայքեր պատրաստելու վեբ դիզայներ չկա Հայաստանում։ Adobe Armenia-ն այն եզակի ընկերություններից է, որտեղ աշխատատեղերը թե՛ ծրագրային, թե՛ միջավայրային առումով հարմարեցված են՝ ասում է Սիփան Ասատրյանը։ Բայց այդպիսի աշխատատեղերը շատ քիչ են, եթե ոչ եզակի։ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում դեռ 2021 թվականին «Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի» կողմից իրականացվել է ելակետային ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց: Հարցերից մեկն էլ նպատակ ուներ պարզել, թե որքանով են աշխատատեղերը հարմարեցված։ Հարցվածների 59,2 տոկոսը նշել է, որ հարմարեցված չէ, 20 տոկոսը՝ որոշակիորեն հարմարեցված է, 17 տոկոսի դեպքում է միայն լիովին հարմարեցված եղել։ Դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության միջազգային օր։ Դրա նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ վարչապետը նկատել է, որ բազմաթիվ պետական կառույցներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման սահմանափակումներ կան։ Փաշինյանը հանձնարարական է տվել, որպեսզի Զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենան և հաշվի առնեն, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Դիտումներ՝ 4

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????