Հետախուզման մեջ գտնվող և հեռակա կարգով կալանքի դատապարտված քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ Դոն Պիպոն, երեկ տեսաուղերձ հրապարակեց ու հայտարարեց, թե ազատագրական շարժում է սկսում՝ այն անվանելով «Հայ խաչակիրների ազատագրական շարժում»։
Թե ի՞նչ և ումի՞ց է պատրաստվում ազատագրել, քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը չի մասնավորեցնում։ Հետաքրքրական է այլ բան․ ինչպե՞ս է հետախուզման մեջ գտնվող անձն ազատորեն նման գործունեություն ծավալում, տեսաուղերձ հրապարակում, որտեղ նաև տեղորոշումն է նշված՝ Մոսկվա։ Որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում, հուշում է նաև թիկունքում հայկական դրոշի կողքին տեղադրված ռուսական դրոշը։
Արթուր Ասատրյանի տեսաուղերձից ժամեր անց նաև հարցազրույց հրապարակվեց նրա հետ, որը տեղադրված էր նույն յութուբյան ալիքում։ Արթուր Ասատրյանի մեղադրվում է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ասատրյանը Հայաստանը լքել էր 2021 թվականին՝ այն բանից հետո, երբ եղբայրը սպանվեց զինված բախումների հետևանքով։
Քննչական կոմիտեից հստակ տեղեկություն Factor TV-ին չտրամադրեցին, իսկ Գլխավոր դատախազությունից ասացին, որ տեղյակ են եղել Ասատրյանի գտնվելու վայրի մասին, և նա ազատ է արձակվել։ «Նախքան այս տեսանյութի հրապարակումը, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացված է եղել Արթուր Ասատրյանի՝ ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ, քանի որ պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման շրջանակում նա հայտնաբերվել է ՌԴ-ում և նրա նկատմամբ էքստրադիցիոն կալանք է կիրառվել:
ՀՀ Գլխավոր դատախազությունը նրա հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի փաթեթը ներկայացրել է ռուսական կողմին, սակայն այդ ընթացքում տեղեկացվել ենք, որ Ա. Ասատրյանն ազատ է արձակվել արգելանքից՝ ՌԴ քաղաքացի լինելու հիմքով»,- հայտնում են Դատախազությունից: Զարմանալ պետք չէ՝ ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, որ քրեական հեղինակությունները քաղաքական հովանավորություն են գտնում Ռուսաստանի Դաշնությունում։
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է և պարտավոր է ջանք գործադրել, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները Հայաստանում տեղ չունենան կամ գտնվեն համապատասխան տեղերում։ Հայաստանից հեռացած և ՌԴ քաղաքացիության շնորհիվ արդարադատությունից խուսափած անձանց ցանկը փոքր չէ։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ևս միջազգային հետախուզման մեջ էր, երբ հայտնվեց Ռուսաստանում։
Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ռուսական կողմն իր տարածքում դադարեցրել է Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Նա ՌԴ քաղաքացի է, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում նրան հանձնել Հայաստանին։ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվեց նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրվող ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ Գլխավոր դատախազության միջնորդությունը ռուսական կողմից չի բավարարվել։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, կրկին հետախուզվող Վահագն Հարությունյանը, ըստ ռուս իրավապահների եզրահանգման, ազատ է արձակվել, քանի որ, ըստ ռուսական օրենսդրության, նրան մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցել է։ Քննչական խմբի նախկին ղեկավարը Մոսկվա է մեկնել սիրտ-անոթային խնդիրները բուժելու նպատակով, 1 տարի մնացել է այնտեղ, 2 օր էլ՝ ձերբակալվել, որից հետո ազատ է արձակվել։ Ռուսաստանի Դաշնությունը մերժել է նաև Հայաստանի իրավասու մարմնի պահանջը նախկին դատախազ, Մարտի 1-ի գործով միանգամից 5 հոդվածով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։