Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 743 զինծառայողի մահվան դեպք

July 8, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

2010-2020 թթ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 743 զինծառայողի մահվան ելքով դեպք։ Զեկույցն իր կայքում հրապարակել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ տվյալները հավաքագրելով պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից,  հրապարակված հաղորդագրություններից, պաշտոնատար անձանց սոցիալական հարթակների էջերի գրառումներից, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկություններից։

 

Տեղեկանքում ընդգրկված է 2016 թ․-ի ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դեպքերի թիվը, սակայն ներառված չէ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունների հետևանքով մահացության դեպքերի թիվը։ Ըստ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ այդ տվյալները դեռևս ամբողջական չեն։

 

ՀՔԱՎ-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազության կողմից տրամադրված տվյալների, նշում է՝ հրապարակված թիվը կազմում է 681, ընդ որում՝ նշված դեպքերից առնվազն 115-ը կառույցի կողմից համարվել են ծառայության հետ չկապված։

 

Ծառայության հետ կապված մահվան դեպքերով հարուցված 468 քրեական գործերից 214-ով քրեական գործերի վարույթները կասեցվել են, 66-ը՝ կարճվել, 56 գործ գտնվում է նախաքննության փուլում, 2-ն ուղարկվել է ՔԿ-ի  հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչություն, 1-ով վարույթը կարճվելուց հետո վերսկսել է, 5 գործի ընթացքի մասին չի տեղեկացվել:

 

124 գործ ուղարկվել է դատարան, որոնցից 97-ով կայացվել է մեղադրական, 1-ով՝ արդարացման դատավճիռ, 1 գործի վարույթը դատաքննության ընթացքում կասեցվել է, 6-ի վարույթը՝ կարճվել, 17 քրգործ գտնվում է դատաքննության փուլում, մեկ գործով դատավճռի մասին չի տեղեկացվել, 1 գործ էլ ազատազրկման դատավճռի դեմ բողոք բերվելու արդյունքում գտնվում է քննության ընթացքում։

 

Ծառայության հետ չկապված մահվան դեպքերով հարուցված 14 քրեական գործերից 4-ով քրեական գործերի վարույթները կարճվել են, 1-ով՝ վարույթը կասեցվել, 8-ով նախաքննությունը շարունակվում է, 1 գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ։

 

Հատկանշական է, որ Դատախազությունը ծառայության հետ չկապված դեպքերի մասին սկսել է հայտնել 2018 թ․-ից, երբ հաստատել է լրատվամիջոցների կողմից որոշ մահացության դեպքերի մասին տարածված տեղեկությունները:

 

Զեկույցի համահեղինակ Արմինե Սադիկյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ չի ընդունում Դատախազության տարանջատման սկզբունքը։ Ըստ փորձագետի՝ եթե դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ, այն չի կարող համարվել ծառայության հետ չկապված․

 

«Եթե զինծառայողը գտնվում է ծառայության մեջ և դեպքը տեղի է ունենում ԶՈՒ-ում, ապա կապ չունի, թե որ գործողության ժամանակ է կատարվել դժբախտ պատահարը։ Անձը, այս պարագայում, փակ կամ սահմանափակ ռեժիմի պայմաններում է և ամբողջովին գտնվում է պետության հոգածության ներքո։ Եթե, օրինակ, տեղի է ունեցել ավտովթար, պետք է մի շարք հարցեր առաջ քաշել՝ ի՞նչ մեքենայով է եղել, ինչո՞ւ է ճանապարհին, մեքենան սարքին է եղել, թե՞ ոչ, զինծառայողը պե՞տք է գնար այդ մեքենայով կամ ճանապարհով․․․այս ամենը Զինված ուժերի խնդիրն է, ուստի նմանօրինակ բաժանումը՝ ընդունելի չէ։ Մենք չենք դասակարգում՝ կապված, թե չկապված, մեզ համար կարևոր է, որ զինծառայող է մահացել»։

 

Սադիկյանի խոսքով՝ զեկույցի կազման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել Պաշտպանության նախարարության հետ կապված։ Պետական կառույցը ժամանակ առ ժամանակ, առանց որևէ հստակ հիմնավորման, հրաժարվել է տեղեկություններ տրամադրել։

 

Մասնավորապես, 2020 թ. առաջին և երկրորդ եռամսյակներում ՊՆ-ն ՀՔԱՎ-ի տեղեկատվության հարցմանն ի պատասխան տրամադրել է որոշ տվյալներ մահացած զինծառայողների վերաբերյալ, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակի վերաբերյալ նմանատիպ տեղեկատվության տրամադրումը մերժել է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով․

 

«ՊՆ-ն միանշանակ վերաբերմունք կամ գործելաոճ չունի, սա կամայական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման խնդիր է, քանի որ մեր պահանջած տվյալները չեն համարվում գաղտնի։ Հանրության համար Զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների անհասանելիությունը որևէ հիմնավորում չի կարող ունենալ։ Հատկապես, երբ դրանք վերաբերում են մարդու՝ կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքները։ Պաշտպանության նախարարությունը պետք է միատեսակ, իրավաչափ և կանխատեսելի մոտեցում ձևավորի նման տեղեկությունների տրամադրման հարցում՝ զերծ մնալով անհամաչափ և ժողովրդավարական պետության անվտանգային շահերի ապահովման տեսակետից անհամաչափ սահմանափակումներ կիրառելուց»,- իր մտահոգությունն է հայտնում Սադիկյանը։

 

Անդրադառնալով ԶՈՒ-ում մահվան դեպքերի աճին, ՀՔԱՎ փորձագետը նշում է, որ բանակում դեռևս մի շարք կառույցներ կայացած չեն, ինչն էլ հանգեցնում է առկա իրավիճակին։ Սադիկյանի կարծիքով, դեռ շատ վաղուց պետք է գործեր հոգեբանի ինստիտուտը, որը կկանխեր բազմաթիվ ինքնասպանություններ ու սպանություններ։

 

Բավական մտահոգիչ ցուցանիշ են կազմում առողջական խնդիրների հետևանքով գրանցված մահվան դեպքերը։ Միայն նախորդ տարի՝ դեպքերի ¼ մասը այդ հիմքով են եղել․

 

«Վիճակագրական տվյալները թույլ են տալիս պնդելու, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ  զննությունը իրապես չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել մահացության դեպքերը: Եթե նորակոչիկները պատշաճ բուժօգնություն ստանան, անցնեն նորմալ զննություն, այլ ոչ թե զուտ թվաքանակ ապահովեն, ապա դեպքերի զգալի նվազում կունենանք»,- հավելում է Սադիկյանը։

 

forrights.am

Դիտումներ՝ 130

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????