Հրապարակումներ | Նորություններ
2025թ․-ին լույս տեսավ մի շարք հայտնի լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրող Իրինա Նովիկի փաստավավերագրական գիրքը՝ « Ես դասալիք եմ» ։ Գիրքը ներկայացնում է 14 ռուս զինվորների պատմություններ, որոնք ստիպված են եղել լքել Ռուսաստանի Դաշնությունը, որպեսզի չմասնակցեն Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմին։
Նովիկի խոսքով Պուտինի սանձազերծած պատերազմից փախած զինվորների թիվը տասհազարից ավելի է։ Նրանք փախչում են, որովհետև հրաժարվում են սպանել ու սպանվել․
- Այս գրքի հերոսների մեջ կան ըմբոստներ ու բարեպաշտ մուսուլմաններ, պրոֆեսիոնալ մարզիկներ և նախկինում դատապարտվածներ։ Նրանցից ոմանք փախել են զորամասից, իսկ ոմանք ստիպված են եղել ազատության ճանապարհը կառուցել հենց «խրամատում», և սա չափազանցություն չէ։ Կան նաև նրանք, ովքեր հասել են Եվրոպա և Արգենտինա, ինչպես նաև նրանք, ովքեր մնացել են Հայաստանում։
Գրքի 8-րդ գլուխը՝ «Ты чего из своей страны убежал?» , նվիրված է պատերազմի դաշտից փախած զինվորի, ով փորձել էր Վրաստանից Հայաստան գալ, սակայն սահմանապահները վերջինիս ձերբակալել էին՝ Ռուսաստանին արտահանձնելու նպատակով։ Գլուխը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծավալած իրավապաշտպանական գործունեությունը, որի շնորհիվ զինվորը այլևս ազատության մեջ է և չի արտահանձնվի ՌԴ։
ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է զբաղվել արտահանձման դեպքերի կանխմամբ։ Յուրաքանչյուր ոք, ով, ՀՀ-ում գտնվելով, ենթարկվում է բռնապետական երկրի կողմից հետապնդումների, կարող է ահազանգել Կազմակերպությանը։
ՀԻՇԵՑՈՒՄ․
Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի: