Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ
«Միակ բանը, որ մտածում էի, այն է, որ կամիսիան փորձում է շրջանցել դատարանի որոշումը, քանի որ Սոցապ նախարարությունում գործում էր նախկին ռեժիմի գործելաոճը: Առիթ եմ ունեցել 2 անգամ հանդիպելու նախկին սոցապ նախարարին: Պարզապես լսել է, զարմանք արտահայտել, խոստումներ տվել և մոռացել»,- մեր զրույցն այսպես սկսեց Գառնիկ Լալայանը:
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Գառնիկ Լալայանի խնդրին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Հիշեցնենք՝ 2020 թվականի փետրվարի 24-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել էր Գ. Լալայանի գործով ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանի հայցը: Նախկին պայմանագրային զինծառայողի շահերի պաշտպանությամբ ՀՔԱՎ-ն զբաղվում է 2018 թվականից:
«Եթե չլիներ Հելսինկյանը, վճարովի տարբերակով հաստատ չէի կարողանալու տեր կանգնել իրավունքներիս: Սոցիալական վատ վիճակում եմ, ունեմ բազմաթիվ վարկեր, ուր մնաց, թե վճարովի փաստաբան վարձեի»:
Դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 24-ի վճիռը չի բողոքարկվել և օրինական ուժի մեջ է մտել 1 ամիս անց: Թվում է՝ երկար դատական քաշքշուկներն այսքանով պիտի վերջանային, բայց Տավուշի մարզի ԲՍՓՀ-ն շարունակում է քաղաքացուն չտրամադրել հաշմանդամության 3-րդ խմբի մասին որոշումը՝ զրկելով նրան հասանելիք թոշակից: ՀՔԱՎ փաստաբան Հ. Հակոբյանը դիմում է ԲՍՓՀ-ին՝ վարչական ակտը տրամադրելու պահանջով, բայց որևէ պատասխան չի ստանում:
2020 թ.-ի հունիսին ՀՔԱՎ փաստաբան Հ․ Հակոբյանը դիմում է ներկայացնում դատարան՝ կատարողական թերթ տրամադրելու մասին: 1 ամիս անց՝ ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային բաժինը հարուցում է կատարողական վարույթ: Մեկ այլ որոշմամբ էլ՝ պարտավորեցնում մարզի ԲՍՓՀ-ին Գ. Լալայանին տրամադրել հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու մասին որոշումը:
Դատարան և հարկադիր կատարման ծառայություն դիմելուց 3 ամիս անց՝ 2020 թ.-ի սեպտեմբերին, Տավուշի մարզի ԲՍՓ հանձնաժողովն, ի վերջո, Գ․ Լալայանին է տրամադրում հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու մասին որոշումը։
«Սահմանում կանգնելով՝ դառնում ես կես մարդ, մի բան էլ պիտի գումար վճարես, որ հաստատվի հաշմանդամությունդ: Ոլորտում պիտի ճիշտ աշխատաոճ լինի, վերանա ծանոթ-բարեկամ հասկացողությունը»,-դառնությամբ հիշում է Գառնիկ Լալայանը:
ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի խոսքով՝ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Գ. Լալայանին պատճառվել է զգալի վնաս: Եթե սրան գումարենք 2 տարի ձգձգվող դատական գործընթացի հետևանքով բարոյապես ու հոգեպես տուժելու հանգամանքը, պարզ կլինի, թե քաղաքացին ինչ դժվարին իրավիճակների միջով է անցնում՝ սեփական իրավունքները վերականգնելու ճանապարհին:
«Քաղաքացու կրած վնասը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Եթե չլիներ մերժումը, Գառնիկ Լալայանը չէր զրկվի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և ամենամսյա պարգևավճար ստանալու իր իրավունքից»,- ասում է Հայկ Հակոբյանը:
Գառնիկ Լալայանը փրկություն է համարում ծանոթությունը ՀՔԱՎ-ի հետ: Հուսահատ քաղաքացին բազմաթիվ դռներ էր թակել, իշխանավորների ու պատգամավորների դիմել՝ ապարդյուն: «Հելսինկյան գրասենյակը ոչ թե պետք է, այլ խիստ անհրաժեշտ: Քանի որ ամենուր նման կեղծիք ու խաբեություն է՝ մարդիկ բախվում են իրավական խնդիրների: Փող չունեն, ի վիճակի չեն օգտվելու վճարովի փաստաբանից: Բոլորովին անվճար կարողացա լուծում տալ տարիներով ձգվող խնդրիս: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հելսինկյան գրասենյակին: 2 տարի ձգվող դատական գործի բերումով անընդհատ կապ եմ պահել Հայկ Հակոբյանի հետ: Նման բարեխիղճ ու պրոֆեսիոնալ փաստաբաններն օդ ու ջրի պես պետք են մարդկանց»:
Ոչ պատշաճ վարչարարության հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցման պահանջով 2020 թվականի նոյեմբերի 18-ին Հայկ Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակ: Փաստաբանը մանրակրկիտ հաշվարկներ է ներկայացրել Գ. Լալայանին չվճարած գումարի վերաբերյալ, որը կազմում է 1 մլն.836.000 դրամ: Մերժում ստանալու դեպքում՝ պատրաստվում է հայց ներկայացնել դատարան։