Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Ընթացիկ հայտարարություններ | Իրավունքներ | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար մշտադիտարկում է զանգվածային լրատվության միջոցները, հավաքագրում և վերլուծության ենթարկում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների վերաբերյալ այլ հրապարակումները։
Սույն տեղեկանքում ներկայացված են 2020-2022 թթ․ հրապարակումների վերլուծության արդյունքները։ 2020-2022 թթ․ ընթացքում թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և առհասարակ թմրամիջոցների վերաբերյալ հավաքագրվել և վերլուծվել է 5064 հրապարակում։
Այս հրապարակումներից 4399-ը քրեադատավարական բնույթի են, 665-ը՝ ընդհանուր բնույթի տեղեկատվական: Թմրամիջների բնագավառի վերաբերյալ լուսաբանումները հիմնականում իրավապահ մարմինների կողմից են և հետևաբար՝ իրավական/քրեադատավարական բնույթի։ Իսկ թմրամիջոցներից կախվածության բուժման առաջնահերթության, վերականգնողական ծրագրերի, թմրամիջոցներից զերծ մնալու կարևորության և այլ առողջապահական ու սոցիալ-վերականգնողական ուղղվածության հրապարակումները գրեթե բացակայում են։ Ավելին, նման ուղղվածությամբ հրապարակումների բացակայությունից, ինչպես նաև եզակի հրապարակումների բովանդակությունից կարող ենք եզրակացնել, որ պետության կողմից տարիներ շարունակ չեն նախատեսվում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց համար սոցիալ-վերականգնողական ծրագրեր։
Քրեադատավարական բնույթի հրապարակումներից 13-ը թմրամիջոց գործածող անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ են։ Նման հրապարակումները կարող են էական ազդեցություն ունենալ թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման հարցում։ Այս տեսանկյունից մտահոգիչ է 2022 թ․ դրանց թվի աճը։
Գերակշռում են պաշտոնատար անձանց և քաղաքացիների մատնանշմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ հրապարակումները՝ 3984, իսկ առանց մատնանշման հրապարակումներն ընդամենը 365-ն են։ Սա վկայում է, որ հրապարակումներում թմրամիջոցների հայտնաբերման, շրջանառության կանխարգելման համատեքստում հիմնական շեշտը դրվում է թմրամիջոց գործածողներին պատժելու վրա։
Այսպիսով, թմրամիջոցների բնագավառի վերաբերյալ հրապարակումները որպես կանոն քրեադատավարական գործողությունների մասին են, որոնցում որպես պայքարի հիմնական թիրախ ընտրվում են թմրամիջոց գործածողները, մինչդեռ մեծածախ թմրաբիզնեսով զբաղվողները որպես կանոն չեն բացահայտվում և նրանց ապօրինի գործունեությունը չի հանրայնացվում։
Թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ առկա խարանը կոտրելու ուղղությամբ խոսույթ չի ձևավորվում, մինչդեռ թմրամիջոցների բնագավառում տարածվող առանձին հրապարակումներ և հրապարակումների զգալի մասն ամբողջությամբ ուղղված են թմրամիջոց գործածող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։
Հավաքագրված 5064 հրապարակումներից 108-ը պարունակել են խտրական բառեր, որպես կանոն՝ «թմրամոլություն» և «թմրամոլ»։ Հավաքագրվել է նաև 21 հրապարակում, որոնք թմրամիջոցների բնագավառին չեն վերաբերել, սակայն պարունակել են վերոնշյալ խտրական բառերը հիմնականում կիրառվելով որպես վիրավորանք, պարսավանք։
Հարկ է ընդգծել, որ խտրական բառապաշարով 108 հրապարակումներից 18-ը տարածվել են պետական մարմինների պաշտոնական էջերով (ՀՀ ոստիկանություն՝ 16 հրապարակում, ՀՀ առողջապահության նախարարություն՝ 1, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 1) և ևս 47-ի տեղեկատվության աղբյուր են հանդիսացել այլ գերատեսչություններ։
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ թմրամիջոց գործածող անձինք թիրախավորվում են, նրանց նկատմամբ խարանը շարունակվում է, իսկ համակարգված աշխատանք խարանը վերացնելու, թմրամիջոցներից կախվածությունը որպես հիվանդություն դիտարկելու ուղղությամբ բացակայում են։
2020-2022 թթ․ հավաքագրված 5064 հրապարակումներից 55-ում առկա են անձնական տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր է նույնականացնել անձանց։ Այս հրապարակումները փաստացի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման դրսևորումներ են։
Անձնական տվյալներ պարունակող 55 հրապարակումներից 12-ի աղբյուրը ՀՀ քննչական կոմիտեն է, 38-ը՝ զանգվածային լրատվության միջոցինն են։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ արձանագրված խնդիրների վերացման նպատակով հարկավոր է վերանայել թմրամիջոցների բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ դրա մաս դարձնելով նաև պետական մարմինների և զանգվածային լրատվության միջոցներով բնագավառի վերաբերյալ խոսույթի փոփոխությունն ու թմրամիջոցների գործածման վերաբերյալ բացասական վերաբերմունք ձևավորող իրազեկման արշավների կազմակերպումը։
Տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ