Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ Զեկույց

October 23, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

Դատական իշխանության անկախության հարցը անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության կարևորագույն խնդիրներից մեկն է եղել, որին տասնամյակներ շարունակ ուղղված են եղել ինչպես օրենսդրական, այնպես էլ պրակտիկայի փոփոխությունների ծրագրեր։

 

2019 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունվեց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին որոշումը։

 

Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի վերջնանպատակն էր դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար։ Ըստ ռազմավարության՝ դատական համակարգը պետք է լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա հավասարակշռող ուժ դառնալ իշխանության մյուս ճյուղերի հետ հարաբերություններում։ 

 

Սույն ուսումնասիրությունը ներկայացնում է մի կողմից դատական իշխանության անկախության համար անհրաժեշտ միջազգային չափանիշները, մյուս կողմից ՀՀ ներպետական կարգավորումները՝ համեմատական վերլուծությամբ։ Հաշվի առնելով հատկապես վերջին տարիների զարգացումները՝ առանձնակի ուշադրություն է դարձվում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության ապահովման երաշխավորողի դերը, կազմավորման կարգն ու հիմնական գործառույթները, մասնավորապես՝ դատավորների ընտրությունն ու նշանակումը, առաջխաղացումները, կարգապահական պատասխանատվության ենթարկելն ու դատավորների գործունեության գնահատումը։ Վերջիններս դատական համակարգի անկախության գնահատման հիմնական բաղադրիչներն են, որոնց մանրամասն ուսումնասիրությունը ներկայացվում է ԶԵԿՈՒՅՑՈՒՄ։ Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները։

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Բարձրագույն դատական խորհրդի կազմն ու ձևավորումը

 

  • Ապահովել Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության մրցակցային, թափանցիկ և արժանիքահեն գործընթաց։
  • Վերանայել Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության պրակտիկան՝ բացառելով գործադիր կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական հարում ունեցող թեկնածուների ընտրությունը Խորհրդում։
  • Հստակեցնել ԲԴԽ կազմում Ազգային ժողովի կողմից ոչ դատավոր անդամի թեկնածու իրավաբան-գիտնականներին առաջադրվող պահանջները՝ աշխատանքի հիմնական ուղղությունը, ոլորտը, ժամանակահատվածը, ինչպես նաև հեղինակավոր իրավաբանին առաջադրվող պահանջները և դրա գնահատման օբյեկտիվ չափանիշները։

 

Դատավորների ընտրություն և նշանակում

 

  • Օրենսդրորեն ամրագրել Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների ընտրության և առաջխաղացման առնչությամբ կայացվող որոշումների պատճառաբանված լինելու պահանջը՝ հատկապես բացասական եզրակացությամբ նշանակումների դեպքում։
  • Վերացնել Բարձրագույն դատական Խորհրդի կողմից բացասական բարեվարքության գնահատական ունեցող դատավորների թեկնածուների նշանակումն ու առաջխաղացումը դատական համակարգում։
  • Օրենսդրությամբ նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացվող բարեվարքության գնահատման եզրակացությունների եզրափակիչ մասը հրապարակային դարձնելու պահանջ։

 

Դատավորների կարգապահական պատասխանատվությունը

  • Վերացնել կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից դատավորների նկատմամբ «պատժիչ» նպատակով կամ ընտրողաբար վարույթ հարուցելու պրակտիկան։
  • Վերանայել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կազմը՝ նախատեսելով կազմում քաղհասարակության լայն ներգրավվածություն։
  • Ոչ դատավոր անդամներին առաջադրել մասնագիտական գործունեության հստակ պահանջներ, վերջիններիս համար նախատեսել քաղաքական չեզոքության պարտադիր պահանջ։
  • Օրենքով նախատեսել, որ Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամների ընտրությունը, ինչպես թեկնածուին ընտրելը, այնպես էլ մերժելը, իրականացնում է պատճառաբանված որոշում ընդունելով։Փակուղային իրավիճակներից խուսափելու համար նախատեսել, որ Ընդհանուր ժողովի կողմից ոչ դատավոր անդամ չընտրվելու դեպքում ընտրությունը իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից։
  • Ապահովել, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ցանկացած որոշում պարունակի լիարժեք պատճառաբանություն և հիմնավորում ընտրված կարգապահական պատասխանատվության միջոցի տեսակի առնչությամբ։
  • Ապահովել Բարձրագույն դատական խորհրդի կայացած որոշումների դեմ դատավորների կողմից բողոք բերելու իրավունքն ու գործադրել անհրաժեշտ արդյունավետ մեխանիզմները։

 

 

Սույն ուսումնասիրությունն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակության շնորհիվ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում:

Դիտումներ՝ 51

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????