Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀԿ-ականները փորձում են խեղաթյուրել իրականությունը, բայց նոր Հայաստանը ԵԽԽՎ-ից թաքցնելու ոչինչ չունի. «Թող գան մոնիթորինգ անցկացնեն»

September 19, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների ջանքերով, արտահերթ քննարկվելու է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովում։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ մասնավորապես քննարկվելու է խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումն ու տարածումը, երկրորդ նախագահի և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։

Արփինե Հովհաննիսյանը, իր իսկ խոսքերով, ներկայացրել է փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում է կայացրել Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիթորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիթորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները չպետք է մտահոգվեն և Հայաստանում մոնիթորինգ անցկացնելու դեմ քայլեր ձեռնարկեն։ «Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ մոնիթորինգն օգտակար է։ Չի կարելի բացառել, որ ինչ-որ ուղղություններով աշխատանքն այնպես չի կատարվում, որ համապատասխանի թավշյա հեղափոխության սկզբունքներին։ Եթե կան այդպիսի խնդիրներ, դրանց պետք է ուշադրություն դարձվի։ Դա օգտակար կլինի Հայաստանում ժողովրդավարության գործընթացը ավարտին հասցնելու հարցում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանը նշում է. «Դա նաև օգտակար կլինի այն առումով, որ բազմաթիվ ակտիվ խաղացողներ մեծ ծավալի քարոզչական աշխատանք են տանում միջազգային կառույցներում ու խեղաթյուրում իրականությունը։ Եվ որպեսզի այդ բոլոր տեղեկությունների վերաբերյալ լինի մասնագիտական գնահատական՝ շատ լավ կլինի, որ այդ մոնիթորինգն անցկացվի»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրները ԵԽԽՎ-ում վերհանելու հանգամանքին, Բորիս Նավասարդյանն ընդգծեց. «Ամեն դեպքում մարդիկ դրա իրավունքն ունեն, այդ կառույցն էլ մշտապես հետևել է Հայաստանում խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակին։ Նրանք, ովքեր մտահոգություն ունեն և ունեն հնարավորություն՝ կարող են դիմել այդ կառույցին, որպեսզի անաչառ գնահատական տրվի»։

Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այժմ բարդ է, քանի որ, մի կողմից կա գործադիր իշխանություն և մյուս կողմից էլ՝ հասարակական տրամադրությունները չարտացոլող խորհրդարան, որի ներկայացուցիչները մանդատ ունեն դրսում Հայաստանի իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ «Այս առումով անելիք ունեն նաև նոր իշխանությունները, որոնք գուցե զբաղվածության պատճառով չեն ներկայացնում Հայաստանի իրավիճակը դրսում։ Հոկտեմբերին կլինի ԵԽԽՎ նստաշրջանը, հնարավոր են տարբեր տեսակի սպեկուլյացիաներ ոչ միայն մեր երկրի ներկայացուցիչների, այլ նաև այլ երկրների ներկայացուցիչների կողմից, որոնք մեզ մոտ տեղի ունեցող զարգացումների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք ունեն։ Այնպես որ, մինչ այդ կարևոր է ունենալ մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված կլինի չեզոք գնահատականը՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված»,- եզրափակեց նա։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ողջունում է ԵԽԽՎ-ի և ԵԽ-ի հետ սերտ համագործակցության հանգամանքը։ «Պարզապես նախկին իշխանությունների օրոք դա, ցավոք սրտի, արդյունավետ չէր այն առումով, որ իշխանությունները քաղաքական կամք չունեին առաջարկություններն ի կատար ածել, այդ թվում՝ քաղբանտարկյալների, քրեական արդարադատության, մարդու իրավունքների ոլորտում։ Ողջունում ենք այդ քայլը, որևէ մտահոգության հարց չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Սաքունցը։

 

Մեր զրուցակիցը նշում է. «Եթե կլինեն հարցեր՝ կարծում եմ՝ իշխանությունները պատրաստակամ կլինեն այդ առաջարկությունները լսել, իրագործել, մենք էլ պատրաստ ենք քննարկել, հանդիպել մոնիթորինգն իրականացնող զեկուցողների հետ։ Ավելին՝ չեմ կարծում, թե պետք է թողնել, որ ապատեղեկատվությամբ աղճատված պատկեր ստացվի։ Մտահոգվելու, թաքցնելու ոչինչ չկա։ Կլինեն խնդիրներ՝ ժողովրդավարական և իրավական պետության շահերից է բխում համագործակցել հենց այդ արժեքներն ունեցող կառույցների հետ։ Եվ լավ է, որ ՀՀԿ-ի կարկառունները կողմնորոշվեցին դեպի Ստրասբուրգ և ոչ դեպի Կրեմլ»։

Մեր այն դիտարկմանը, արդյոք մտահոգիչ չէ, որ և՛ Քոչարյանն ու ՀՀԿ-ականները, և՛ Ալիևն են Հայաստանը բռնապետություն համարում ու այս շեշտադրումներով ԵԽԽՎ-ում ներկայացնում են Հայաստանը, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ես պետք է վստահաբար ասեմ, որ Եվրախորհուրդն ու ԵԽԽՎ-ն շատ լավ իրազեկված են ու շատ լավ հասկանում են իրավիճակը։ Այն, որ Քոչարյանը կամ ՀՀԿ կարկառունները խոսում են բռնապետության մասին, ասեմ՝ ինչից գաղափար ունեն, դրա մասին էլ խոսում են, ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից գաղափար ունենային՝ կխոսեին այդ մասին, ով ինչ գիտի՝ այդ մասին էլ խոսում է։ Ամեն մեկն իր արշինով է չափում»։

1in.am

Դիտումներ՝ 715

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????