Գործունեություն | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ
1948 թվականից ի վեր դեկտեմբերի 10-ին ժողովրդավար պետությունները նշում են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Այս տարի օրվա կարգախոսն է «Մեր իրավունքները, մեր ապագան, հիմա՛»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 26-ամյա աշխատանքի հիմքում ընկած է «հանուն մարդու իրավունքների և արժանապատվության» սկզբունքը։ Տարիներ շարունակ Կազմակերպությունը՝ հանձինս նվիրված աշխատակիցների, պայքարել է հանուն յուրաքանչյուր անհատի իրավունքի պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման ու փոխհատուցման համար։
2023թ․-ի բռնի տեղահանումից հետո Կազմակերպությունը սկսեց լայնածավալ աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ավելի քան 2000 անձանց։ 2022թ․-ին ՌԴ-ի սանձազերծած պատերազմի պատճառով մի շարք անձինք, ենթարկվելով բռնաճնշումների, եկան Հայաստան և ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանական աջակցության շնորհիվ չարտահանձնվեցին Ռուսաստանի Դաշնությանը և այլ բռնապետական ռեժիմներին։ Միայն 2023թ-ին ՀՔԱՎ-ը 56 օրենսդրական առաջարկություն է ներկայացրել, որոնցից 23-ը ուղղված են եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների նոր գործողությունների ծրագրի նախագծին։ Յուրաքանչյուր տարի ՀՔԱՎ գրասենյակը իրավական աջակցություն է ցուցաբերում միջինում 200 զորակոչիկի, զինծառայողի, նրանց հավասարեցված անձանց և 1000 քաղաքացիների, որոնց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Վերջին մեկ տարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի 4 ռազմավարական գործերով վճիռ է կայացրել, որոնցից երեքը վերաբերել են պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զինվորների մահվան՝ կյանքի իրավունքի խախտմանը, մեկը՝ ապօրինի կալանքի կիրառմանը։
Չնայած Կազմակերպությունը ամենօրյա ռեժիմով պայքարում է հանուն մարդու արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, մեր քայլերը չեն հանգեցնի համակարգային փոփոխությունների, եթե չկա իշխանության կողմից անհանդուրժողականություն մարդու իրավունքի յուրաքանչյուր խախտման հանդեպ, եթե պետությունը պատշաճ չկատարի իր վերցրած պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում։ Այս տարվա կարգախոսին համապատասխան՝ մեր արժանապատիվ ապագան կերտելու համար մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների այսօր։