Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչու է կրքեր բորբոքել Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը

January 10, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Անցած տարեվերջին իրավական ակտերի նախագծերի միասնական www.e-draft.am կայքում հրապարակվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը՝ առիթ դառնալով հասարակական հատվածի ներկայացուցիչների դժգոհության։ Հակակոռուպցիոն գործունեություն ծավալող հայտնի և ոչ այնքան հայտնի գործիչներ նախագծից «քարը քարի վրա չեն թողնում»։

 

Հասարակական 11 կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հետաքննող լրագրողներ ՀԿ և այլն, հայտարարություն են տարածել և պահանջում են կասեցնել նախագծի ընդունման գործընթացը, հնարավորինս սեղմ ժամկետում վերանայել փաստաթուղթը՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Արդարադատության նախարարությունն իր հերթին պնդում է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը լինելու է կոնսենսուսային փաստաթուղթ և ընդունվելու է բացառապես լայնածավալ քննարկումների արդյունքում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ռազմավարությունն այնքան «անպիտան» նախագիծ է, որ դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն իմաստ չունի, ընդհանրապես պետք է զրոյից սկսած փաստաթուղթ ձևավորել։

 

«Սա միակ փաստաթուղթը կամ միակ բնագավառը չէ, որի հետ կապված նման մոտեցման փաստի ենք առնչվում, օրինակ՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ռազմավարության ծրագիրը նույն վիճակն էր։ Կարծես՝ նախորդ իշխանության գործելակերպի թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով տրամաբնական շարունակության հետ գործ ունենք այն դեպքում, երբ բավականին լուրջ համակարգային խնդիրներ գոյություն ունեն։ Այսինքն՝ ջանք չենք տեսնում, որ ներդրած լինեն, որպեսզի հաշի առնեն իրապես այս հնարավորությունը։ Երբ դիտարկում ենք այսօրվա իշխանության քաղաքական կամքի հնարավորությունները և փաստաթղթի նախագիծը, որը պետք է բխի այդ հնարավորություններից, կամքից, դրանք չեն համապատասխանում։

 

Սա այն փաստաթուղթն է, որը կարող է գոյություն ունենալ համակարգային փոփոխություններ կատարելուն ուղղված քաղաքական կամքի բացակայության պայմաններում, ինչն ունեցել ենք նախորդ ժամանակահատվածում և հույս էլ չենք ունեցել, որ համակարգային փոփոխություններ կատարելու որոշում կկայացվի։ Շատ մակերեսային մոտեցումների մասին է խոսում այս նախագիծը»,- ասաց Ա.Սաքունցը։

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը համամիտ է գործընկերոջ հետ, որ նախագիծը որևէ բանի պիտանի չէ և ռազմավարությունը պետք է զրոյից մշակել։ Մեզ հետ զրույցում նա մտավախություն հայտնեց, որ ուզում են առկա փաստաթուղթը բարելավել, ինչն, ըստ նրա, անիմաստ գործ է, դրա վկայությունն է նախաբանի առաջին նախադասությունը՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»։

 

Ըստ նրա՝ այս փաստաթղթում որևէ խոսք չկա այն մասին, որ եղել է համաժողովրդական ընդվզում կոռումպացված իշխանությունների դեմ, որ եղել է շրջադարձային փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարում, և որ նոր կառավարությունը նախկին իմիտացիոն քաղաքականության փոխարեն որդեգրել է կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումը։

 

Չբացառելով այլ ՀԿ-ների հետ նախարարության համագործակցության հնարավորությունը՝ Վ. Հոկտանյանը նշեց, որ նախորդ ռազմավարությունների մշակման ժամանակ եղել է այլ մոտեցում, որ այդ գործընթացում ՀԿ-ները ներգրավված էին, ոչ ֆորմալ մոտեցում է եղել, ինչը ողջունելի էր, գլուխ առ գլուխ ՀԿ-ների հետ քննարկվել է, փոփոխվել և նորից է քննարկվել, որն այս անգամ չի արվել, իսկ 2018-ի դեկտեմբերի 19-ին e-draft-ում դրված տեքստը նախապես չի բաժանվել ՀԿ-ներին.

 

«Շատ թույլ ու վատ տեքստ է՝ թե՛ կառուցվածքի, թե բովանդակության առումով։ Սա ոչ թե ռազմավարություն է, այլ հայեցակարգ և թույլ հայեցակարգ։ Երկու կարևոր խնդիր կա, որ իրենք համառորեն չեն ուզում հասկանալ կամ ընկալել։

 

Առաջինը՝ երրորդ ռազմավարությունն ընդամենը 9 օր առաջ է ավարտվել, ինչպե՞ս կարելի է առանց արդյունքները գնահատելու, այսպիսի անորակ փաստաթուղթ ներկայացնել։ Երկրորդ՝ նոր կառավարությունը դեռ չի ձևավորվել, որպես կանոն, երբ կառավարություն է ձևավորվում, այն ներկայացնում է ծրագիր, որում, ի թիվս մյուս բոլոր ոլորտների, նաև կոռուպցիայի դեմ պայքարի բաժին է լինում։ Ո՞րն է այս շտապողականության պատճառը։ Ինձ համար սա անհասկանալի է»։

 

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը «168 ժամի» հետ զրույցում տարակուսանք հայտնեց կազմակերպությունների պահանջի վերաբերյալ։

 

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում կասեցնել։ Մենք ստանում ենք առաջարկություններ e-draft-ում, ընդ որում՝ մենք ունենք հայտարարություններ, որ ստորագրել են 4-5 կազմակերպություններ, 1 կազմակերպություն հայտարարություն է տարածել «Ֆեյսբուքով», մի քանի կազմակերպություններ իրենց կարծիքն են տեղադրել, նաև ունենք մի քանի որոշակի առումով հակադիր կարծիքներ հակակոռուպցիոն կոալիցիայի, որը բաղկացած է շուրջ 100 կազմակերպություններից, իրենք էլ այլ դիրքորշում ունեն և պատրաստվում են կարծիքներ տալ։

 

Ռազմավարության ընդունումը կառավարության համար ինքնանպատակ չէ, կառավարության ծրագրում հիմնական ուղղությունները սահմանվել են, դա ընդունված պրակտիկա է և բխում է կոռուպցիայի դեմ պայքրաի կոնվենցիայից, որ պետությունները ռազմավարական փաստաթղթերի հիման վրա են աշխատում և մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկություն լսել, քննարկել ու հաշվի առնել։ Մենք արդեն իսկ աշխատում ենք փաստաթղթի վրա»,- ասաց Ս.Քրմոյանը։

 

Նախաբանում տեղ գտած ձևակերումը՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ…», Ս.Քրմոյանը «կլասիկ» մոտեցում է բոնորոշում։

 

Նրա խոսքով՝ առարակությունների հիման վրա դա արդեն իսկ խմբագրվել է և կառավարության ծրագրից վերցվել են կոռուպցիայի տարածվածության վերաբերյալ վերլուծական բնույթի դրույթները, առաջարկության հիման վրա Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» գնահատականը վերջին տարիների, այդ թվում համակարգային կոռուպցիայի, քաղաքական կամքի հետ կապված և տեղադրել են համապատասխան նախաբանում։

 

Նա վստահերցեց, որ շարունակելու են դիտարկել առաջարկոությունները, որոնք կառուցողական կլինեն և կբխեն ռազմավարության որակը բարելավելու շահերից։ Փոխնախարարը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում 4 անգամ դիմել են քաղհասարակությանը՝ մոտեցման ու գնահատականներ ստանալու համար, այդ թվում՝ նախորդ ռազմավարությունների հետ կապված, նման հարցում արել են նաև մայիսի 28-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո, և այժմ էլ, եթե ինչ-որ մեկը նյութ տա, հաշվի կառնեն.

 

«Սա մասնագիտական փաստաթուղթ է և փորձում ենք այն դարձնել կոնսենսուսային ու բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները հաշվի առնել։

 

Ռազմավարությունը կոռուպիայի դեմ պայքարի գործիք է, իսկ հեղափոխությունից հետո շատ լավ իրավիճակ է ստեղծված, որովհետև բնակչությունը հավատում է կառավարության ծրագրերին, անհանդուրժողականություն է դրսևորում կոռուպցիայի նկատմամբ և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Ազդարարել ենք, որ սկսում ենք քննարկումների շարք, նախագիծը պաշտոնական քննարկման դեռևս չի դրվել, առաջինը ներկայացվել է ՀԿ-ներին, տեղադրվել է e-draft-ում քաղաքացիների ու բիզնեսի կարծիք ստանալու համար, երեկ բաժանվեց պետական մարմիններին, քննարկման ժամկետը երկարաձգվեց մինչև հունվարի 31-ը, նաև կոալիցիան դիմել է վարչապետին և նախարարությունը դրական է վերաբերում դրան, որ մարզային քննարկումներից հետո նաև միջազգային փորձագետներ կներգրավեն և մեծ կոնֆերանս կանցկացվի ռազմավարության շուրջ»։

 

Քննադատութանը, որ նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 22-ի N2 արձանագրային որոշմամբ հաստատված Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի պահանջներին, փոխնախարարը հակադարձեց, որ այդ փաստաթուղթն ուժը կորցրած է ճանաչվել և կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով և առաջնորդվել են։

 

Ս.Քրմոյանը նկատեց, որ նախկինում քննադատվում էին, որ ռազմավարությունն ուշ է ընդունվում, նախորդի ավարտից տարիներ անց, դրա համար այս գործընթացը սկսվել է 2017 թ. վերջից, իսկ հեղափոխութունից հետո այդ գործընթացը նոր իրողություններին համահունչ ակտիվացավ, նոր կյանք ու նոր լուծումներ ստացավ։ Նա հավաստիացրեց, որ առնվազն 2-3 ամիս այն քննարկման փուլում կլինի, ամեն դեպքում՝ ընդունման համար վերջնաժամկետ չկա, որքան անհրաժեշտ է, այնքան կքննարկվի։

 

Փոխնախարարը նշեց, որ ռազմավարության հիմնական միջոցառումները բխում են միջազգային պարտավորություններից, որոնք ներառված են փաստաթղթում, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի առաջարկությունները.

 

«Ի վերջո, ռազմավարությունը պրոֆեսիոնալ փաստաթուղթ է և կարևոր մասեր ունի՝ կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում, և իրավապահ համակարգի, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննում և բացահայտում»։

 

Հարցին, թե ի վերջո, ինչո՞ւ է այսպիսի աղմուկ առաջացել, եթե նախագծի շուրջ քննարկումները նոր են մեկնարկել, Ս.Քրմոյանը պատասխանեց.

 

«Կարծում եմ՝ թյուրիմացությունը եկել է նրանից, որ մեր գործընկերները կարծել են, թե սա վերջնական փաստաթուղթն է, բայց սա աշխատանքային փաստաթուղթ է և բոլոր շահագրգիռների հետ պատարստ ենք ցանկացած ֆորմատով աշխատել։ Եվ պաշտոնապես հայտարարում եմ, որ հիմա գործանականում, եթե շատ էլ ուզենանք, չենք կարող ընդունել։ Սա նոր կառավարության փաստաթուղթն է, որը կձևավորվի մինչև ամսվա վերջ»։

168.am

Դիտումներ՝ 991

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????