Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մենք չպետք է շարունակենք այն մոտեցումը, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է

February 16, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կառավարության ծրագրում հստակ նշված չէ, թե առաջիկա տարիներին  հակակոռուպցիոն պայքարն ինչ ուղղությամբ է տարվելու։ Որքանո՞վ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարը ունի առաջնահերթություն։

 

Նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության ծրագրում կարևոր տեղ ունի։ Եթե դիտարկենք, ապա ներքին ու արտաքին անվտանգությունից հետո անմիջապես հաջորդը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Ես համաձայն եմ, որ պետք է հստակ ժամկետներ նշվեն, որովհետև պետք է մեզ համար հասկանալի լինի կամ կանխատեսելի լինի, թե կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության կողմից առաջարկվող այս մոտեցումները կամ խնդիրները ինչ ժամկետներում են լուծվելու, կամ դրանց ուղղությամբ, ինչպես ծրագրում է նշվում, մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմինը երբ է ստեղծվելու, քանի որ ժամկետները շատ կարևոր են։ Ես համարում եմ, որ ծրագրում պետք է հստակ արձանագրվեր, որ կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է։ Այսինքն՝ ըստ էության՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական այդ նպատակը պայմանավորվեր այն գնահատականով, որ դա ուղղակիորեն բխում է պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։

 

Բացի այդ, ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված կոռուպցիոն ունեցվածքը վերադարձնելու հստակ խնդիր պետք է դրվեր և համապատասխան օրենսդրական դաշտ ձևավորվեր այդ խնդիրը լուծելու համար։ Իհարկե, կարևոր է, որ նշվում են պետական ռեսուրսների կառավարման հետ կապված թափանցիկության, հաշվետվողականության խնդիրները, ինչպես նաև տարբեր պետական մարմինների կրկնվող գործառույթների վերացման հարցը։ Կարևորվում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե անցնում է պաշտոնի, համաձայնություն տա, որ իր պաշտոնից հետո ձեռքբերվելիք գույքի, ունեցվածքի մասին տվյալները կարող են ստուգման ենթարկվել թե երկրում, թե երկրից դուրս։ Բայց պետք է անդրադարձ լիներ նախորդ ժամանակահատվածում համակարգային կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքի ազգայնացման խնդրին։ Այս առումով մենք տեսնում ենք, որ հայտարարագրերի ինստիտուտի ներդրումը միայն վերաբերում է նոր պաշտոնատար անձանց, որը շատ կարևոր է, բայց կարծում եմ, որ մինչև հիմա շատ քիչ է ուշադրություն դարձվել այդ կոռուպցիոն ունեցվածքի ուղղությամբ։ Սրանք են այն հարցերը, որոնք չկան։

 

Բացի այդ, գնումների հետ կապված շատ հստակ պետք է մեխանիզմները ձևակերպվեին։ Օրինակ, ինչ ընթացակարգերով են պատրաստվում, որպեսզի պետական ռեսուրսների բաշխման, տիրապետման, իրացման այդ ընթացակարգերը լուծվեն։

 

Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը առավելագույնը ազգային ընթացակարգերով կազմակերպելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ պետք է ավելի հստակեցնել կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր ուղղությունները, ոչ միայն այսօրվա իշխանության գործունեության ժամանակահատվածի, այլ նաև մինչ այս իշխանության, նախորդ կոռուպցիոն համակարգի արդյունքում ահռելի ունեցվածքի օրինականացման խնդիրը պետք է լուծել։ Օրինակ՝ կոռուպցիայի շատ կարևոր բնագավառ է քաղաքական կոռուպցիան, նկատի ունեմ բիզնեսի և քաղաքականության տարանջատման խնդիրը։ Ցավոք սրտի, չեմ տեսնում այս խնդրի լուծումը. որտե՞ղ է բիզնեսի և քաղաքականության տարանջատման դրույթը։

 

Հիմա նշում են, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, գործարար պատգամավորները սեփականատերեր են իրենց համարում։ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը սեփականատերեր է։

 

Հիմա մենք չպետք է շարունակենք այն մոտեցումը, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է։ Ակնհայտ է, որ Ծառուկյանը ոչ միայն սեփականատեր է, այլ նաև բիզնեսմեն, և ինքը չի էլ թաքցնում, բայց խոսքը միայն Ծառուկյանի մասին չէ, այլ բիզնեսներ ունեցող բոլոր պետական ապարատի պաշտոնավարողների թե ԱԱԾ-ում, թե ոստիկանությունում, թե մաքսայինում, թե պետական ապարատի այլ կառույցներում։ Օրինակ՝ գազալցակայաններ, խանութներ, այս ամենը վերջին հաշվով տրվել են այս կամ այն մեխանիզմով այս կամ այն պաշտոնատար անձանց, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք իրենց եկամուտներն ապահովեն, որովհետև վերջին հաշվով նրանցից ոչ ոք աշխատավարձով չէր ապրում, որովհետև հենց հիմա այդ աշխատավարձերի բարձրացման հարց է դրվում, և տեսեք՝ խիստ որոշակի մարդկանց մոտ է աշխատավարձի բարձրացման հարց դրվում։ Իսկ մնացածները լռում են։ Դա ի՞նչ է նշանակում՝ նրանք կարողանո՞ւմ են շարունակել այդպես ապրել, թե՞ ունեն զուգահեռաբար իրենց բիզնեսը։ Եվ այնպես չէ, որ նախկին իշխանության միայն առաջին դեմքերն ունեին հնարավորություններ, նրանք ունեցել են նաև իրենց ենթակաները, ներքին օղակները։ Եվ ներքին օղակների՝ որպես պաշտոնատար անձեր և բիզնեսմեններ, համատեղման խնդիրները բաց են։ Կարծում եմ՝ այստեղ օրենսդրությունը պետք է շատ հստակ լիներ։ Այսինքն՝ երբ գնում է պայքար կոռուպցիայի դեմ, մեկնակետը պետք է ոչ միայն այն լիներ, որ ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկն է կոռուպցիան, և այլ շատ կարևոր է նշել, որ կոռուպցիան ազգային անվտանգության մարտահրավեր է, ընդհանրապես պետական անվտանգության խնդիր է։

 

Կառավարության ծրագիրը ԱԺ-ում ընդունվեց առանց ընդդիմության։ Իշխանության ներկայացուցիչներն էլ նշում էին, որ որևէ կառուցողական առաջարկ չլսեցին ընդդիմությունից։ Ի՞նչ տպավորություն ստացաք։

 

Իհարկե, սա առաջին լուրջ քննարկումն էր նոր Ազգային ժողովում նոր կառավարության մասնակցությամբ: Ես նույնիսկ ուշադրություն դարձրեցի քվեարկության արդյունքներին, հարաբերակցությանը: Նախորդ կառավարությունների ծրագրերի ժամանակ, ըստ էության, նույնիսկ ընդդիմության մեծ մասն էր քվեարկում կառավարության ծրագրին: Դա նշանակում էր, որ ընդդիմություն կոչվածներն, ըստ էության, մեծ մասամբ համակարգային ընդդիմություն էին, այսինքն հնարավորին չափով իրենց դիրքորոշումը ձևակերպում էին իշխանության լոյալությունը ունենալու տրամաբանությամբ: Հիմա վիճակը փոխված է: 37 պատգամավոր դեմ է քվեարկել կառավարության ծրագրին, և դա բավական լուրջ թիվ է: Այսինքն տխուր չի պատկերը, որքան շատերը պատկերացնում էին: Ճիշտ է, «Իմ քայլը» մեծամասնություն ունի, բայց այնուամենայնիվ, բավական լուրջ ընդդիմություն կա նաև: Ուղղակի սա առաջին քննարկումն էր, որ բավական թեժ էր: Այնուամենայնիվ, կողմերը չկարողացան զերծ մնալ իրար թիրախավորելուց: Այսինքն՝ հարցեր բարձրացնելիս բանավեճ գնում էր ոչ թե հարցերին պատասխանելու, հերքելու կամ ընդունելու, առարկայական քննադատությունների տիրույթում, այլ կարծես թե թիրախավորման ոճը վերցրեցին: Կարծում եմ՝ ավելի առարկայական պետք է լիներ քննարկումը:

 

Իհարկե, սա համարում եմ առաջինը և չեմ կարծում, որ ամեն ինչ այսպես կգնա: Գնալով քայլերը, գործողությունները և նաև դրանց հաշվետվությունը լինելու են շատ ավելի առարկայական, որովհետև պարտավորությունները շատ հստակ են: Թեկուզ ոչ ամբողջական ձևակերպված, բայց, այնուամենայնիվ, ակնկալիքները մեծ են: Այստեղ արձանագրենք, որ խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն հավանություն տվեց կառավարության ծրագրին, այլ նաև պատասխանատվություն վերցրեց այդ ծրագրի համար: Այսինքն՝ այստեղ Ազգային ժողովն էլ լուրջ անելիքներ ունի՝ հանձինս կայուն քաղաքական մեծամասնության: Սա շատ կարևոր հանգամանք է, և ես ակնկալում եմ, որ հետագա գործունեության ընթացքում խորհրդարանում կունենանք շատ հետաքրքիր պատկեր և իրավիճակներ:

 

Առիթ եղել է ասելու, որ այս ամենը՝ լավագույն ցանկությունները, լավագույն նպատակները, որ ձևակերպված են կառավարության ծրագրում, կարող են հաջողության հասնել, եթե ապահովվի համակարգային այնպիսի խնդրի լուծում, ինչպիսին իշխանությունների տարանջատման և զսպման մեխանիզմն է: Երկրորդ՝ դատական իշխանության անկախության երաշխիքներն են ու դրանց ապահովումը, դատական իշխանության լուրջ բարեփոխումը: Առանց դրա, մնացած խնդիրները ժամանակավոր լուծումներ կարող են ունենալ, որովհետև ցանկացած իշխանության բնորոշ է խախտել մարդու իրավունքները, չարաշահել լիազորությունները, իսկ զսպող միակ մարմինը, եթե ԱԺ-ում էլ ունեն մեծամասնություն, հանդիսանալու է դատական իշխանությունը: Եվ հենց արդարադատության և դատական իշխանության ինքնակառավարման և դատավորի անկախության բացակայությունն էր մեր բոլոր խնդիրների պատճառը: Ես շարունակում եմ մտահոգություն ունենալ կառավարությանն առընթեր մարմինների գոյությամբ՝ հանձինս ոստիկանության, ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծատռայության: Նաև այդ մարմինների գործունեության հստակեցումն է կարևոր: Գործառույթների կրկնության կրճատման համատեքստում մենք տեսնում ենք, որ թե ոստիկանությունը, թե  ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի լիազորություններով են օժտված: Արդյոք սա կրկնություն չէ: Կամ արդյոք քննչական գործառույթ իրականացնող մարմինը ԱԱԾ-ից չպետք է հանվի: Ի վերջո, ինչպիսի՞ն է լինելու խորհրդարանական վերահսկողությունն այդ մարմինների նկատմամբ:

 

Մենք այս ինսիտիտուցիոնալ բնույթի հարցերին ենք ուշադրություն դարձնում: Ասում են՝ հակակոռուպցիոն մարմինը լինելու է անկախ, բայց այդ մարմինն ինչպես է ձևավորվելու, ով է ձևավորելու: Ի վերջո, այդ մարմնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն լինելո՞ւ է, թե ոչ: Սրանք հարցեր են, եւ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ դրանք առանձին քննարկումների արդյունքում կլինի: Բայց իմ նշած ուղենիշները կամ բնութագրիչները փոխադարձ վերահսկողության, անկախության վերաբերյալ, առնվազն, կարծում եմ, որ կառավարության ծրագրում պետք է գրված լինեին: Մենք ունենք, իհարկե, ժամանակ կրկին անդրադառնալու այս խնդիրներին, որովհետև այս փաստաթուղթը քարացած մի բան չի: Այս իշխանությունն, այնուամենայնիվ, մի կարևոր հատկություն ունի՝ լսում է: Ես կարող եմ օրինակ բերել հենց հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որը լուրջ քննադատության արժանացավ և հիմա փոխվելու է: Նաև փոխվելու է քրեակատարողական համակարգում բարեփոխումների ծրագիրը, որի վերաբերյալ նախագիծ ներկայացվեց, և մենք լուրջ քննադատեցինք: Նաև դատաիրավական բաեփոխումների հայեցակարգն է մշակվում: Մենք տեսնում ենք այստեղ կազմակերպելու խնդիրներ, որոնք այս պահին երևի թե դեռ ամբողջական լուծված չեն: Այստեղ կա պետական ապարատի արդյունավետության խնդիրը: Նման պարագայում այն, ինչ կար այս պահին, կարող էր արտացոլվել կառավարության ծրագրում, իսկ դա նշանակում է, որ փաստաթղթի կազմավորման կարողությունը դեռևս պետք է զարգանա:

 

lragir.am

Դիտումներ՝ 629

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????