Քաղաքական պրոցեսին չնպաստող օրենսդրությամբ հերթական անգամ գնում ենք ընտրությունների: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների տապալմանը:
«Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները պետք է լինեն միջանկյալ, որովհետև մենք Ընտրական օրենսգրքում պետք է կատարենք լուրջ փոփոխություններ, առնվազն այն փոփոխությունները, որ հիմա առաջարկվում էին»,- նշեց նա:
Արթուր Սաքունցը նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում. «Սահմանադրությունն էլ փոխվելու է անպայման: Եվ առաջիկա պահանջը «Քաղաքացիական պայմանագրից», որն անվերապահ վստահություն ունի և մեծ առավելությամբ անցնելու է խորհրդարան, որ հենց ինքը պետք է նախաձեռնի Սահմանադրության փոփոխությունները, նաև Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունները, և պետք է անցկացվեն նոր արտահերթ ընտրություններ»:
Ըստ բանախոսի՝ ԸՕ-ում փոփոխությունների ընդունման տապալումից հետո մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ի միակուսակցական կառավարման փոխարեն կարող ենք ունենալ մեկ այլ կուսակցության միակուսակցական կառավարում:
«Դրա հիմնական ձևավորման մեխանիզմն Ընտրական օրենսգիրքն է, որն այդպես էլ չփոխվեց: Սա ամենամեծ վատությունն էր, որ կարող էր անել Ազգային ժողովը ներկայիս կազմով Հայաստանին և նրա քաղաքացիներին»,- հայտարարեց նա:
Երկրորդ խնդիրն Արթուր Սաքունցը համարում է ռեյտինգային ընտրակարգը. «Սա անձնավորման ճանապարհ է բացում: Քաղաքական բնույթի դիսկուրսի փոխարեն անձները տեղերում վերարտադրվելու հնարավորություն են ունենում:
Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ին այլ տարբերակ չի մնացել: Այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ի հովանու տակ էին անցել, հիմա առանց այդ հովանու մնալով՝ ռեյտինգային ընտրակարգով վերարտադրվելու վերջին շանսն են ունենում»: Այս գործոնները, ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի, չեն նպաստելու ընտրություններն անցնցում անցկացնելուն: «Ցավոք, այս գործոններն իրենց մեջ ընտրական գործընթացներում լարվածության առաջացման վտանգ են պարունակում: Սա ամենամեծ մտահոգությունն է»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: