Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Խախտվում է ուռուտցիների՝ մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը». հայտարարություն Ուռուտում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ

October 12, 2021

Համատեղ | Հայտարարություններ

Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության հայտարարությունը Ուռուտում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների առումով, որոնք ակնհայտորեն խախտում են տեղի բնակիչների՝ ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Գյուղում առաջացել է սոցիալական լարվածություն և բևեռացում բնակիչների շրջանում։

 

2021 թվականի մայիսի 14-ին  «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում 2021-2024 թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հրավիրվել են հանրային լսումներ (1-ին փուլ)։

 

Այդ օրը Ուռուտ բնակավայրի բնակիչները, մտահոգված լինելով իրենց կենսավայրի պահպանությամբ, թույլ չեն տվել իրականացնել հանրային լսումներ: Նրանք հրաժարվել են ընկերության հրավերից և լսումներ չեն կայացել։ Համայնքի բնակիչների պահանջով Ոռուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմվել է արձանագրություն, որտեղ նշվել է, որ բնակիչները դեմ են հանքարդյունաբերական ոլորտին առնչվող թեմաներով իրենց գյուղում որևէ լսումների կազմակերպմանը։

 

Որոշ ժամանակ անց գյուղի բնակիչները տեղեկացան, որ 2021 թ. օգոստոսի 10-ին ընկերությունը կրկին նախաձեռնել է հանրային լսումներ իրականացնելու փորձ։

 

Այդ օրը գյուղի բնակիչները կրկին հավաքվել էին Ուռուտ գյուղի վարչական շենքի մոտ, որպեսզի թույլ չտան հանրային լսումներ իրականացնել։ Հավաքված մարդկանց տեղեկացրին, որ ընկերության ներկայացուցիչը չի գալու առողջական խնդիրների պատճառով։ Այս անգամ ևս գյուղացիների պահանջով կազմվեց արձանագրություն այն մասին, որ Ուռուտ գյուղի բնակիչները դեմ են իրենց գյուղում հանքարդյունաբերական ոլորտին առնչվող  թեմայով ցանկացած լսման կազմակերպմանը, ինչը վավերացվեց գյուղի վարչական ղեկավարի ստորագրությամբ և կնիքով։

 

Չնայած այդ գրության առկայությանը՝ 2021 թ. սեպտեմբերի 24-ին «ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԵԴ» ՍՊԸ-ն ևս մեկ հանրային լսում անցկացնելու փորձ նախաձեռնեց: Մինչ լսումների անցկացումը ընկերությունը որոշակի աշխատանքներ է տարել, ակտիվություն է ցուցաբերել գյուղում՝ հանդիպելով մի քանի բնակչի հետ և ձեռքբերելով նրանց համաձայնությունը՝ մասնակցելու հանրային լսումներին  ու պաշտպանելու իրենց նախագիծը։ Գյուղում սկսել են տարածել լուրեր, որ նախագիծը հովանավորվում է բարձրաստիճան պաշտոնյանների կողմից և այն միևնույնն է՝ անցնելու է։

 

Սեպտեմբերի 24-ին ավելի մեծ թվով գյուղացիներ և ակտիվիստներ հավաքվեցին գյուղի վարչական շենքի մոտ և թույլ չտվեցին հանրային լսումների իրականացումը: Սակայն  հավաքն անցավ լարված մթնոլորտում՝ հանքի բացմանը դեմ և կողմ արտահայտվող բնակիչների միջև։ Ընկերության ներկայացուցիչները չէին հեռանում գյուղից, փոխարենը՝ փորձում էին տարբեր գործիքներ և հնարքներ կիրառել լսումներն անցկացնելու համար։

 

Գյուղացիների պնդմամբ Ուռուտ գյուղում այս անգամ կազմվեց արդեն երրորդ արձանագրությունը, որտեղ նշվեց, որ գյուղացիները դեմ են իրենց գյուղում հանքարդյունաբերական ոլորտին առնչվող թեմաների վերաբերյալ լսումների անցկացմանը: Արձանագրությունը ստորագրվեց և վավերացվեց համայնքի վարչական ղեկավարի կողմից։

 

Մի քանի ժամ տևած դիմակայությունից հետո գյուղացիներին լուր հասավ, որ ընկերության ներկայացուցիչները գյուղում հանքին կողմ մարդկանց շրջանում ստորագրահավաք են իրականացնում լսումների անցկացման համար: Ի պատասխան՝ հանքին և լսումներին դեմ պայքարող քաղաքացիներն իրենց հերթին նախաձեռնեցին ստորագրահավաք և 430 ստորագրություններով դիմեցին տեղական ինքնակառավարման մարմիններին` պահանջելով պաշտպանել Ուռուտ գյուղի շահերը և Ուռուտի բնակչության անունից Լոռի Բերդ խոշորացված համայնքի ավագանու օրակարգ մտցնել Ուռուտի տարածքում հանքի բացման անթույլատրելիության  և երկրաբանահետազոտական ուսումնասիրության աշխատանքների համար համայնքի նախնական թույլտվությունը մերժելու հարցը։

 

Այս իրավիճակն առաջացրել է հանրային բևեռացում և սոցիալական լարվածություն գյուղում:

 

Կա մտահոգություն, որ հերթական անգամ լսումներ իրականացնելու փորձը կհանգեցնի անկանխատեսելի ելքի։ Գյուղի բնակիչներն իրավացիորեն դժգոհում են, որ ընկերությունն անտեսում է բնակիչների կարծիքը` հանքարդյունաբերության թեմաներով իրենց գյուղում լսումներ չիրականացնելու վերաբերյալ, և իրենց կամքին հակառակ շարունակաբար փորձում է լսումներ կազմակերպել: Սա ստեղծում է սթրեսային մթնոլորտ համայնքի բնակիչների շրջանում։

 

Նմանատիպ իրավիճակ է ստեղծված նաև Գլաձոր համայնքում։

 

Հաշվի առնելով, որ ԱՃԹՆ գործընթացի հիմքում ընկած է բոլոր շահագրգիռ կողմերի միջև երկխոսության միջավայր ստեղծելու սկզբունքը, ինչպես նաև այն, որ այսօրինակ խնդիրները Հայաստանում պարբերաբար կրկնվում են՝ ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցությունը անհրաժեշտ է համարում նախաձեռնել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի հետևյալ հարցը՝

 

Ընդերքօգտագործման ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ ազդակիր համայնքների բնակչության կարծիքը հաշվի առնելու հարցի և մասնավորապես Ուռուտ բնակավայրում և Գլաձոր համայնքում  տեղի ունեցող գործընթացների  վերաբերյալ քննարկում։

 

Միևնույն ժամանակ կոչ ենք անում արդյունահանող ընկերություններին զերծ մնալ հանրային լսումներ կազմակերպելուց Ուռուտում և այլ համայնքներում, որտեղ համայնքի բնակչությունը արդեն մերժել է լսումների իրականացումը մի քանի անգամ, համայնքի բնակիչների կարծիքը հարգելու և սոցիալական լարվածության խորացումից խուսափելու համար։

 

Տեղական ինքնակառավարման  մարմիններին, համայնքի ավագանուն և պետական կառավարման իրավասու մարմիններին կոչ ենք անում պաշտպանել համայնքի բնակիչների օրինական շահերը և իրավունքները։ Հայտարարությունը բաց է միանալու համար

 

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, փաստաբան Նազելի Վարդանյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Սուրեն Ներսիսյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության այլընտրանքային անդամ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյան

ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության այլընտրանքային անդամ, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան Արթուր Համբարձումյան

 

Հայտարարությանը միացել են

 

Արթուր Գրիգորյան, Էկոլոգիական իրավունքի մասնագետ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ

Քրիստինա Տեր-Մաթևոսյան, «ԷկոԼուր» ՀԿ-ի լրագրող

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ

«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ

«Յանուս» իրավական ՀԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ

«Սինեմարթ» երիտասարդական ՀԿ

Վարդուհի Անանյան, «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ Նախագահ

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Նոր հորիզոններ» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Երիտասարդական ավանգարդ» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Հաջողակ Կին» երիտասարդական ՀԿ

«Թումանյան» փաստաբանական գրասենյակ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ


Դիտումներ՝ 107

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????