Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իշխանությունները դեմ արտահայտվեցին իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սահմանադրական առաջարկությանը

January 4, 2023

Համատեղ | Հայտարարություններ

Ս.թ. դեկտեմբերի 27-ին կայացավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեց և մերժվեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ներկայացրած՝ Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակի և իշխանության փոխզսպումներին վերաբերող առաջարկությունը:

Երկու հասարակական կազմակերպությունների՝ գործող սահմանադրական կարգավորման վերաբերյալ հիմնական մտահոգությունն այն է, որ ընտրական, դատական, հակակոռուպցիոն ու մի շարք այլ մարմինների ղեկավար անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից և անկախ նրանից, թե ով է օժտված առաջադրման լիազորությամբ, որևէ անձ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնները, եթե իրեն կողմ չքվեարկի իշխող քաղաքական ուժը կամ կոալիցիան:

Խորհրդարանական հանրապետությունում, որտեղ գործադիր իշխանությունը ձևավորվում է օրենսդրի կողմից և, ըստ այդմ, միշտ խորհրդարանական մեծամասնության քաղաքական ուժի թիմի մաս է, խիստ ռիսկային է, որ գործադիր իշխանությանը հակակշռելու լիազորությամբ օժտված մարմինների ղեկավարների նշանակումներում վերջին խոսքը նույն խորհրդարանական մեծամասնությանն է:

Խնդրի լուծման ուղղությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ երկու հասարակական կազմակերպությունները գտնում են, որ Նախագահը կարող էր դառնալ գործադիրի և խորհրդարանական մեծամասնության (ըստ էության՝ օրենսդրի) իրական հակակշիռ, եթե ապահովվեն առնվազն հետևյալ պայմանները.

  1. Նախ, անհրաժեշտ է Նախագահին տրամադրել առաջնային մանդատ՝ պաշտոնին ընտրության համապետական ուղղակի ընտրությունների միջոցով, ինչի շնորհիվ վերջինս կունենա լիարժեք անկախություն, կվերանա նրա կախվածությունն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունից՝ արդեն գործնականում ստանալով քաղաքական կշիռ։

  2. Անհրաժեշտ է ապահովել դատական, ընտրական, հակակոռուպցիոն ու սահմանադրական անկախ այլ մարմինների ձևավորման հարցում նախագահի իրական մասնակցություն: Բարձրագույն դատական ատյանները, ընտրական և մի շարք սահմանադրական անկախ այլ մարմիններ ունեն կոլեգիալ բնույթ, և այդ մարմինների անդամների որոշակի մասի նշանակումը անհրաժեշտ է վերապահել Նախագահին:

  3. Անհրաժեշտ է նաև հստակ սահմանազատել Նախագահին գործադիր իշխանությունից և վերացնել իշխանության այդ ճյուղին հատուկ լիազորությունները Հանրապետության նախագահի լիազորությունների շարքից, որպեսզի բարձր լեգիտիմություն ունեցող նախագահը որևէ պարագայում չմտնի գործադիր իշխանության տիրույթ: Առաջին հերթին կառավարության անդամների ու գործադիր ֆունկցիաներով օժտված այլ պաշտոնատար անձանց (այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների ու դիվանագետների) նշանակումը պետք է ամբողջությամբ վերապահել Վարչապետին:

Հայեցակարգային առաջարկությունը ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, սակայն, 2 կողմ, 1 ձեռնպահ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց հասարակական կազմակերպությունների՝ իշխանության տարանջատման ու պետության ապագա հնարավոր զավթման ռիսկը նվազեցնող այս հայեցակարգային առաջարկությունը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խիստ անհանգստացած են իշխանությունների տարանջատման ու հակակշռման իրական մեխանիզմների ներդրման դեմ քաղաքական մեծամասնության ու իշխանության այլ ներկայացուցիչների դիմադրությամբ:

Համադրելով այդ քվեարկությունը այն փաստերի հետ, որ իշխանությունները հեղափոխությունից հետո այդպես էլ չարձանագրեցին պետության զավթման փաստը, ինչպես նաև մի շարք հանգուցային անկախ մարմինների ղեկավար պաշտոններում (ԿԸՀ, ԲԴԽ) խորհրդարանի իշխող մեծամասնությունը ընտրում է իր թիմի անդամ հանդիսացող քաղաքականացված անձանց, զարմանալի չէ, որ իշխանությունները չեն ցանկանում ձերբազատվել Սահմանադրական ու Վճռաբեկ դատարաների դատավորների, ԲԴԽ գիտնական-անդամների, ԿԸՀ, ՀՌԱՀ, ԿԿՀ, ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ և այլ մարմինների անդամների նշանակման հարցում «վերջին խոսքը» ունենալու հնարավորությունից:

Ընտրելով խորհրդարանական կառավարման մոդելը, որում գործադիր իշխանության ղեկավարը լինելու է վարչապետը, իշխանությունների տարանջատման և փոխզսպման հնարավոր մեխանիզմների այլ տարբերակների վերաբերյալ մոտեցումները մնում է մշակել օրենսդիր մարմնի գործառույթներին անդրադառնալու ժամանակ։

Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ դեռևս չեն սպառվել իրավական, ժողովրդավարական և ինքնիշխան պետության այս հիմնարար սկզբունքի սահմանման հնարավորությունները Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետագա աշխատանքների ընթացքում։

Միաժամանակ, գտնում ենք, որ առանց այս սկզբունքի սահմանադրական հստակ և արդյունավետ մեխանիզմների երաշխավորման, սահմանադրական որևէ բարեփոխում կլինի անիմաստ և ապարդյուն։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

«Իրազեկ քաղաքացիների միավորումը»

 

Դիտումներ՝ 104

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????