Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2018 թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։
Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրդարանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018 թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդանական ուժերի կողմից։
Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են․
✔️վարչական ռեսուրսի օգտագործումից, որը սահմանվել և հստակեցվել է փոփոխություններով՝ սահմանելով նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվություն,
✔️քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից, որը նախագծով ստացել է ավելի արդյունավետ կարգավորում՝ հաշվետվողականության ու թափանցիկության տեսանկյունից,
✔️բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են, այդ թվում՝ երրորդ անձանց հայտարարագրման միջոցով,
✔️հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից, որի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն,
✔️կանանց ցածր ներկայացվածությունից, որի հաղթահարման համար նախագիծը սահմանել է ներկայացվածության ապահովման արդյունավետ մեխանիզմներ,
✔️իշխանության գերկենտրոնացումից, որի հաղթահարման համար նվազեցվել է կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները և ամբողջությամբ վերանայվել է լրացուցիչ մանդատների բաշխման սխեման,
✔️անհավասար մրցակցությունից և անձակենտրոն ապաքաղաքական գործունեությունից, որի հաղթահարման համար նախատեսվում է նախընտրական ծրագրերի պարտադիր ներկայացում, բանավեճերի և անվճար եթերաժամանակի ավելացում, կենտրոնացում կուսակցության ընդհանուր քաղաքականության վրա։
Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե՝ ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։
Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։
Հայտարարությանը բաց է միանալու համար․ խնդրում ենք Կազմակերպության կամ Ձեր տվյալները լրացնել այստեղ։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն |
Իրազեկ քաղաքացիների միավորում |
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ |
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն |
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ |
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ |
«Փինք» իրավապաշտպան ՀԿ |
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն |
Հանրային լրագրության ակումբ |
Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա |
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա |
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ |
«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ |
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ |
Սոցիոսկոպ ՀԿ |
«Քաղաքական երկխոսություն» ՀԿ |
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ |
Կանանց իրավունքների տուն |
Սեդա Գրիգորյան, վավերագրող ռեժիսոր |
Սոսի Թաթիկյան, հանրային կառավարման մասնագետ |
«ԷկոԼուր» Տեղեկատվական ՀԿ |
Անդրանիկ Շիրինյան, Ծրագրի համակարգողի տեղակալ Ֆրիդըմ Հաուս ամերիկյան իրավապաշտպան ՀԿ-ում, Միջազգային իրավունք, դիվանագիտություն |
Ուղղակի ժողովրդավարություն |
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ |
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ |
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ |
«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ |
Թամարա Գևորգյան, Քաղաքական գիտությունների թեկնածու, դասախոս |
Կարինե Գրիգորյան, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ |
«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ |
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ |
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպություն |
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ |
«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն |
Մտավոր սեփականության ազգային խորհուրդ ՀԿ |