Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկներն ու դիտարկումները «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

April 8, 2022

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում իր առաջարկներն ու դիտարկումներն է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։ 

 

ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, ներկայացրել է հետևյալ առաջարկությունները․

 

  • Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել, որ հիմնական սկզբունք է հանդիսանում աշխատանքի ազատությունը, և այն ներառում է աշխատանքի, մասնագիտության և գործունեության տեսակի ազատ ընտրությունը և աշխատանքային ունակություններն ազատորեն տնօրինելը։

  • Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ռասայից» բառից հետո լրացնել «մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից» բառերը։

  • Օրենսգրքում նախատեսել անձի հիմնարար՝ խտրականության արգելքի իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորությունը։

  • 11-րդ հոդվածից հանել 2-րդ և 3-րդ կետերը, որով առաջարկվում է հատուկ աշխատանքային ստաժը և ապահովագրական ստաժը աշխատանքային ստաժի տեսակ չհամարել։

  • Վերանայել Նախագծի 12-րդ հոդվածով սահմանված և Օրենսգրքով աշխատողների ներկայացուցիչներին վերաբերելի կարգավորումները՝ հաշվի առնելով ԱՄԿ փորձագետների կոմիտեի կողմից ներկայացված առաջարկները։

  • Նախագծից հանել 16-րդ հոդվածը, որով առաջարկվում է փոփոխել հայցային վաղեմությանն առչնվող կարգավորումներն աշխատավարձի մասով, ինչը նշանակում է, որ առաջարկվող փոփոխության ընդունումից հետո հայցային վաղեմությունը տարածվելու է նաև աշխատավարձի բռնագանձման պահանջի վրա։

  • սահմանել, որ գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա գաղտնի քվեարկությանը մասնակցած աշխատողների մեծամասնության կողմից, եթե քվեարկությանը մասնակցել են կազմակերպության աշխատողների առնվազն կեսը, ինչպես նաև նվազեցնել Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետները:

  • Օրենսգրքով հստակեցնել աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները հասկացության իրավական բովանդակությունը՝ հնարավորինս սպառիչ կերպով սահմանելով այն աշխատանքները, որոնք իրենց բնույթով կամ կատարման պայմաններով կարող են ժամանակավոր համարվել, ինչպես նաև սահմանել այն հիմքերի սպառիչ ցանկը, որոնք կբացառեն որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքումը: Նաև առաջարկում ենք սահմանափակել մեկ անձի հետ որոշակի ժամկետով պայմանագրերի կնքման կամ վերակնքման համար առավելագույն ժամկետը կամ դրանց հնարավորության առավելագույն քանակը։

  • Նախագծի 49-րդ հոդվածի 1.1 մասում «զոհված (մահացած)» բառից հետո լրացնել «մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում անհայտ կորած» բառերը, ինչպես նաև նույն մասի 1-ին կետի «զոհվածի (մահացածի)» բառից հետո լրացնել «մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում անհայտ կորածի» բառերը։

  • վերանայել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված դրույթը՝ բացառապես կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու հնարավորությունը վերացնելու նպատակով: Ինչպես նաև սահմանել, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել` ոչ միայն օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի կամ կոլեկտիվ պայմանագրի, այլ նաև այլ բնույթի խախտումների համար պահանջներ ներկայացնելը

  • իրավունք վերապահել նաև արհմիությանը կամ աշխատողների ներկայացուցչին մասնակցություն ունենալու աշխատողի մասնագիտական ունակությունների գնահատման գործընթացին և որոշումների կայացմանը, ինչը հնարավորություն կտա սահմանափակելու գործատուի՝ կամայական և կողմնակալ որոշումներ կայացնելու պրակտիկան:  

  • հստակ ամրագրել 12 ժամ աշխատաժամանակի դեպքում աշխատողի՝ հանգստի և սնվելու իրավունքի և դրա համար նախատեսված ժամանակը։

  • սահմանել 12-ից մինչև 14 տարեկան երեխաների աշխատաժամանակի օրական և շաբաթական տևողությունները՝ Խարտիայի պահանջներին համապատասխան։

  • ամրագրել «չնորմավորված աշխատանք», «հերթափոխային աշխատանք», «աշխատաժամանակի գումարային հաշվարկ» աշխատաժամանակի ռեժիմներ հասկացությունների սահմանումներն ու էությունը՝ աշխատողների իրավունքների խախտումներից խուսափելու նպատակով, միաժամանակ հստակեցնելով նաև այս խումբ անձանց հետ կքնվող աշխատանքային պայմանագրի էական պայմանները, վարձատրության եղանակը, հանգստի և արձակուրդի տրամադրման սկզբունքները։

  • նախատեսել, որ գործատուի համաձայնության բացակայությունը պետք է դրսևորվի գրավոր, հիմնավորված և պատճառաբանված պայմանների ապահովումով։ Ինչ վերաբերում է ժամկետային սահմանափակմանը, ապա առաջարկում ենք Նախագծով որևէ ժամկետ չսահմանել՝ դա թողնելով կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությանը։

  • աշխատողի համար դատարան դիմելու հնարավորություն սահմանելով նաև միջազգային պայմանագրերով, աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրով սահմանված իր իրավունքների խախտման այլ դեպքերում։

 

Մյուս առաջարկներին և առաջարկների հիմնավորումներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

——————

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

 

Դիտումներ՝ 155

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????