Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վեթինգի իրականացմանը զուգահեռ պետք է իրականացվի նաև փաստահավաք առաքելություն կամ ճշմարտության հանձնաժողով

August 19, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Արդարադատության նոր նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ դատական համակարգում զտման գործընթաց է սկսվել: Արդյոք մենք ականատես կլինենք իրական արմատական փոփոխությունների, և ինչ արդյունք դա կարող է տալ:

 

Մենք հիմա երկու իրարից տարբեր հարցեր ենք ներկայացնում. Մեկը դատական փոփոխությունների վերաբերյալ հարցն է, որի բովանդակային և արմատական փոփոխության համար անհրաժեշտ է վեթինգ և ազատվել այն դատավորներից, որոնք մասնակցել են ազգային դատարաններում ան վճիռների, որոշումների ընդունմանը, որոնք հետո ՄԻԵԴ-ում որակվել են որպես իրավունքի խախտումների հանգեցրած իրավական ակտեր: Վեթինգի առաջին խնդիրներից մեկը հենց նման դատավորներից  դատական համակարգն ազատելն է: Ես կավելացնեի նաև այն բոլոր գործերը, որոնցում կան իրավունքի խախտումներ, բայց չեն գնացել Եվրոպական դատարան: Դրանք ևս պետք է հաշվի առնվեն և քաղաքացիները, որոնց իրավունքները խախտվել են նման դատական ակտերով, պետք է հնարավորություն ունենան բողոքներ ներկայացնել: Վեթինգը անհրաժեշտ է ոչ միայն դատական համակարգին, այն պետք է վերաբերվի թե ոստիկանությանը, թե ԱԱԾ-ին, թե քննչական մարմիններին, դատախազությանը, մաքսային ծառայության, հարկային ծառայության քննչական մարմիններին: Այսինքն բոլոր այն մարմիններին, որոնք տարիներ շարունակ գործել են պետության զավթման տրամաբանության, դրա սպասարկման հիման վրա: Ոչ բոլորն են, իհարկե, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու ձգտումով իրենց դրսևորել, բայց որոնք այդպես են դրսևորել, նրանցից պետք է ազատվել: Այս առումով անցումային արդարադատության գործիքներից մեկի՝ վեթինգի իրականացմանը զուգահեռ պետք է իրականացվի նաև փաստահավաք առաքելություն կամ ճշմարտության հանձնաժողով, որտեղ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ վկայություն ներկայացնել, այդ կոպիտ խախտումների պատասխանատուների ցուցակը կազմել և դրանցից ազատվելու խնդիրը դնել:

 

Այս օրերին հատկապես Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, նրանց տեղակալներ ձերբակալվում են: Այս ընթացքը ինչպե՞ս եք գնահատում: Սրանք պատասխանն են ընտրություններից առաջ այն վարքի, որը դրսևորել էին այդ համայնքների ղեկավարները, թե՞ նրանց պատասխանատվության են ենթարկում կատարած հանցանքների համար:

 

Ինչ վերաբերում է Սյունիքի  մարզի առանձին համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների վերջին ձերբակալություններին, ես այդ քրեական գործերից տեղյակ չեմ, բայց ունեմ համոզմունք, հիմնավոր կասկած այդ մարդկանց կողմից հնարավոր չարաշահումների մասին: Քանի որ խոսքն ընդամենը ձերբակալության մասին է, դրանք գործառույթներ են, որոնք վերաբերում են քննչական մարմիններին և ոստիկանությանը: Դրանք դեռևս դատական ատյաններին չեն հասել: Ինչքանով են դրանք հիմնավոր քննության ու խափանման միջոց կիրառելու տեսակետից, դրանք դեռ պետք է ստուգվեն: Բայց քանի որ որակի, վստահության առումով, մտածողության առումով այդ մարմիններում աշխատողները փորձելու են իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա և դա ենթադրում է, որ նաև ընթացակարգերը պետք է համապատասխանեն մարդու իրավունքների չափանիշներին, և այդ հարցերում կան կասկածներ, բայց դա չի նշանակում, որ քրեական հետապնդման ենթարկելու հիմքերը չկան: Հենց այստեղ է շան գլուխը թաղված, որ պետական մարմինների, իրավապահ մարմինների չբարեփոխված լինելը ռիսկի տակ է դնում հանցագործությունների բացահայտման հիմնավորվածության գործողությունների օրինաչափությունը: Այսինքն մենք ականատես ենք եղել, երբ ենթադրենք քրեական հետապնդման ենթարկվող դատավորը կամ նախկին պաշտոնատար անձը կարողանում է ազատ հատել սահմանը և հեռանալ Հայաստանից: Կամ քննաչական մարմինը պացույցների ձեռքբերման ուղղությամբ պատշաճ գրագիտություն ցույց չի տալիս և իհարկե, իրավունքի գերակայության սկզբունքը չի երաշխավորվում ոչ թե այն առումով, որ գիտակցված խախտում են անում, այլ որովհետև գրագետ քննություն չեն կարողանում իրականացնել: Կարող ենք խոսել մարդու իրավունքների խախտումների մասին, բայց կանխամտածված քաղաքական հետապնդման մասին, որը փորձում են ներկայացնել, իրականությանը չի համապատասխանում: Կոռուպցիոն հանցագործությունների, պաշտոնական դիրքի չարաշահման մեջ կասկածվողների նկատմամբ քրեական հետապնդումները որակել որպես քաղաքական հետապնդում, դա ընդամենը քաղաքական քարոզչության նպատակն ունի: Մյուս կողմից իրավապահ մարմինների ոչ պատշաճ բարեփոխված լինելը նպաստում է  նման մանիպուլյացիաներին:

 

Դուք անընդհատ խոսում եք վեթինգի անհրաժեշտության մասին, բայց գործող իշխանությունը դրա մասին ընդհանրապես չի խոսում:

 

Իշխանությունը խոսել է վեթինգի մասին, հետո հետևողական չի եղել: Հիմա կարծես թե վերադառնում են այդ համակարգային, խորքային վեթինգի գաղափարին: Թե ինչ ընթացք դա կստանա, ես այս պահին չեմ ուզում կանխատեսումներ անել, որովհետև առնվազն նոր նշանակված արդարադատության նախարարը հայտարարել է դատական համակարգում վեթինգի անցկացման անհրաժեշտության մասին: Ինչ բովանդակություն կամ ինչ ընթացք դա կստանա, պետք է սպասենք գործողություններին այն իմաստով, թե ինչ են առաջարկել: Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստելու, որ ինչ առաջարկեն, մենք էլ ասենք՝ լավ է, թե վատ է: Մենք շահագրգիռ ենք դատական համակարգը, իրավապահ համակարգը արմատական փոփոխության ենթարկելու հարցում, որպեսզի պետության պարտավորությունը, մարդու իրավունքների խախտումներ թույլ չտալու, մյուս կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած հանցավոր գործողությունները օբյեկտիվ,  բազմակողմանի և լրիվ քննության ենթարկելու ուղղությամբ, երաշխավորված կլինեն: Սա է ամբողջ նպատակը, հակառակ պարագայում պարարտ հող է ստեղծվում անգրագիտության հետևանքով սխալները դարձնելու մանիպուլյացիայի առարկա և որակելու որպես քաղաքական հետապնդում:

 

lragir.am

Դիտումներ՝ 47

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????