Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, ադպես էլ չներկայացավ վարույթ իրականացնող մարմնին։ Աշոտ Կարապետյանը ՌԴ-ում մահացավ պայթյունից։ Ընդհանրապես, մարտի մեկի գործի շրջանակներում տեղի ունեցող այս զարգացումների մեջ կապ տեսնո՞ւմ եք։
Ես չեմ կարող պատահականություն համարել «մարտի 1»-ի գործով առանցքային նշանակություն ունեցող անձանց հետ կատարվող պատահարները։ «Մարտի 1»-ի պետական ահաբեկչության փաստով քրեական գործով անցնող մարդիկ մինչ քրեական գործի հարուցումը որևէ հիմք չեն տվել մտածելու կամ չի եղել նման տեղեկատվական արտահոսք, որ փորձ են արել ինքնասպանություն գործել, կամ դառնալ դժբախտ պատահարի զոհ, կամ գտնվել այնպիսի վայրերում, որտեղ դժբախտ պատահար է տեղի ունենում։ Չափից դուրս շատ են համընկնող փաստերը, որ համարենք դրանք պատահականություն։ Երկրորդը, օրինաչափություն է, որ բոլոր առանցքային մեղադրյալները կամ կասկածյալները գտնվում են մի տեղ, որը կոչվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այն ժամանակվա իշխանության կողմից Հայաստանի և նրա քաղաքացիների դեմ կատարված «Մարտի 1»-ի հանցագործությունը մենք ի սկզբանե գիտեինք, որ ունի և ներքին, և արտաքին պատասխանատուներ։ Հիմա դրա ուղղակի ապացույց եմ համարում այդ առանցքային գործով անցնող մարդկանց նկատմամբ մոտեցումը Կրեմլի իշխանությունների կողմից, որի իշխանությունն անփոփոխ է մի քանի տասնամյակ շարունակ։ Այստեղ, իհարկե, ժամանակի գործոնը արդեն ստացել է նոր իմաստ։ Ժամանակի գործոն ասելով նկատի ունեմ դատավարության բուն դատաքննության չանցնելը, երբ ուղեկցվում է նման փաստերով՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար, քաղաքական ապաստան ստանալ ՌԴ-ում, մի երկրում, որը հենց քաղաքական հետապնդումների տիպիկ օրինակ է, ապա դա իրապես այս դատավարության հետ կապված ստանում է նոր բովանդակություն, որ ինչ-որ դժբախտ պատահարներ կամ փախուստներ, խուսափումներ, ինքնասպանություններ տեղի ունենան։ Այս իմաստով, իրավապահ մարմինները, նախաքննություն իրականացրած մարմինը, նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնած մարմինը, մեղադրանքը պաշտպանող մարմինը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն առնվազն այլ այնձանց, որոնք դեռևս գտնվում են Հայաստանում, անվտանգության ապահովման ուղղությամբ։ Չնայած, իմ համոզմամբ, փաստերն առավել քան բավարար են, բայց այնուամենայնիվ, պետք է այդ անվտանգության միջոցները ձեռնարկվեն։
Այստեղ խնդիրը ոչ միայն «Մարտի 1»-ն է, տեղի են ունեցել տարբեր բնույթի հանցագործություններ, տեղի են ունեցել հանրային ռեսուրսների յուրացումներ, կոռուպցիոն լուրջ հանցագործություններ, տեղի են ունեցել քաղաքական հետապնդման նպատակով ապօրինի հարուցած քրեական գործեր, որոնց արդյունքում մարդիկ զրկվել են ազատությունից երկար տարիներ։ Այդ ամենի մեջ նույն մարդիկ են ներգրավված եղել։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն մեկ հանցագործության հետ գործ ունեն այդ մարդիկ, այլև այդ ժամանակ պետությունը զավթած խմբի կողմից տարբեր ապօրինությունների մեջ են ներգրավված եղել։ Դա պայմանավորված էր իրենց զբաղեցրած պաշտոնական դիրքով՝ ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, քրեակատարողական ծառայություն, դատարաններ։ Այնպես որ, այստեղ բավական լուրջ հարցեր կան այդ հանցագործությունների քննության հետ կապված, որոնց վերաբերյալ նույնպես պետք է հարուցվեն քրեական գործեր, և քննություն իրականացվի։ Այստեղ, իրապես, պետության անվտանգության հետ կապված հարցեր կան, որովհետև հանցագործությունների չբացահայտելը, դրանց կատարման մեխանիզմների չբացահայտելը, մեղավորներին պատասխանատվության չենթարկելը տեղ է թողնում, որ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի պահի նույն այդ մեխանիզմները նորից գործի դրվեն, կամ այդ մեխանիզմներն իրականացրած մարդիկ վերսկսեն գործել։ Այստեղ կան ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման գործընթացի հետ կապված մտահոգություններ։
Կան կարծիքներ, որ եթե այսպես շարունակվի, մենք շատ երկար ժամանակ չենք ունենա այդ գործի բացահայտումը կամ առհասարակ այս առանցքային վկաների Հայաստանում չլինելու դեպքում գործը փակուղի է մտնում։ Համամի՞տ եք։
Ես չեմ կարծում, որ փակուղի կմտնի, ուղղակի իրենք կխուսափեն պատասխանատվությունից, իսկ քրեական գործի համար էական նշանակություն ունեն ոչ միայն այդ պոտենցիալ կասկածյալների կամ մեղադրյալների առկայությունը, այլ նաև նրանց գործողություններից տուժածների և այլ վկաների առկայությունը, իսկ նրանք ոչ թե նեղ ինչ-որ շրջանակներում կատարված հանցագործություններ են, այլ այնպիսի հանցագործությունների հետ գործ ունենք, որոնք վերաբերվել են ամբողջ պետությանը։ Դա պայմանավորված է եղել այդ հանցագործությունը կատարած անձանց պաշտոնով, դիրքով։ Նրանց գործողությունների հետևանքներն ազդել են ամբողջ պետության վրա, որպեսզի հնարավոր լիներ այդ ամենը կոծկել։ Եթե Հիտլերը կամ Գեբելսը ինքնասպանություն գործեցին, կամ նացիստական որոշ պարագլուխներ կարողացան խուսափել պատասխանատվությունից, դա ամենևին չխոչընդոտեց, որ Նյուրնբերգյան դատավարությունը տեղի ունենա։
Այսինքն՝ բացահայտումն անխուսափելի կլինի՞։
Այո, պարզապես այդ մարդկանց մասով դատաքննությունը կարող է կասեցվել, քանի որ նրանք դեռևս չեն վերադարձել։
Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրինագիծը։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում դատաիրավական բարեփոխումները։
Ես դա ի սկզբանե համարել եմ շատ տրամաբանական, և դա ամբողջովին տեղավորվում է պետության զավթումից ժողովրդավարական և իրավական պետության անցման ժամանակահատվածում անհրաժեշտ նվազագույն քայլերի մեջ՝ անցնցում և կտրուկ անցում ապահովելու համար։ Իհարկե, ավելի արմատական լուծում կլինեին սահմանադրական փոփոխությունները, որոնք կարելի էր սկսել ոչ թե 2020 թվականի փետրվարին նոր ստեղծվելիք խմբի կողմից, այլ օրինակ 2019 թվականի փետրվարին։ Մենք կարող էինք արդեն ունենալ Հայաստանի՝ որպես իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության այն եզակի Սահմանադրությունը, որը կունենար բացառիկ վստահություն հանրության կողմից, և որը կապահովեր իշխանությունների տարանջատման և փոխզսպումների սկզբունքները։ Գործող Սահմանադրությունն իր բովանդակությամբ պետության զավթման տրամաբանությամբ է ձևավորվել, և այն չի կարող պիտանի լինել դեպի ժողովրդավարական և իրավական պետության անցման համար։ Սա ակնհայտ է, և ինչքան շուտ այդ լուծումը տրվեր, այնքան լավ։ Դա միակ այն առանցքային լուծումն է, որի հիման վրա ըստ ոլորտների կարելի է շատ հստակ, տեսանելի, որոշակի և հիմնավոր լուծումներ տալ։ Ոչ թե ընկնել հատվածային լուծումների հետևից, որը, ցավոք սրտի, տեսնում ենք, որ թե ժամանակի, թե ռեսուրսների տեսակետից անարդյունավետ է։ Դա դանդաղեցնում է այդ անցումը։ Նկատի ունեմ պետության զավթումից դեպի իրավական, ժողովրդավարական պետության անցումը։