Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սա առաջին մեծ դասն էր. Ինքնաբավարարված պաշտոնյան պետք է հրաժարական տա

January 31, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունում փակ հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պարգևավճարների հարցով հրավիրել էին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Նշվեց, որ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ևս կկանչեն: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, որ սկզբում նշում էին, որ պարգևավճարներ տալը օրենքով սահմանված է, սակայն ավելի ուշ այդտեղ խնդիր տեսան:

 

Կարևոր է արձանագրել, որ հանրային վերաբերմունքը եւ քննադատությունն իրենց ազդեցությունն ունեցան: Այդուհանդերձ կան բաց հարցեր, նախ մենք այդպես էլ չգիտենք, թե այդ այսպես կոչված փակ քննարկման ժամանակ ինչ հարցեր են տրվել, ինչ պատասխաններ են ստացվել և ընդհանրապես, ինչ են որոշել: Այսինքն այստեղ կա թափանցիկության և հաշվետվողականության խնդիրը, որը չի լուծված: Երկրորդ, այնուամենայնիվ այդ աղմուկը բարձրացնելու առաջին օրերին ավելի շատ գերիշխում էր ինքնապաշտպանության պահվածքը, փորձելով ներկայացնել, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում: Հանրային կարծիքից ու քննադատություններից իշխանությունը չպետք է ինքնապաշտպանվի: Հանրությունը իշխանությանը տվել է մեծ լեգիտիմություն, այդ նույն հանրությունից ինքնապաշտպանվելու, անջրպետվելու որևէ վարքագիծ, որևէ նման մոտեցում ու գործելակերպ չպետք է ունենա իշխանությունը: Դա անընդունելի է լեգիտիմ իշխանության համար: Հաջորդը, մենք ակնկալում ենք ոչ միայն քննարկումներ, ոչ միայն դրանց վերաբերյալ տեղեկություններ, այլ ակնկալում ենք բաց հրապարակային քննարկումներ: Ի՞նչ ունեն թաքցնելու, այնտեղ ոչ պետական գաղտնիք կար, ոչ ծառայողական գաղտնիք կար և չէր էլ կարող լինել, քանի որ խոսքը հանրային ռեսուրսների բաշխման մասին է: Մենք ակնկալում ենք ոչ միայն քննարկում, այլև քայլեր կոնկրետ խնդրի լուծման ուղղությամբ: Կան օրենսդրական կարգավորման հարցեր, և կա նաև սխալներն ընդունելու, հրապարակային քաջության պահվածքի անհրաժեշտություն և սոցիալական անարդարությանը նպաստող գործոնների վերացում: Իսկ այնտեղ, որտեղ օրենքի խախտումներ թույլ են տրվել, նաև այդ խախտումների վերացմանն ուղղված կոնկրետ քայլեր են ակնկալվում: Իշխանությունը պետք է քաջություն ունենա ընդունելու իր սխալը, հայտարարել՝ ես սխալվել եմ: Այստեղ խնդիրը ոչ միայն օրենքի նորմերի խախտման, այլ առավել քան սոցիալական արդարության սկզբունքի ապահովման գործելակերպի և այդ դիրքերից սխալները ընդունելու քաջության հարցն է: Սա առաջին մեծ դասն էր, որ իշխանությունը պետք է արժանապատվորեն դիմանար ու տաներ: Հույս ունեմ, որ դասերը կքաղեն:

 

ՊԵԿ նախագահը այդ փակ հանդիպումից հետո հայտարարել է, որ չգիտեմ՝ պատգամավորները բավարարված էին, թե ոչ, բայց ինքն իրենից, իր պատասխաններից բավարարված է:

 

Ինքնաբավարարված պաշտոնատար անձինք որևէ տեղ չունեն իշխանության մեջ: Ինքնաբավարարվածները կարող են գնալ հանգստանալ իրենց տներում: Նա ոչ թե պետք է ինքնաբավարարվի, այլ հանրությունը պետք է իրեն բավարարված զգա պաշտոնատար անձանց ու իշխանության գործողություններից: Դա համարում եմ անպատասխանատու, ցինիզմի հասնող անհարգալից վերաբերմունք հանրային այն դիրքորոշումներին ու քննադատություններին, որը դրսևորվեց: Համարում եմ անհարգալից վերաբերմունք դեռևս աղքատության մեջ գտնվող անձանց նկատմամբ:

 

Այստեղ կարևոր մի հանգամանք ևս նշեմ. Իհարկե, այս քննադատությունները, որոնք արդարացի և օբյեկտիվ են, որևէ ընդհանրություն չունեն իրենց ժամանակը սպառած, այլևս պատմություն դարձած նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչների քննադատությունների հետ: Պետք է կարողանալ տարբերակել և չփորձել այս քննադատությունները տեղավորել կամ դրանց վերաբերվել որպես հնարավոր աջակցություն նախորդ կոռումպացված ռեժիմի հիստերիային: Ավելին, պատասխանատու իշխանությունները պետք է կարողանան տարանջատել սեփական պատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ իր հարաբերություններից, որը կարող է ունենալ քաղաքական ընդդիմախոսների կամ քաղաքական այլ ուժերի հետ: Ավելին, ինքը պետք է կարողանա իր պատասխանատու գործունեությամբ տեղ չթողնել մանիպուլյացիաների: Բայց ինքնաբավարարված պաշտոնատար անձինք, իմ համոզմամբ, չեն հասկանում և ի վիճակի չեն գիտակցել նման պատասխանատվությունը:

 

Այսինքն ոչ կոմպետե՞նտ պաշտոնյաների հետ գործ ունենք:

 

Ես չասացի՝ ոչ կոմպետենտ, ես ասացի անպատասխանատու և ցինիզմի հասնող մոտեցում է դրսևորվել կոնկրետ ՊԵԿ նախագահի կողմից: Նա իր կառույցում, մաքսակետերում աշխատող անձանց աշխատանքը գնահատելու կարողություն անգամ չունի, գիտակցումը, որ այնտեղ մարդիկ կոնկրետ աշխատանք են կատարում: Տեղեկություն տարածվեց, որ մաքսատան աշխատակիցները պատրաստվում են բողոքի ցույցեր կազմակերպել, քանի որ իրենք զրկվել են պարգևավճարներից, դա խոսում է այն մասին, որ ինքը նույնիսկ իր համակարգի աշխատողների հանդեպ չունի հարգալից ու պատասխանատու վերաբերմունք: Իսկ սեփական քարտուղարուհուն 2 մլն դրամի պարգևավճարի մասին որևէ մեկնաբանություն չտալը, պարզաբանումներ չտալը հենց ինքնաբավարարված, ինքնասիրահարված անձին բնորոշ գործելակերպ է, և նա պետք է հրաժարական տա:

 

Ֆինանսների նախարարության հետ կապված էլ պարգևավճարների մեծ թվեր ներկայացվեցին: Որքան էլ օրենքը դա թույլ տա, որքանով կարող է իշխանության համար դա արդարացում լինի:

 

Այդ օրենքները ձևավորվել էին նախորդ իշխանության կողմից և բոլորովին այլ տրամաբանություն ունեին: Նախորդ իշխանության կողմից ձևավորված նման օրենքներից օգտվելը, որոնք տալիս են արտոնություններ, նշանակում է նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն: Պետք է զուսպ լինեին, հրաժարվեին նման բովանդակություն ունեցող օրենքի նորմերի կիրառումից, և ոչ ոք դրա համար իրենց չէր մեղադրի, թե ինչու այդ օրենքը չեք կիրառել: Իսկ վկայակոչել, որ նման օրենք կա… փոխեք օրենքը: Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ դա հաստատված է եղել նախորդ տարվա բյուջեով. Փոխեիք ավագանու նիստում բյուջեի կառուցվածքը: Այստեղ որևէ արդարացում չկա: Իհարկե, կան կառույցներ, որոնք այդպես ցինիկ չեն պահում իրենց, շատ ավելի զուսպ ու պատասխանատու են պահում իրենց:

 

Այս արձագանքը ցույց է տալիս, որ այսուհետ հանրությունը զսպաշապի՞կ է լինելու իշխանության համար և սա դա՞ս կլինի նրանց համար:

 

Այս իշխանության կարևոր հատկությունն այն է, որ հանրային կարծիքի նկատմամբ շատ զգայուն է, և սա նոր իշխանության առավելությունն է: Բայց այդ առավելությունը չպետք է կորցնել: Այսինքն, դա նշանակում է, որ հաջորդ որոշումը կայացնելիս չպետք է հանրության զգայնությունն արթնացնել: Դա նշանակում է, որ հանրությանը նաև պետք է որոշումների կայացմանը մասնակից դարձնել, հիմնավորել ամեն մի որոշում: Այս իշխանության լեգիտիմության պաշարը հանրային վստահությունն է, իսկ դա ձևավորվում է հանրությանը բացատրություններ ներկայացնելով, սեփական սխալներն ընդունելով: Սա է բնականոն գործելակերպը, և սրանից ցանկացած շեղում հանգեցնելու է հանրային դժգոհությունների ավելացմանը: Միայն խնդիրը հրապարակայնացնելը քիչ է, նաև սեփական սխալներն ընդունելու ու դրանք ուղղելու կամքը պետք է լինի:

lragir.am

Դիտումներ՝ 1036

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????