Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ
2018 թվականին Վարչական դատարանը վարույթ էր ընդունել քաղաքացի Մ.Բ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանի հայցադիմումը՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացու խախտված իրավունքի վերաբերյալ:
Երկու տարի անընդհատ ձգձգվող փորձաքննությունները, վերափորձաքննություններն ու դատավարությունն, ի վերջո, ավարտվեցին քաղաքացու խախտված իրավունքների վերկականգնմամբ: 2020 թվականի հոկտեմբերի 15-ին դատարանը բավարարեց հայցը: Անվավեր ճանաչվեցին այն որոշումները, որոնցով նա զրկվել էր հաշմանդամության կարգավիճակից:
Մինչև 2017 թվականը Մ.Բ.-ը ուներ հաշմանդամության 3-րդ խումբ՝ պայմանավորված ծանր տիպի շաքարային դիաբետով: 2015 և 2016 թթ.-ին ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓԳ) Երևանի թիվ 2 հանձնաժողովը համապատասխան որոշումներով շարունակում է ճանաչել հաշմանդամության 3-րդ խումբը: Նշենք, որ այդ ընթացքում Մ.Բ.-ի առողջական վիճակում դրական դինամիկա չի նկատվում:
Տարօրինակ կերպով 2017 թ.-ի վերափորձաքննության արդյունքում նույն այդ հանձնաժողովը կայացնում է որոշում՝ չճանաչել Մ.Բ.-ի հաշմանդամությունը: Քաղաքացին զրկվում է 3-րդ խմբից և հասանելիք թոշակից: Սահմանված ժամկետում նա այդ որոշումը բողոքարկում է նաև վերադասության կարգով, բայց ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժինն այն անփոփոխ է թողնում։
Խախտված իրավունքների վերականգնման նպատակով քաղաքացին դիմում է ՀՔԱՎ-ի Երևանի ներկայացուցչություն: Սկզբում ՀՔԱՎ իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ապա՝ Սամսոն Գալստյանը ստանձնում են Մ.Բ.-ի շահերի պաշտպանությունը դատարանում:
Դատաքննության ողջ ընթացքում ԲՍՓԳ-ը առարկում էր հայցի դեմ: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ 2017 թ.-ի վերափորձաքննությամբ Մ.Բ.-ի մոտ չի հայտնաբերվել այնպիսի վիճակ, որը կհանգեցներ կենսագործունեության որևէ տեսակի որևէ աստիճանի սահմանափակման: Նրա մոտ օրգանիզմի ֆունկցիայի չափավոր խանգարումն այնքան աննշան է, որ հիմք չի տալիս հաշմանդամություն և համապատասխան խումբ սահմանելու:
Գտնելով, որ վերոնշյալ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ՀՔԱՎ փաստաբան Ս. Գալստյանը պնդել է պահանջը՝ բավարարել հայցը և սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ:
Իր պնդումը փաստաբանը հիմնավորել է մի շարք փաստարկներով։ Նրա կարծիքով՝ Մ.Բ.-ի վերաբերյալ՝ 2017 թ.-ին կայացրած որոշումն անհիմն է և չի բավարարում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջներին: Օրենքով գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հստակ հիմնավորում: Դրանում պետք է նշվեն նման որոշում ընդունելու բոլոր իրավական հիմքերը:
Բացի նրանից, որ Մ. Բ.-ի նկատմամբ կայացված որոշումը հիմնազուրկ է ու չփաստարկված, այն նաև կազմված չի եղել օրենքով սահմանված կարգով, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում է:
Ս. Գալստյանն իր հայցում վկայակոչել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թ.-ի հրամանով հաստատված ուղեցույցի մի շարք կետեր, որոնցով ամրագրված են հաշմանդամության սահմանման չափորոշիչները: Համաձայն դրանց՝ հաշմանդամության խմբի որոշման համար, ի թիվս շատ գործոնների, էական դեր ունի նաև հիվանդության հիմնական կլինիկական դրսևորումների աստիճանը։ Մինչդեռ 2017 թ.-ի էպիկրիզով Մ.Բ.-ի հիվանդության կլինիկական դրսևորումների փուլերը, ձևերը, աստիճանները չեն որոշվել: Նման պայմաններում հնարավոր չէր եզրահանգել, որ նրա մոտ բացակայում է հաշմանդամություն առաջացնող հիվանդություն։
Նույն ուղեցույցի կետերի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ առողջական ունեցած խնդիրներով ու դրանց բարդության աստիճանով Մ.Բ.-ն, այնուհանդերձ, պետք է ճանաչվեր հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող։
Հիմնվելով ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների վրա՝ ՀՔԱՎ փաստաբանը վերահաստատել է իր պնդումը, որ թե՛ ԲՍՓ հանձնաժողովի, թե՛ ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնի որոշումներն ընդունվել են օրենքի խախտմամբ, հետևաբար՝ ենթակա են անվավեր ճանաչվելու։
Դատարանը, հաստատված համարելով գործով փորձաքննության եզրակացության արդյունքները, հանգել է հետևության, որ Մ.Բ.-ի կենսագործունեության սահմանափակումը համապատասխանում է չափորոշիչներով սահմանված հաշմանդամության 3-րդ խմբի որոշման պայմանին: Նման դեպքում Գործակալությունը պարտավոր էր սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ: Հետևաբար՝ բոլոր մերժումներն իրավաչափ չեն:
Ամփոփելով՝ Դատարանը եզրակացրել է, որ Մ. Բ.-ի հայցը հիմնավոր է և ենթակա բավարարման, քանի որ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հիմնավորված է:
2020 թվականի հոկտեմբերի 15-ին Վարչական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Գևորգ Սոսյանի, բավարարել է Մ.Բ.-ի հայցը՝ պարտավորեցնել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը քաղաքացու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ: Վճռով անվավեր են ճանաչվում նաև հաշմանդամությունը չճանաչելու մասին նախորդ 2 որոշումները: